«Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել ենք նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր, Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ»,- Բաքվում բանակցությունից հետո հայտարարել է հունվարի 18-ին Ադրբեջան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նա «պատահակա՞ն» է օգտագործում «հասկանում է» ձևակերպումը, այլ ոչ թե ընդունում է կամ աջակցում: Ինչ խոսք, մեկ արտահայտությամբ գնահատելը թերևս կլինի ոչ այնքան ստույգ, սակայն, այդուհանդերձ, ձևակերպումը, որ Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունը, հետաքրքիր է: Հասկանում է, իսկ ընդունում կամ աջակցո՞ւմ է դրանց, այլ կերպ ասած՝ Հայաստանի հանդեպ ադրբեջանական պահանջներին ու պայմաններին:
Ընդ որում՝ դրանք ներառում են նաև թեմաներ, որոնք կապված են Թուրքիայի հետ: Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին այդ հարցում, այլ նույնիսկ թելադրում: Սակայն արդյո՞ք ճշգրիտ կարող են լինել այդ դիտարկումները, թե՞, այդուամենայնիվ, թուրք-ադրբեջանական փոխհարաբերությունը, չնայած «մեկ ազգ երկու պետություն» լոզունգին, այդուամենայնիվ, գործնական մակարդակում շատ ավելի բարդ է ու խրթին, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Ընդ որում՝ դրա օբյեկտիվ պատճառն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այդուամենայնիվ լիովին տարբեր քաշային կատեգորիա, և աշխարհաքաղաքական դիրքի սուբյեկտներ են, որքան էլ Ադրբեջանը ձգտում է ճանաչվել խոշոր տրամաչափի դերակատար գոնե Կովկասում:
Տարբերությունների արձանագրումը կամ դիտարկումը ամենեւին այն մասին չէ, որ Ադրբեջանը չունի Անկարայի լիակատար աջակցություն: Հարցը տվյալ պարագայում ընդհանրապես բառի բուն իմաստով աջակցելու կամ չաջակցելու տիրույթում չէ, այլ թուրք-ադրբեջանական հարաբերության մեխանիկայի, որը, այդուամենայնիվ, ունի սկզբունքային նրբություններ:
Ալիևի համար շատ կարևոր է չկլանվել ամբողջությամբ, որովհետև այդ պարագայում արդեն հենց նրա գինն անձամբ էապես արժեզրկվելու է թե՛ Թուրքիայի, թե՛ գործնականում բոլոր այն դերակատարների համար, որոնց շահերի ուղղություն է Ադրբեջանը:
Իսկ Թուրքիայի համար կարևոր է կլանելը, որովհետև այդ միջոցով ոչ միայն Անկարան հաստատուն դիրքեր կստանա Կասպիցի ավազանում և Կենտրոնական Ասիայում՝ դե ֆակտո, այլ դրա շնորհիվ զգալիորեն կբարձրացնի նաև իր աշխարհաքաղաքական «ինդեքսը»:
Հատկանշական է, որ Ֆիդանի արտահայտությունը հնչում է այժմ, ըստ էության նոր իրավիճակում, երբ հարաբերության նոր որակ և ուղենիշներ են սահմանել Ռուսաստանն ու Իրանը՝ Մոսկվայում ստորագրված պայմանագրով:
Դրանում ոչ մի խոսք չկա Ադրբեջանի մասին, բայց այդ պայմանագիրը անդրադաձեր ունի Կասպիցի ավազանին, դրանում որևէ ռազմական ներկայություն թույլ չտալուն, նաև Կասպիցի ռեգիոնի քաղաքական «հնգանկյուն» ստատուս-քվոյի որևէ փոփոխություն և շեղում թույլ չտալու մասին:
Բաց մի թողեք
Քոչարյանը թող արխիվից հանի ու հրապարակի փաստաթղթի այն կետը, որտեղ նշված է՝ Ղարաբաղը հանձնվում է ՀՀ-ին
Թուրքիան սպասում է իր հերթին, որպեսզի թե ԱՄՆ-ից, թե՝ Ռուսաստանից առավելագույնը պոկի Կովկասի համար
Ալիևը մի օր էլ հանկարծ կհայտարարի, որ Արցախի «երկաթյա բռունցքը» ոչ թե իրենն է եղել, այլ՝ Էրդողանինը