Մոր և մանկան առողջության պահպանման հարցը յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի կարևոր առաջնահերթություններից է: Դա է պատճառը, որ համապատասխան գերատեսչությունները քայլեր են ձեռնարկում տարբեր ոլորտներում, որպեսզի թե՛ ապագա մայրիկը, թե՛ նորածին երեխան լինեն առողջ։
Հայաստանի առողջապահության նախարարությունը 2024 թվականից հնգամյա ծրագրով փորձելու է նվազեցնել, օրինակ, կեսարյան հատումներով ծննդաբերությունների թիվը՝ վիրահատական միջամտությունները թողնելով միայն խիստ անհրաժեշտ դեպքերում:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ կեսարյան հատումների թվի ավելացումը միջազգային խնդիր է։
Միջազգային վիճակագրության համաձայն՝ առավելագույն ցուցանիշն այդ մասով ունեն Բրազիլիան, Կիպրոսը՝ 55 տոկոսից ավելի, հարևան երկրներից՝ նաև Թուրքիան։ Ըստ նրա՝ մեզ մոտ 2023 թվականին կեսարյան հատումների դեպքերը կազմել են 39․5 տոկոս․ 2022 թվականի համեմատ գրանցվել է դեպքերի ավելացման դինամիկա։
«Կեսարյան հատման գնալու պատճառները բազմազան են։ Այստեղ պետք է նշել, որ ֆինանսական գործոնը մեծ դեր ունի, և շատ հաճախ որոշ բուժհաստատություններ հենց գումարով շահագրգռված են համաձայնում գնալ այդ քայլին։ Սակայն պետք է նշել, որ կա նաև հոգեբանական գործոնը․ կանայք իրենք են ձգտում այդպես ծննդաբերել՝ մտածելով, որ դա ավելի անվտանգ է, ավելի քիչ է տհաճ զգացումներ առաջացնում, բայց դա իրականությանը չի համապատասխանում. ավելի վտանգավոր է կնոջ և նորածնի առողջության համար»,- շեշտում է մասնագետը:
Նկատենք՝ Հայաստանի որոշ բուժհաստատություններում կեսարյան հատման համար անհրաժեշտ է վճարել 150-ից 250 հազար դրամ, որոշ դեպքերում, սակայն, տատանվում է ծառայության արժեքը։ Երբեմն էլ դա արվում է անվճար։
Բնական ճանապարհով ծննդաբերությունը, ըստ մասնագետի, կապված է ավելի քիչ ռիսկերի հետ։ Եթե կեսարյան հատման դեպքում հղին հիվանդանոցում գտնվում է 72 ժամ, ապա բնական ճանապարհովի դեպքում՝ 48 ժամ, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում։ Այս առումով Մելիք-Նուբարյանը հիշեցնում է մեր երկրի առողջապահական համակարգի ընդունած ռազմավարությունը․ «Բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ, ուստի ճկուն բժիշկը միշտ էլ հիմնավորումներ կգտնի կեսարյան հատման համար։ Ռազմավարությունից կարևոր է, որ կեսարյան հատումների աճը զսպելու համար Առողջապահության նախարարությունը նոր ծրագիր է մշակել և հաստատել, որի մի շարք միջոցառումներ վերաբերում են ֆինանսական բաղադրիչին: Օրինակ՝ ամբողջովին անվճար է դարձել բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ էպիդուրալ ցավազրկումը»։
Միևնույն ժամանակ, մոր և մանկան առողջության համար կարևոր են նաև հղիության ընդհատման դեպքերի բացառումը, եթե դրանք արվում են ոչ բժշկի ցուցումով, ասում է նա։ Լինում են դեպքեր, երբ կինը հղիության ընդհատման համար Հայաստան է գալիս այն երկրներից, որտեղ դա արգելված է․ «Հայաստանում և աշխարհի զարգացած երկրներում հղիության ընդհատումը թույլատրված է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչև 12 շաբաթական հղիությունը դեղորայքներով ընդհատելու ժամկետը կարող է փոփոխվել, այսինքն՝ նախատեսել, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում»։
Սակայն գիտությունը վաղուց ապացուցել է, որ հղիության ընդհատումն առանց բժշկի հսկողության կամ ցուցումի վնաս է առողջության համար։ Մելիք-Նուբարյանը ցավով նշում է, որ եթե կինը չի ուզում այդ հղիությունը, ապա ամեն ինչ անելու է այդ քայլին գնալու համար։ Նա շեշտում է՝ եթե համեմատենք 2011 և 2021 թվականների ցուցանիշները, ապա երկու տոկոսով հղիության ընդհատման դեպքերի աճ ունենք, ինչն էլ լավ ցուցանիշ չէ։
Կեսարյան հատման ռիսկերը ճիշտ չգնահատելու և հղիության ընդհատումը բժշկի հսկողությամբ չիրականացնելը կնոջ մոտ կարող է նաև անպտղության պատճառ դառնալ։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենն ասում է՝ եթե ամուսնական զույգը կամ միասին ապրող տղամարդն ու կինը սեռական հարաբերություն են ունենում 12 ամիս և ավելի, այդ ընթացքում կնոջ մոտ չի առաջանում հղիություն, կարող է արձանագրվել անպտղություն։ Վերջինս նկատում է՝ ամբողջ աշխարհում շուրջ 48 միլիոն զույգ անպտղության խնդիր ունի։
«ԱՀԿ-ն ասում է, որ եթե երկրում անպտղությունը 15 տոկոսից ավելի է, արդեն ճգնաժամային է, կարող է ազդել երկրի ժողովրդագրական ճգնաժամի վրա։ Հայաստանում 2020-2021 թվականներին իրականացրած հետազոտության համաձայն՝ անպտղությունը կազմել է 16․8 տոկոս։ Գործուն ջանքեր են իրականացվում, որպեսզի անպտղության խնդիրը հնարավոր լինի լուծել, վերարտադրողական առողջության տեխնոլոգիաների կիրառումը այժմ շատ լայն տարածվածության է հասել։ 2025 թվականին նախատեսված է, որ 3 հազար 500 ամուսնական զույգերի կտրամադրվեն այդ ծառայությունները, ու կիրականացվի 42 հազար հետազոտություն, սա շատ մեծ ցուցանիշ է և միտված է անպտղության հաղթահարմանը»,- ասում է մասնագետը։
Կենտրոնը մատուցում է ծառայություններ անպտղության հաղթահարման համար, հիշեցնում է տնօրենը։ Այն առաջինն է եղել, արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ են եկել երեխաներ, այն էլ՝ եռյակ, և նրանց 20-ամյակը նշվել է 2024 թվականի փետրվարին։ Կենտրոնում այդ միջոցով հաստատված հղիության դեպքերն էլ այժմ կազմում են 42 տոկոս։
Մերի Խաչատրյան; https://armtimes.com/
Բաց մի թողեք
Այ այսպիսի «ներքին անկայունության պայմաններում» էլ 7 տարի և ավելի աշխատում ենք. Ավանեսյան. Լուսանկար
ՀՀ-ում վարակների բարձր ակտիվության շրջան է, մեծ է վարակված երեխաների թիվը
Նոր մահացու վիրուս է հայտնաբերվել. վարակվել է 38 մարդ Հնդկաստանում