13/02/2025

Դիմում ՄԱԿ-ին․ Ճնշեք Ադրբեջանին, որ հայ ռազմագերիներին ազատ արձակեն

«Շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատության դեմ գործող ոճրագործության մասին: Արդարադատության առաջին պահանջատերը իշխանությունը պետք է լինի, որը նաեւ պատասխանատու է իր քաղաքացիների պաշտպանության համար: Ամբողջ աշխարհից են փաստում՝ եթե ՀՀ իշխանությունը չի պահանջում գերիներին, ոչինչ անել հնարավոր չէ»,- այս մասին հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ ասաց Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը: 

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բաքվում այսօր տեղի ունեցող հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանն ընդառաջ միջազգային կառույցներ հայաստանյան գրասենյակների եւ ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցավ հանրային ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը։ Նշվում է, որ 15 հայերի՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2 հազար 548 դրվագով։

Պահանջագիր՝ ՄԱԿ-ի կառույցներին և անդամ պետություններին՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով

Հաշվի առնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշված ու բնիկ ժողովրդի ամբողջական հայրենազրկումն ու բռնի տեղահանումը Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի կողմից,

Հիմք ընդունելով, որ միջազգային հանրությունը հավաքականորեն ձախողել է Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը,

Արձանագրելով, որ միջազգային հանրության տարբեր ազդեցիկ անդամներ գիտակցաբար աջակցել են Արցախի ու ընդհանրապես հայ ժողովրդի դեմ իրագործված միջազգային հանցագործություններին,

Հիշեցնելով, որ ուղիղ 35 տարի առաջ Բաքվի հայ բնակչությունը ենթարկվեց հերթական կոտորածների, որով փաստացի ավարտին հասցվեց Ադրբեջանի հարյուր հազարավոր հայ բնակչության ցեղասպանությունը,

Նկատի ունենալով, որ հայ ժողովրդի դեմ ցեղասպանական հանցագործությունները շարունակվում են առ այսօր՝ հայ պատանդների ապօրինի ազատազրկման ու շինծու «դատավարություններով», ադրբեջանական բռնազավթման ներքո հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ,

Հայաստանի դեմ նոր ագրեսիայի աճող սպառնալիքներով, հայատյացության ահագնացող քաղաքականությամբ և այլ դրսևորումներով,

Խիստ մտահոգված լինելով Ադրբեջանական պատանդառության տակ գտնվող բոլոր հայերի, այդ թվում՝ քաղաքական բանտարկյալների, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց դեմ տեղի ունեցող վայրագություններով, շուրջ 80 բռնի անհետացած անձանց և հարյուրավոր անհետ կորածների ճակատագրերի ծանր անորոշությամբ,

Փաստագրելով, որ Ադրբեջանում հայերի դեմ տեղի ունեցած և ունենալիք բոլոր «դատավարությունները» ակնհայտորեն միտված են հավաքական պատիժ ու նվաստացում ապահովելու ողջ հայ ժողովրդի դեմ,

Ընդգծելով, որ նույնիսկ այս ամենից հետո ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցները և անդամ պետությունները շարունակում են իրենց անտարբեր ու անարդյունավետ գործունեությունը, որը չի կարող վերացնել հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների հետևանքները և կանխել նորանոր հանցագործությունների կատարումը,

Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ը համարվում է միջազգային հանրության հավաքական դեմքն ու ձայնը,
Հղում անելով միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին՝ ընդունված ՀՀ դիմումների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 7-ին, 2023թ. փետրվարի 22-ին, հուլիսի 6-ին և նոյեմբերի 17-ին՝

Պահանջում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, առանձին կառույցներից և անդամ պետություններից հետևյալը՝

1. Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացող բոլոր հայ պատանդներին:
2.  Նախքան ազատ արձակումը՝ ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում՝ կիրառելով թե՛ մշտադիտարկման և թե՛ պատժամիջոցների ողջ գործիքակազմը:
3. Գործուն քայլեր ձեռնարկել բռնի անհետացած ու անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ:
4. Գործարկել միջազգային մեխանիզմներ Արցախի մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության վիճակի մշտադիտարկման ու պաշտպանության համար:
5. Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի ապահովման ուղղությամբ:

2025թ. հունվարի 17-ի հանրային հավաքի մասնակիցներ, ք. Երևան:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ Բաքվում գերեվարված Արցախի հայ ռազմաքաղաքական գործիչների կեղծ դատավարությունների և դրանց լուսաբանման խնդիրների մասին։ Հայտարարությունը ներկայացված է ստորև։

Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները իրավական չեն

Այսօր  Բաքվում մեկնարկում են գերեվարված Արցախի հայ ռազմաքաղաքական գործիչների կեղծ դատավարությունները: Երեկ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարություն է փոխանցել նաև Ռուբեն Վարդանյանը՝ ահազանգելով մի շարք դատավարական խախտումների մասին. Մասնավորապես.

Վարդանյանի ստորագրությունները կեղծվել են անհայտ բովանդակությամբ ցուցմունքների և այլ ընթացակարգային գործողությունների համար։

Ճնշումներ են գործադրվել նաև փաստաբանի և թագմանչի նկատմամբ այդ փաստաթղթերը ստորագրելու համար

Վարդանյանին և նրա փաստաբանին հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը և հասկանալի լեզվով գործի նյութերին ծանոթանալու համար չի տրվել ողջամիտ ժամանակ։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման հանգամանքները և բաց աղբյուրներում առկա այս և մի շարք այլ տեղեկություններ փաստում են, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական հետապնդում է։

Ապացուցված խոշտանգումների, հայատյացության ընդհանուր կոնտեքստի և ողջամտորեն չհերքվող այլ հիմնարար իրավունքների խախտման համատեքստում որևէ պարագայում չի կարելի իրավական համարել Բաքվում ընթացող դատավարությունները։

Պետք է նկատի ունենալ, որ քաղհետապնդման ենթարկվող գործիչների կողմից նախկինում, ներկայում կամ ապագայում կորզվելիք որևէ ցուցմունք չի կարող արժանահավատ համարվել, քանի որ այն բխում է խոշտանգումից կամ դրա անմիջական սպառնալիքից։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ քաղաքական հետապնդում պետք է համարել ոչ միայն գերևարող պետության կողմից խոշտանգումների և դատավարական իրավունքների խախտումները, այլև քաբանտարկյալների քաղաքացիության երկրի՝ Հայաստանի Հանրապետության կողմից իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների տրամադրումից հրաժարումը։

Այն դեպքում, երբ պետությունը չի գործարկում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ թվում միջազգային իրավական գործիքակազմը, հիմնավոր պետք է համարել նաև Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքական հետապնդում իրականացնելու կասկածը։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ Բաքվի ռեժիմը վերածելու է այդ գործընթացը հակահայկական քարոզչական շոուի՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում լրատվամիջոցներին, մեկնաբաններին, սոցիալական հարթակներում ակտիվ օգտատերերին.

Առավելագույնս զգուշությամբ լուսաբանել գործընթացը, որպեսզի ակամա չնպաստել ադրբեջանական կողմի հակահայկական քարոզչական ուղերձների լրացուցիչ տարածմանը;

Հնարավորինս մանրակրկիտ կերպով ստուգել դատավարության վերաբերյալ՝ ադրբեջանական, ինչպես նաև ոչ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուրերը, զերծ մնալ կասկածելի որևէ նյութ տարածելուց։

Զերծ մնալ հայ քաղբանտարկյալների լուսանկարները, տեսանյութերը տիրաժավորելուց՝ հասկանալով, որ ադրբեջանական կողմը դաշտ է բաց թողնելու միայն այնպիսի տեսաձայնային նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել ի վնաս հայ բանտարկյալների։

Ռաֆայել Իշխանյան; Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն ԻՀԿ նախագահ