Հայաստանը կարող է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հավանականությունը: Առկա իրավիճակում, իհարկե, դա տրամաբանական և քաղաքական առումով նպատակահարմար դիրքորոշում է: Բայց այդ քայլը չի փակում Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Ոչ թե այն ակնկալիքով, որ ԵԱՀԿ անդամ պետություններից մեկը կամ մի քանի պետություն կարող են չհամաձայնել Հայաստանի և Ադրբեջանի միջնորդությանը, իսկ եթե կոնսեսուս չձևավորվի, ապա որոշում չի ընդունվի, այլ այն իրողության հիմքով, որ, չնայած Իլհամ Ալիևի «խորախորհուրդ դիտարկումներին» և հոխորտանքներին և ի հակակշիռ դրանց՝ Ադրբեջանի ներպետական օրենսդրության իմաստով Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ «Շուշի կենտրոնով մարզային լայն ինքնավարություն»:
Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարել է 1991թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ: Այն ուժը կորցրած է ճանաչել Խորհրդային Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հուլիսի 7-ի «Ինքնավար Լեռնային Ղարաբաղ հռչակելու մասին» Դեկրետը, որով «Ղարաբաղի հայկական մասից», ինչպես ձևակերպված է փաստաթղթում, կազմավորվել է ոչ թե «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ», այլ «Ինքնավար Լեռնային Ղարաբաղ», որի հողը, ջուրը, անտառները, նյութական մյուս բոլոր արժեքները ճանաչվում են «ներկա տերերի սեփականություն»:
Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի այդ որոշումն իրավական ուժ չունի: Նախ, երեք օր անց Հայաստանի Գերագույն խորհրդի հայցի հիման վրա ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն այն ճանաչել է Խորհրդային Միության սահմանադրությանը «ոչ համապատասխանող»:
Երկրորդ, ԼՂ ինքնավար կարգավիճակն ամրագրված է Ադր. ԽՍՀ վերջին՝ 1978թ. սահմանադրությամբ, իսկ Գերագույն խորհուրդը սահմանադրական փոփոխություն կատարելու որոշում չի ընդունել:
Բայց եթե անգամ այս հիմնավորումներից վերացարկվենք, ապա ԼՂ ինքնավարության լուծարումն իրավականորեն առ ոչինչ է նրանով, որ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով և մարզային լայն ինքնավարությամբ «թողնվել է» Ադրբեջանի կազմում:
Այլ միջազգային, միջպետական փաստաթուղթ, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի սահմաններում, գոյություն չունի: Ինչ ձևակերպումներ էլ որ Իլհամ Ալիևն օգտագործի, Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրավական պատկանելիության հիմք, քան բոլշևիկյան Ռուսաստանի կուսակցական մարմնի վերաբերյալ որոշումն է, վկայակոչել չի կարող:
Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության լուծարման ակտն ընդունողները դա գերազանց գիտեին, ուստի իրենց սրբություն սրբոց՝ ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի վճիռը չեն բեկանել, ոչ իրավական կամ ուժը կորցրած չեն ճանաչել:
ԵԱՀԿ Մինսկի խումբն ստեղծվել է Ադրբեջանի խնդրանքով: Ընդ որում, ԵԱՀԽ/ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի 1992 թ. մարտի 24-ի որոշումը դե-ֆակտո ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները, երբ գումարվելիք Մինսկի խորհրդաժաղովում շահագրգիռ կողմի մանդատով օժտել է նրա «ընտրված ներկայացուցիչներին»:
Եթե Ադրբեջանի նախագահը հետապնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նպատակ, ուրեմն ընդունում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծել ոչ «օկուպացված տարածքներն ազատագրելու», այլ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը բռնաճնշելու, նրան ֆիզիկական բնաջնջման կամ դեպորտացիայի ենթարկելու նպատակով:
Եվ ռազմական գործողությունները ծավալվել են մի տարածքում, որ Ադրբեջանի «կազմում է թողնվել» երրորդ երկրի՝ բոլշևիկան Ռուսասատնի որոշմամբ:
Իրավաքաղաքական այս «քեյսի» առկայությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն Ալիևին համադարման չէ, քանի որ Ադրբեջանի ներպետական օրենսդրության իմաստով Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը լուծարված չէ, շարունակում է մնալ, քանի դեռ այդ երկրի Սահմանադրական դատարանը Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը չի ճանաչել «ապօրինի», «իրավական առումով առ ոչինչ» կամ, գոնե, «ուժը կորցրած»:
Ադրբեջանի նախագահը կգնա՞ նման համարձակ քայլի, կհակադրվի՞ Ռուսաստանին: Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության հիմքը 1920թ. մայիս-օգոստոս ամիսներին հանուն Ադրբեջանի Հայաստանի անկախ պետության դեմ պատերազմն է, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի օկուպացիան: Այդ բարբարոսական պատերազմի հետեւանքով է, որ Լեռնային Ղարաբաղը թողնվել է Ադրբեջանի կազմում, Նախիջևանը՝ հանձնվել, իսկ զարական Ռուսաստանի նախկին Զանգեզուրի գավառը՝ բաժանվել հայկական և քրդական մասերի:
«Գետնի վրա» իրավիճակն, ինչ խոսք, պատմական այս իրողությունները քաղաքական դիսկուրսի առարկա դարձնելու հնարավորություն չեն ընձեռում կամ Հայաստանի իշխանություններին բավարար հետեւողականություն չեն ապահովում:
Բայց դրանից չի հետեւում, թե Լեռնային Ղարաբաղի բռնատեղահանված բնակչության ներկայացուցիչները չեն կարող, իրավասու չեն միջազգային ատյաններում պայքարել ԼՂ սուբյեկտության վերահաստատման համար: Չէ՞ որ նույնիսկ Ադրբեջանի իրավական համակարգն է նման հնարավորություն ընձեռում:
Բաց մի թողեք
Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի ՀՀ-ի, թե Իրանի տարածքով. Ուրալօղլու
Աֆրիկյան պետություններում հեղաշրջում անելով հայտնի եղբայրները կուսակցություն են հիմնել
Էրդողանը կհանձնի՞ Ադրբեջանը, ինչի՞ դիմաց, տարբերակ գրեթե չկա