21/01/2025

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացման շուրջ Ադրբեջանի խաղերը

Եվրամիության անվտանգության ու արտաքին հարաբերությունների հարցերի հանձնակատար Կայա Կալասն առաջարկում է Եվրոպական Միության խորհրդին երկարաձգել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ևս երկու տարով:

Այդ մասին հայտնել է նրա պաշտոմական ներկայացուցիչը: Եվրոպական Միության խորհուրդը առաջիկայում կքննարկի այդ առաջարկը: ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը ավարտվում է փետրվարին:

Ադրբեջանը այդ առաքելության հեռացումը դիտարկում է Հայաստանի առաջ դրվող պայման, որպես խաղաղության համաձայնագրի կետ՝ բացառել սահմանին երրորդ երկրների տեղակայում:

Հայաստանն ինչպես հայտնի է առաջարկում է Բաքվին դիտորդներին հեռացնել այն հատվածներից, որոնք սահմանազատված ու սահմանագծված են: Բաքուն այդ առաջարկին չի տվել հոդաբաշխ արձագանք՝ համաձա՞յն է, թե՞ ոչ:

Բայց, հաշվի առնելով այն, որ կրկնում են պայմանը, պետք է եզրակացնել, որ Ադրբեջանը դնում է այսպես ասած առանց նախապայմանի հեռացնելու խնդիր: Բայց արդյո՞ք գործնականում հենց դա է Բաքվի խնդիրը, թե՞ պարզապես ԵՄ դիտորդների տեղակայման շարունակության մասին որոշման հարցում Եվրամիությանն այսպես ասած գին ներկայացնելը:

Այդ համատեքստում, էական հարց է, թե արդյո՞ք Բրյուսելը կամ ԵՄ մայրաքաղաքները դիտարկելով հարցը, հաշվի կառնեն Ադրբեջանի դիրքորոշումը: Մեծ հավանականությամբ Բաքուն կփորձի այդ հարցում գործի դնել Եվրամիության անդամ այն երկրներին, որոնք սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ:

Օրինակ՝ Հունգարիան, որը նաև Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ է: Վիկտոր Օրբանն ըստ ամենայնի դիտորդների հարցի քննարկումներում կլինի Իլհամ Ալիևի, և չի բացառվում նույնիսկ՝ Ռեջեփ Էրդողանի ներկայացուցիչը:

Այս հանգամանքը էական է, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ըստ ամենայնի կարող է առաջարկել առաքելության կազմ Թուրքիայի ներկայացուցիչների ներգրավում, որպես այսպես ասած իր համար վստահության գործոն:

Համենայն դեպս, Ադրբեջանի մի քանի հայտարարություններ, որ հնչել են այդ ընթացքում, հուշում են այդպիսի մարտահրավերի հավանականության մասին: Հազիվ թե Իլհամ Ալիևը միայն Ռուսաստանին կամ Իրանին «գրգռելու» համար է հայտարարում, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Կանադայի ներկայացուցչի ներգրավումով փաստացի դառնում է ՆԱՏՕ առաքելություն:

Չէ՞ որ ԵՄ առաքելության կազմում առանց Կանադայի էլ ըստ էության ՆԱՏՕ անդամ երկրների ներկայացուցիչներ են, հետեւաբար ինչո՞ւ «հղում» անել Կանադային: Որովհետև Կանադան ԵՄ ոչ անդամ երկիր է, որ ներգրավված է առաքելության կազմում՝ մեկ դիտորդով:

Ադրբեջանական կողմն ըստ ամենայնի կարող է այդ հանգամանքը հիմք ծառայեցնել նաև Թուրքիայի ներգրավում առաջարկելու համար, ինչի նկատառումով էլ հենց թերևս Բաքուն ձևավորում է «ՆԱՏՕ առաքելության» խոսույթ:

ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկու տարով երկարաձգելու առաջարկի մասին ԵՄ պաշտոնական աղբյուրը տեղեկություն հանրայնացնում է Բաքու և Երևան՝ ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի այցից հետո, որի ընթացքում Գրոնոն հանդիպումներ է ունեցել նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Ժամանակագրական այդ հաջորդականությունը կարո՞ղ է հիմք լինել եզրակացնելու, որ Գրոնոյի այցի ընթացքում քննարկվել են նաև առաքելության հետ կապված հարցեր, որից հետո ԵՄ-ն հանրայնացրել է արտաքին հարաբերությունների հանձնակատարի առաջարկը: