Հայաստանը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Հայաստանի վարչապետի խոսնակն այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, թե անում է դա մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան:
Վարչապետի խոսնակը նշում է, որ Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, ակնկալում է, որ Ադրբեջանն էլ աներկբա կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջությունը:
Մինսկի խմբի լուծարման դիմումի վերաբերյալ Ադրբեջանի պայմանին Երևանի արձագանքը նորություն չէ: Օրերս Նիկոլ Փաշինյանը շարադրել էր կետեր, որոնք, ըստ նրա, խաղաղության հասնելու բանաձևն են, կամ, եթե պայմանական բնորոշենք՝ ճանապարհային քարտեզը: Դրանում Մինսկի խմբի և համանախագահության լուծարումը վերջին կետում էր: Եթե չկա կոնֆլիկտ, ապա չկա նաև կոնֆլիկտով զբաղվող կառույցի անհրաժեշտություն, «բանաձևում» է Երևանը:
Առկա իրողությունների պայմաններում սա, բնականաբար, ամենևին ոչ ցանկալի, ոչ լավագույն, բայց թերևս օպտիմալ դիրքորոշումն է՝ հաշվի առնելով թերևս այն, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենք չունեն իրենց մանդատի վերադառնալու որևէ ցանկություն:
Դրա բացակայությունն ակնառու է: Ընդ որում՝ այստեղ խնդիրը շատ ավելի խորն է թե բնույթի, թե ժամանակագրության իմաստով: Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի կոլապսը իրեն սկսել է զգացնել տալ դեռևս 44-օրյա պատերազմից, և թերևս նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմից էլ առաջ:
Ակնառու էր, որ այն մոտիվացիաները, որ կային համանախագահության մանդատի ձևավորման հիմքում, աստիճանաբար ենթարկվում են աշխարհաքաղաքական և աշխարհակարգային ճգնաժամին ու տրանսֆորմացիայի հարաճուն հեռանկարին:
Սա Հայաստանի քաղաքականությունն արդարացնելու փորձ չէ ամենևին, սակայն միևնույն ժամանակ հարցի դիտարկումը պահանջում է հնարավորինս ընդգրկուն համայնապատկեր, հետագիծը և ներկայիս իրավիճակը գնահատելու համար: Հաշվի առնելով համանախագահության ձևաչափի այդ հետագիծն ու նաև պատերազմի պարտության և Արցախի լիակատար կորստի հետևանքը, Հայաստանի ներկայիս դիրքորոշումը դառնում է թերևս օպտիմալ:
Այլ հարց է, թե ինչո՞ւ է իրավիճակը հասել պարտության և Արցախի կորստի, և այստեղ, իհարկե, հասարակությունը պետք է դնի այդ ամենի պատասխանատվության հարցը:
Տվյալ պարագայում, եթե դիտարկում ենք զուտ Մինսկի խմբի հարցում Հայաստանի դիրքորոշումը, մենք, իհարկե, ցանկալիով առաջնորդվելու փոխարեն պետք է առաջնորդվենք իրականանալիով: Եվ այստեղ է, որ «բանաձևը» ռացիոնալ է՝ որպեսզի չլինի Մինսկի խումբ ու համանախագահություն, պետք է չլինի կոնֆլիկտ: Որովհետև, երբ կա կոնֆլիկտ, Մինսկի խումբը այն նվազագույն իրավաքաղաքական «նավահանգիստն» է, որտեղ կարող են հանգրվանել Հայաստանի իրավունքները և շահերը:
Սակայն, գլխավոր հարցը հենց այստեղ է: Ի՞նչ է նշանակում կոնֆլիկտ չլինելը: Ի վերջո, կոնֆլիկտ կրող է չլինել դրա հավասարակշռված և փոխզիջումային հանգուցալուծման պարագայում, և կոնֆլիկտ կարող է չլինել պարզապես Ադրբեջանի և Թուրքիայի պայմաններն ընդունելու և այս կամ այն կերպ բավարարելու պարագայում: Ավելորդ է խոսել անգամ, որ երկրորդ պարագան նշանակելու է ոչ միայն կոնֆլիկտ չլինել, այլ չլինել Հայաստան:
Բաց մի թողեք
«Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ» կամ՝ Սամվել Շահրամանյանի ցինիզմի, երախտամոռության «մաստեր կլասսը»
Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի ՀՀ-ի, թե Իրանի տարածքով. Ուրալօղլու
Աֆրիկյան պետություններում հեղաշրջում անելով հայտնի եղբայրները կուսակցություն են հիմնել