21/01/2025

Թուրքիայի նպատակը․ Եթե Բալկանները ճանապարհ են դեպի Եվրոպա, ապա Կովկասը ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա

Եթե Բալկանները ճանապարհ են դեպի Եվրոպա, ապա Կովկասը ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա, հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը՝ խոսելով Թուրքիայի համար Կովկասի կարևորության մասին:

Նա այդ մասին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալիքի համատեքստում, որ արտահայտել է 2025 թվականի առնչությամբ: Կովկասի նշանակության մասին Ֆիդանի արձանագրումը, իհարկե, որևէ կերպ նորություն համարել հնարավոր չէ:

Այն, որ Անկարան Կովկասը դիտարկում է ճանապարհ կամ դարպաս դեպի Կենտրոնական Ասիա, բավականին ակնառու է: Ըստ այդմ՝ շատ թափանցիկ է նաև, թե ինչպիսին են Կովկասի ստատուս քվոյի վերաբերյալ Թուրքիայի պատկերացումները:

Անկարայի համար բառի բուն և պատկերավոր իմաստով կարևոր է այդ ճանապարհի հանդեպ գերակայությունը: Եթե գերակայությունն իրենը չէ, ապա դա նշանակում է, որ Անկարայի համար ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա «փակ» է, կամ առնվազն «կիսաբաց»:

Ֆիդանն արտահայտել է Անկարայի ստրատեգիական պատկերացումը, որից հնարավոր է նաև եզրակացնել, թե ինչպիսին են Թուրքիայի պատկերացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես ասած կարգավորման կամ խաղաղության գործընթացի բովանդակության վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ի պատասխան Թուրքիայի և Ադրբեջանի միջև «պատնեշ» չլինելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունների, արձանագրում է, որ Հայաստանը չի ուզում լինել որևէ պատնեշ, այլ ունենալ բաց ճանապարհներ, որից կշահեն բոլորը:

Սակայն Հայաստանի «պատնեշ» չլինելը Թուրքիայի համար հազիվ թե լինի բավարար: Թուրքիայի համար դա նվազագույնն է, իսկ Կովկասի ամբողջական իմաստի ու նշանակության համար Անկարային պետք է, որ Հայաստանը լինի ամբողջապես կառավարելի կամ վերահսկելի:

Այդ պարագայում է, որ Անկարան կհամարի ապահովված այն իմաստը, որ Կովկասի համար նկարագրում է Ֆիդանը: Այդ առումով, Հայաստանի ռազմավարական մարտահրավերը պատնեշ չլինելը չէ, այլ հավասարակշռության միջավայր ձևավորելը: