21/01/2025

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը «պատրաստակամություն են հայտնել շփվել հանդիպման շրջանակներում, սակայն այս ուղղությամբ դեռ հստակություն չկա»:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ «երկու քաղաքական առաջնորդների հանդիպման համար ոչ մի նախապայման հարկավոր չէ»:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը պահանջում է Վաշինգտոնի ցանկությունը և քաղաքական կամքը»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումներին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստության մասին։