17/01/2025

Տարածաշրջանում բազմաթիվ հետաքրքրություններ Հայաստանի հանդեպ՝ չմասնատեն միայն

Բաքու է մեկնել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Ըստ իրանական Մեհր գործակալության՝ նրա այցի նպատակը հարավկովկասյան ռեգիոնում քաղաքական և անվտանգության հարցերի ամրապնդումն է:

Թե ինչ է նկատի առնվում այդ ամենի ներքո, մնում է միայն ենթադրել: Իրանցի պաշտոնյայի այցը Բաքու համընկնում է Իլհամ Ալիևի հարցազրույցին, որում նա Հայաստանի հասցեին հնչեցրել է հոխորտանք, որը էապես առնչվում է հարավկովկասյան քաղաքական ու անվտանգային հարցերին լայն իմաստով:

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը չպետք է խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Իրանի համար դա, անշուշտ, զգայուն հայտարարություն է: Իհարկե, բարդ է ասել, թե որքանով հավաստի կլինի եզրակացնել, թե հենց Ալիևի հարցազրույցն է դարձել իրանցի պաշտոնյայի այցի պատճառ, թեև այդ հարցազրույցում Իլհամ Ալիևը նաև ուղիղ կշտամբանքներ է հնչեցրել նաև Իրանի հասցեին:

Այդուհանդերձ, ժամանակագրական հաջորդականությունը խոսուն է, հատկապես, եթե այդ ամենը դիտարկենք ավելի լայն և ընդգրկուն նշանակության մի իրողության համատեքստում, ինչի մասին արդեն խոսել ենք՝ սպասվող ռուս-իրանական մեծ պայմանագիր:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ իրանական կողմը, անոնսավորելով Մասուդ Փեզեշքիանի այցը Մոսկվա, նշել է, որ դրանից առաջ Փեզեշքիանը լինելու է նաև Տաջիկստանում: Տաջիկստանը Կենտրոնասիական ռեգիոնում ըստ էության միակ «ոչ թյուրքալեզու» պետությունն է: Այդ իմաստով, բավականին հատկանշական է, որ մեծ Ռուսաստանի հետ մեծ պայմանագրից առաջ Իրանի նախագահն այցելում է Տաջիկստան:

Ռուս-իրանական պայմանագիրը ունենալու է թերևս իր «ռեգիոնալ պրովայդերների» շերտը: Եվ այդ իմաստով կարող է առկա լինել հարցը, թե այդ պայմանագրի ստորագրման պարագայում ո՞վ է լինելու Հարավային Կովկասում այդ պայմանագրի դե ֆակտո ռեգիոնալ «պրովայդերը»:

Հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում որևէ ֆորմալ կարգավիճակի, այլ պարզապես իրողությունների քաղաքական էության: Հայաստանի հասցեին հոխորտանքով Ալիևը փորձել է խոսակցությո՞ւն բացել Ադրբեջանի «պրովայդերության» շուրջ, թե՞ պարզապես «ապստամբում» է այն հանգամանքի դեմ, որ քաղաքական առումով այդպիսին կարող է դիտվել միայն Հայաստանը, եթե կնքվի պայմանագիրը:

Ի դեպ, ուշադրության է արժանի այն, որ հունվարի 8-ին իր ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օրակարգում չկա Հայաստանից ռուսական ռազմակայանը դուրս բերելու հարց՝ միաժամանակ նշելով նաև, ընդ որում՝ կարծես թե պաշտոնական Երևանից առաջին անգամ, որ Թուրքիան հայ-թուրքական կարգավորումը կապում է Հայաստան-Ադրբեջան գործընթացի հետ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ դա ասում է դեկտեմբերի 31-ին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ իր հեռախոսազրույցի հիմքով: