Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Լիդիան Արմենիա ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսի փոխանցումը կառավարությանը՝ որպես նվիրատվություն: Կառավարության ներկայացուցիչ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքի ներդրումային ծրագիրը խոշոր նախագիծ է, որ կապահովի աշխատատեղեր և բյուջետային եկամուտներ:
Լիդիան Արմենիայի տնօրենը հայտնել է, որ հանքի շինարարությունն ավարտելու նպատակով աշխատանքը կսկսի առաջիկա եռամսյակում, իսկ հանքը կշահագործվի արդեն տարեվերջին:
Սրանով ավարտվո՞ւմ է Ամուլսարի ոսկու հանքի ներդրումային ծրագրի «ոդիսականը», որ շարունակվում է արդեն գրեթե տասը տարի: Հայաստանի համար խոշորագույն ներդրումային ծրագրի կարևորության մասին է խոսում թեկուզ այն, որ դրա հանդեպ պարբերական ուշադրություն էին ցուցաբերում Հայաստանում ԱՄՆ դեսպանները, հայտարարելով, որ Հայաստանի ներդրումային հեռանկարները, ներդրումային վարկը կախված է ներդրումային այդ ծրագրի ընթացքից: Ցավոք, դրա ընթացքը այնպիսին էր, որ Հայաստանի համար ոչ միայն տնտեսական անմիջական հնարավորությունների, աշխատատեղերի, համայնքային զարգացման հնարավորությունների, բյուջետային եկամտի կորուստ էր, այլ նաև ներդրումային վարկի: Սա շատ նուրբ և Հայաստանում մեղմ ասած թերագնահատված հանգամանք է:
Պետության ներդրումային վարկը պետական անվտանգության համակարգի, ճարտարապետության կարևոր բաղադրիչներից մեկն է: Այդ իմաստով, խոշորագույն ներդրումային ծրագրի «ոդիսականը», ըստ էության, նաև իր ազդեցությունն էր թողնում պետության անվտանգային դիմադրողականության վրա, անվտանգային ճարտարապետության ամրության վրա: Այստեղ գուցե այս պահին չարժե ծավալվել առավել մանրամասներով, սակայն բավական է պարզապես նայել քարտեզին և վերջին տարիների իրադարձություններին, այդ հանգամանքի առնվազն մի կարևոր պարագա նշմարելու և պատկերացնելու համար:
Ներդրումային ծրագրի վերականգնումը կվերականգնի՞ Հայաստանի ներդրումային վարկը: Այդ հարցը թերևս չունի միարժեք պատասխան, սակայն անկասկած է մի բան, աներկբա է, որ Հայաստանն ունի ներդրումային խոշոր տնտեսական ծրագրերի կենսական կարիք, հատկապես արդյունաբերական տրամաբանությամբ ծրագրերի, որոնք թույլ կտա Հայաստանի տնտեսությանը հաղորդել «ծանրություն»:
Անկասկած, կոնկրետ պարագայում ավելորդ է խոսել անգամ, որ չափազաննց կարևոր է բնապահպանական վերահսկողությունը: Սա ևս, թե պետության ներդրումային վարկի, թե կառավարման արդյունավետության ցուցիչ է, որովհետև արդյունավետ ու կենսունակ պետությունները խնդիրները լուծում են ոչ թե բացառելով՝ հանքարդյունաբերությունը կամ բնապահպանությունը՝ այլ կարողանալով սեփական շահը համադրել այդ երկու հասկացության «ոսկե միջինում», կազմակերպելով կամ ապահովելով սոցիալապես պատասխանատու հանքարդյունաբերություն և թե՛ տնտեսության, թե՛ շրջակա միջավայրի կայուն զարգացում, այդպիսով կարողանալով համադրել պետական ու հանրային լավագույն շահը:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիների հայտարարագրում – Պարզաբանումներ – 16 Հարց ու պատասխան
ԿԲ-ն ուսումնասիրում է. արդյոք «Թել-Սել» ընկերության գործունեությունը համապատասխանում է իր ունեցած լիցենզիային
Անկում․ հունվարի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են