13/01/2025

Որն է Քի Վեսթի գաղտնիքը

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կարծես, որոշել էր նոր տարում Հայաստանի հանրությանը, բռնատեղահանված հարյուր հիսուն հազար արցախցիներին և աշխարհասփյուռ հայությանը մեծ և բոլոր առումներով անգնահատելի նվեր մատուցել:

Լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում նա բացահայտել է, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին միավորելու և փոխարենը Մեղրին Ադրբեջանին հանձնելու առաջարկության հեղինակային իրավունքը պատկանում է ոչ թե ամերիկացի քաղաքագետ Պոլ Գոբլին, ինչպես տասնամյակներ շարունակ ընդունված էր ասել մեզանում, այլ… Հեյդար Ալիևին:

«1999 թվականին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Ժնևում նախագահ Քոչարյանին առաջարկեց Հայաստանի կազմում ճանաչել Արցախն ու Լաչինի շրջանը, իսկ դրա փոխարեն Ադրբեջանին հանձնել Մեղրին»,- ասել է Օսկանյանը և մանրամասնել.«Երբ նախագահ Քոչարյանը դուրս եկավ հանդիպումից և ինձ ու վարչապետ Վազգեն Սարգսյանին ասաց հայր Ալիևի առաջարկի մասին, մենք միանգամից անդրադարձանք, որ Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից, այլ ոչ, թե որ մենք հանձնելու ենք Մեղրին»:

Օսկանյանը, հավանաբար, ինչ-որ բան տեղը չի բերում. 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնն զբաղեցրած Վազգեն Սարգսյանը, որ քաղաքական փառքի բարձունքում էր, հազիվ թե Ռոբերտ Քոչարյանին Ժնև ուղեկցած և «նախաբաղնիքում» նրա և Հեյդար Ալիևի բանակցությունների արդյունքին սպասելիս լիներ, բայց դա չէ էականը: Գերկարևոր է, որ նախկին արտգործնախարարը խոստովանում է, որ ԼՂ-Մեղրի փոխանակման առաջարկություն արել է Հեյդար Ալիևը:

Վարդան Օսկանյանի երկրորդ և ավելի սկզբունքային բացահայտումն այն է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը, քննարկելով Հեյդար Ալիևի առաջարկությունը, եկել է համոզման, որ նա պատրաստ է հրաժարվել Արցախից, բայց փոխարենը Մեղրին չստանալ, ուստի ինքը նախագահից և վարչապետից ստացել է հանձնարարություն՝ որպես հիմք վերցնել Ալիևի առաջարկը և հասնել նրան, որ առանց ՀՀ-ից ոչ մեկ մետր զիջելու կարողանանք Արցախը Լաչինի հետ դարձնել Հայաստանի մաս:

Եթե Օսկանյանը մինչև վերջ անկեղծ է, ապա պետք է նաև խոստովանի, որ Քոչարյանի թիմը կամ Հեյդար Ալիևին քաղաքական պրոֆանի տեղ է դրել, կամ ինքն է այդպիսին եղել: Մեկ տարի առաջ ԼՂ կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկը մերժած Հեյդար Ալիևը, որ «ծոցագրպանում ուներ» Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ Գործող նախագահի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի համար ամենաբարձր կարգավիճակ էր սահմանում Ադրբեջանի կազմում ինքնավարությունը, ինչու՞ պիտի «հրաժարվեր Արցախից», եթե փոխարենը Մեղրին չպիտի ստանար:

Հարցազրույցում Օսկանյանն ասում է, որ Հայաստանը բանակցել է, որպեսզի ոչ թե Մեղրին, այլ Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ տա, օրինակ՝ կառուցել էստակադա: Բայց «մոռանում է», որ Ալիևն էլ առաջարկել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ «թունել կառուցել» և պնդել, որ Շուշին «ամբողջական Ադրբեջանի հետ պետք է անխոչընդոտ և առանձնակի հաղորդակցություն ունենա»:

Բայց սրանք, ըստ էության, մանրուքներ են: Գլխավորն այն է, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի թիմը, որի առանցքային դեմքերից մեկը Վարդան Օսկանյանն էր, չի փորձել խորանալ Հեյդար Ալիևի առաջարկության ենթատեքստում: Մեկ տարի առաջ Հեյդար Ալիևն ասել էր, որ եթե «Ընդհանուր պետություն» առաջարկին համաձայներ, Ադրբեջանը կկորցներ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ինքնիշխանությունը: Ի՞նչ ավելի մեծ շահ պիտի ունենար նա, որպեսզի համաձայներ, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Լաչինի շրջանը միավորվի Հայաստանին: Այդ «նվիրատվության» գինը մեկը կարող էր լինել՝ Ադրբեջանի և Նախիջևանի կենդանի-ֆիզիկական միավորումը:

Հեյդար Ալիևը, ամենայն հավանականությամբ, հաշվարկել էր, որ Հայաստանը նման զոհաբերության չի գնա: Նրան պետք էր, որ բանակցային օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» թեման ակտուալացվի: Եվ Հայաստանն ընդունի, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր ունի, իսկ ղարաբաղյան խնդիրը ոչ թե ինքնորոշման, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև «տարածքների փոխանակման» հարց է:

Առաջադրված բոլոր հարցերն օրակարգային դարձնելուց հետո Հեյդար Ալիևը Քի Վեսթում «սառը ցնցուղ է մատուցել» և չի ստորագրել բանակցված փաստաթուղթը, որը, ի դեպ, առայսօր հրապարակված չէ: