08/01/2025

Մենք չենք եկել էստեղ ձեզ ծախսի տակ գցենք, այլ ուզում ենք, որ դուք եկամուտ ստանաք. Փաշինյանը՝ Արուճում. Լուսանկարներ, Տեսանյութ

Աշտարակ խոշորացված համայնքի Արուճ գյուղը մեր պատմության նշանավոր բնակավայրերից է: Հայոց պատմության 2018թ. ակադեմիական հրատարակության երկրորդ հատորի առաջին գրքում, որի ընթերցման առիթով նյութ էի հրապարակել երկու օր առաջ, Արուճ գյուղաքաղաքը հիշատակվում է 11 տեղում:

Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Արդեն երկրորդ տարին Արուճի սբ. Գրիգոր եկեղեցում Սուրբ Ծննդյան առիթով հոգեւոր երաժշտության փառատոն ենք կազմակերպում: Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը, 660-ական թվերին:

Եկեղեցին «գմբեթավոր դահլիճ» տիպի գլուխգործոց է համարվում: Արուճում է գտնվում նաեւ Գրիգոր Մամիկոնյանի իշխանական պալատի ավերակը, ինչպես նաեւ հռչակավոր իջեւանատունը:

Արուճի ամենամյա հոգեւոր երաժշտության փառատոնը ոչ միայն սուրբծննդյան կարեւոր իրադարձություն է, այլեւ Արուճի պատմական նշանակությունը եւ զբոսաշրջային պոտենցիալը ընդգծելու լավ առիթ:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին:

Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի ավանդական ուտեստները: