16/02/2025

Հայաստանում կա դրվագային կոռուպցիա. Արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ․ Գալյան

Արդարության վերաբերյալ պատկերացումները երբևէ չեն կարող միանշանակ լինել: Եթե մենք կոնկրետ գործի օրինակով քննարկենք հարցը, ապա գործի ելքով շահագրգռված երկու կողմ է լինում, և ցանկացած որոշման դեպքում այդ որոշումը մի կողմի համար բարենպաստ է լինում, մյուս կողմի համար՝ անբարենպաստ:

Այս մասին ասուլիսի ժամանակ անդրադառնալով արդարության և արդարադատության հոմանիշ լինելու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Վարչապետի մտահոգությունը տեղին է այն առումով, որ բազմաթիվ քաղաքացիներ նախևառաջ դիմում են իրեն. նամակներ են ուղարկում արդարադատության որակի հասանելիության արագության և այլնի հետ կապված: Եթե մենք փորձենք խնդիրները տարբերակել, ես կառանձնացնեի խնդիրներ, որոնք կապված են արդարադատության ուշացման հետ, այսինքն՝ ուշացած արդարադատությունը, իմ պատկերացմամբ, հավասար է արդարադատություն չլինելուն և ոչ պատշաճ արդարադատությանը, ինչը մի շարք ենթախնդիրներով է պայմանավորված. դատավորների, միջդատական վարույթ իրականցնող մարմինների ոչ պատշաճ և ոչ արդյունավետ աշխատանք, որոշ դեպքերում՝ ոչ պրոֆեսիոնալիզմ:

Իսկ ինչ կարելի է անել, որպեսզի խնդիրը հաղթահարվի: Խնդիրը միասնական ստանդարտների սահմանման մեջ է: Այսինքն՝ խոսքը կանխատեսելի արդարադատության միասնական չափանիշների սահմանման հետ է կապված, և կարծում եմ, որ նախարարության՝ որպես քաղաքականություն մշակողի դերը դա պետք է լինի, որպեսզի յուրաքանչյուր դատավարությունով փորձի սահմանել ստանդարտ և մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և դատարանին պարտադրի, որ առաջնորդվեն այդ ստանդարտով: Դրա դերը մեր երկրում հիմնականում պատկանում է վճռաբեկ դատարանին, և կարծում եմ, որ նախադեպային որոշումները այս հարցում մեզ պետք է շատ օգնեն»,- նշել է նախարարը:

Իսկ ընդհանրապես արդարության, արդարադատության հարցի հասցեագրման տեսանկյունից նա կարևորում է հանրության իրավագիտակցության բարձրացումը և հանրության հետ կոմունիկացիան: «Այս առումով հանրային իրազեկման հետ կապված աշխատանքները մոտակա տարիներին պետք է լինեն շատ, որ հանրությունը հստակ տեղեկացված լինի, թե ինչ է արդարադատությունը, ինչ գործառույթներ ունեն այս կամ այն մարմիններն այդ արդարադատության իրականացման հարցում»,- ասել է Սրբուհի Գալյանը:

Անդրադառնալով արդարադատության իրականացման գործում դատարանների դերին՝ նա ասաց. «Ես վստահ եմ, որ արդարադատություն իրականացնելը յուրաքանչյուր դատավորի ոչ միայն առաքելությունն է, այլև պարտականությունն է և պատասխանատվությունը ցանկացած իրավիճակում: Այս կամ այն խնդիրները բարձրաձայնելով՝ չենք կարող արդարացնել արդարադատություն չիրականացնելը: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ես կարծում եմ, որ արդարության և հավասարության սկզբունքից է բխում, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ դատավորները, իմանան, որ որոշակի կոնկրետ դեպքում իրենց որոշակի վարքագիծը բերելու է իքս հետևանքի, իսկ իգրեկ վարքագիծը՝ իգրեկ հետևանքի, և սա բոլորի համար պետք է նույնը լինի»:

Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ:

«Քննչական մարմինները, դատախազությունն այս շղթայի մաս են կազմում, կարծում եմ, որ հենց այդ մարմինների օգնությամբ մենք պետք է հանենք այն բոլոր խնդիրները, որոնք հանգեցրել են այն իրավիճակներին, որոնք հիմա առկա են, և փորձենք քայլ առ քայլ այդ խնդիրները լուծել»,- ասել է նա:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Հայաստանում կա դրվագային կոռուպցիա՝ կրկնելով, որ չկա համակարգային կոռուպցիա։

«Համակարգային կոռուպցիան բրգաձև երևույթ է, երբ բուրգի ստորին հատվածում գտնվող աշխատակիցները՝ լինի որևէ կառույց, թե այլ համակարգ, վերցնում են կաշառք, կամ իրականացվում են այլ կոռուպցիոն գործողություններ։ Այդ կաշառքը աստիճանաբար կարող է հասնել բուրգի գագաթը, որտեղ կարող են հայտնվել նաև բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարները»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն պատմություններին՝ նախարարը նշել է. «Բարեբախտաբար, մենք ունենք այնպիսի պետություն, որտեղ որևէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան պաշտոնյա երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի։ Եվ, հակառակը, նրանք կարող են երաշխավորված լինել, որ քրեական հետապնդում կլինի»,- հավելել է նա։

Նախարարը նաև ընդգծել է, որ կոռուպցիան, որպես երևույթ, եղել է միշտ, այն նավարկում է հասարակությունների զարգացման հետ համընթաց, իսկ երկրներում դրա ծավալներն ու դրսևորումները տարբեր են՝ կախված զարգացածության աստիճանից: