23/01/2025

Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը. Նժդեհն իր անուն-ազգանունն ու ծննդավայրը ա՞յլ է ներկայացրել

Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է:

Մեծ պետական գործիչ, հրամանատար, ում կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իմ համար Նժդեհն առաջին հերթին պայքարի խորհրդանիշ է, ով ամենաբարդ, ամենադաժան ու ողբերգական իրավիճակներում չէր դադարում պայքարել, լուծումներ գտնել և մեր ժողովրդի կյանքում բեկումնային հաջողություններ գրանցել:

Այսօր էլ մեր երկիրը, ժողովուրդն իր ծանրագույն փուլերից մեկում է, ինչը չի նշանակում, որ պետք է հանձնվել, չպայքարել, հիասթափվել և հետ կանգնել մեր արժանապատվությունն ու հողը պաշտպանելու մեծագույն առաքելությունից:

Փառք մեր բոլոր հերոսներին,

Փառք բոլոր ժամանակներում մեր ժողովրդի պաշտպանության համար մարտնչածներին,

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»:

Ճամբարակում ապրող Հայկ Ավագյանը պնդում է, որ պետական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհն իր պապի հորեղբայրն է եւ ծնվել է ոչ թե Նախիջեւան գավառի Կզնուտ գյուղում, ինչպես ընդունված է կարծել, այլ Ճամբարակում:

Նա նաեւ հավաստիացնում է, որ Գարեգին Տեր-Հարությունյան անուն-ազգանունով հայտնի գործիչն իրականում Օհան Գրիգորյանն է: Մեր զրույցում Հայկ Ավագյանը պատմում էր, որ արդեն տարիներ շարունակ փորձում է ապացույցներ գտնել` գերդաստանի տարբեր անդամներից լսած բանավոր պատմությունները հիմնավորելու համար, որոնք սկզբում միայն շշուկով էին, իսկ անկախությունից հետո` ավելի համարձակ, բայց շարունակ փակ դռների է բախվում, որովհետեւ ոչ ոք ոչինչ փոխել չի ցանկանում: Ավագյանը հավաստիացնում է, որ Նժդեհն իր ծագման մասին տվյալները թաքցրել է` հարազատներին հետապնդումներից պաշտպանելու համար:

«Որ Հայաստանը անկախացավ, Ավագյան Արփենիկ ունենք, իմ հոր հորաքույրն է, ասաց` Հայկ ջան, Գարեգին Նժդեհը մեր բարեկամն է: Հարցրի` ով է Նժդեհը, ասաց` Անդրանիկի պես կռվող մարդ է եղել: Ես չգիտեի դա: Այդ ժամանակ իմացա, որ Նժդեհը սպարապետ է եղել: Իմ եղբոր կինը պիտի ծննդաբերեր, Արփենիկն ասաց` անունը կդնեք Գարեգին, որ Գարեգին Նժդեհին հիշեք: Եղբայրս համաձայնեց»,- պատմեց մասնագիտությամբ վարսավիր Հայկ Ավագյանը, որն էլ Նժդեհի ազգակցականը լինելու մասին բազմաթիվ այլ պատմություններ լսելուց հետո որոշել է բացահայտել ճշմարտությունը: Իհարկե, իրենց ազգանունները տարբեր են, բայց սրա պատճառաբանությունն այն է, որ Գրիգորյանների գերդաստանի մի մասը ապուպապերից մեկի անունով սկսել է Ավագյան ազգանունը կրել: «Գնացի Երեւան, Հայաստանի ազգային արխիվ` Վիրաբյանի մոտ, ասացի` Գարեգին Նժդեհը Ճամբարակից է` Օհան Գրիգորյան Սարգսի: Ասաց` Հայկ ջան, համաձայն եմ, բայց տարեց մարդիկ մնո՞ւմ են: Ասացի չէ` ես եմ մնացել (էն ժամանակ արդեն Ավագյան Արփենիկը մահացել էր): Ասաց` փաստեր ունե՞ս, ասի` Գարեգին Նժդեհի գերդաստանի տոհմածառն է, ինքն ունի չորս եղբայր եւ երկու քույր: Ասաց՝ Հայկ ջան, չի լինի: Տարեց մարդիկ եթե լինեին, մենք կաշխատեինք: Պատմությունը ոնց կա, թող այդպես էլ մնա: Եկա «Մայր Հայաստան» ռազմական թանգարան: Տնօրեն Ավագ Հարությունյանին դիմեցի, ասացի` Գարեգին Նժդեհն ինքն է անուն-ազգանունը փոխել: Նա ասաց` չեմ հավատում քեզ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ գրեցի: Պատասխան չստացա: Ազգային անվտանգության ծառայությունից կանչեցին մի օր: Նժդեհի գործերը բերեցին դիմացս դրեցին: Ասում է` քեզ ինչ է հետաքրքիր: Ասում եմ` հետաքրքիր է ինձ իր ծննդավայրը եւ իր եղբայրներն ու քույրերը ովքեր են: Ասաց` մենք մեջը չենք կարող բացել, ցույց տալ: Իսկ գործերի երեսին գրած է` Գարեգին Տեր-Հարությունյան Եղիշի` ծնված 1886 թվականին` Նախիջեւանի Կզնուտ գյուղում: Ուղարկեցին պատմաբան Ռաֆայել Համբարձումյանի մոտ: Ասում է` ինչն է փոխվելու, ինչո՞ւ ես ծախս անում, փորձում ապացուցել, որ Նժդեհը Ճամբարակից է: Մենք գիրք ենք գրել, մենք կինո ենք նկարահանել, արձաններ ենք սարքել, մենք փողոցները Նժդեհի անունով ենք կոչել: Ասում եմ` ոչ, գերդաստանի տոհմածառում պետք է նշվի իր տղայի անունը` Վրեժ Սուքիաս»,- պատմեց Հայկ Ավագյանը:

Պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, որը Նժդեհի կյանքին ու գործունեությանը նվիրված մի քանի գրքեր է հեղինակել, մեր զրույցում եւս պնդեց, որ սպարապետի կենսագրությունը խմբագրելու փորձերն ապարդյուն են, իսկ Հայկ Ավագյանի հետ հանդիպման մասին ասաց, որ չի հիշում: «Դա այնքան անհեթեթություն է, որ դրա մասին խոսել ուղղակի չի կարելի: Որեւէ հիմք չկա: Այդ մարդը ի՞նչ է գրում, որտե՞ղ է գրել, մենք տեղյակ չենք: Սա լուրջ, գիտական խնդիր է»,- նկատեց պատմաբանը: Հետաքրքրվեցինք, թե իր գրքերը գրելիս հիմնվել է արխիվային փաստաթղթերի՞ վրա: «Անպայման, այ սիրելիս, հենց այնպես հո չի կարելի»,- պատասխանեց նա: Ավելի հստակեցնելով հարցը` փորձեցինք պարզել` կա՞ն փաստաթղթեր` կապված Նժդեհի ծննդյան, նրա պատանեկության հետ, որովհետեւ Հայկ Ավագյանը պնդում է, թե նա Ճամբարակից հեռացել է 17 տարեկանում ու նաեւ կարծիք կա, որ մասնագետները հաճախ օգտվել են Նժդեհի ինքնակենսագրական տվյալներից:

«Մի խոսքով, եթե դուք հետաքրքրվում եք դրանով, ես ձեզ կարող եմ իմ վերջին գիրքը նվիրել, ուրիշ որեւէ բան չեմ կարող ասել: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես այդպիսի բաներին տեղ չտալ, որովհետեւ դա անհեթեթություն է, իրոք: Ե՛վ Նժդեհի եղբայրը, ե՛ւ քույրը, ե՛ւ քեռին, բոլորը այնտեղից են, բոլորի հետ խոսել եմ, հարյուր հատ գիրք եմ տպել ժամանակին, Նժդեհին դատի են տվել 1912թ., դատական արձանագրությունների մեջ է ամբողջը գրած, թե ինքը որտեղ է ծնվել, ինչ է արել: Երբ բոլշեւիկները դատեցին, նորից գրեցին, որ նա ծնվել է այսինչ տեղը: Դա այնպիսի մի խնդիր է, որ հնարավոր չէ երկրորդ կարծիք լինի»,- հայտարարեց Ռաֆայել Համբարձումյանը: Այսինքն` իր իմացած փաստերն այնքան հիմնավոր են թվում, որ նույնիսկ չի՞ մտածել խորամուխ լինել, թե մարդիկ ինչ են ասում, ինչու են ասում: «Այ սիրելիս, ես գիտնական մարդ եմ, եթե ոչ մի փաստ չկա, ինչ-որ մեկը իր գլխից բստրում, ասում է, ես դրա մասին ի՞նչ մտածեմ: Ուրիշ բան, մի հոդված տպագրած լիներ, որպես հիմք նստեինք, ասեինք` այս մարդը այսպիսի բան է ասում, ինչո՞ւ է ասում»,- արձագանքեց պատմաբանը:

Հավելենք, որ Նժդեհի կենսագրության հետ կապված հեղափոխական պնդումներ անողները նկատում են, որ 21-րդ դարում ենք ապրում, ու կարելի է ԴՆԹ հետազոտության միջոցով պարզել Ճամբարակի Ավագյանների ու Գրիգորյանների հետ նրա արյունակցական կապը: Իսկ առայժմ Հայկ Ավագյանն իր ու Նժդեհի լուսանկարներն է կողք կողքի դնում` ցույց տալու արտաքին նմանությունները:

Նկարում՝ ձախից՝ Գարեգին Նժդեհը, աջից՝ Հայկ Ավագյանը