Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դիվանագետի օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով:
Նա ասել է, որ Ռուսաստանը կրկին բախվում է ճակատագրական մարտահրավերների և նրա առաջնահերթ խնդիրն ու սրբազան պարտքն է պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավական արդյունքների վրա հիմնված խաղաղությունը: «Ոչ մի կասկած չկա, որ այդ բարեգութ նպատակին մենք կհասնենք՝ չնայած մեր չարակամների և բացահայտ թշնամիների ոտնձգություններին, որ խաղադրույք են դրել նացիզմի և միլիտարիզմի վերածննդի փաստերի կոպիտ աղավաղման վրա»,- գերատեսչության ղեկավարի խոսքը փոխանցում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Սերգեյ Լավրովը հատուկ շեշտել է, որ Ռուսաստանի նպատակն է Գլոբալ արևելքի և Գլոբալ հարավի երկրներին ոչ միայն դիվանագիտական խողովակներով, այլև Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության առաջնահերթության միջոցով համոզել, որ բազմաբեւեռ աշխարհն այլընտրանք չունի, միայն այդպես է հնարավոր ապահովել ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված՝ բոլոր երկրների իրավահավասարությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դիվանագիտական ծառայության տասնամյակների փորձառություն և բարձրագույն մասնագիտական կրթություն ունի և, ամենայն հավանականությամբ, գիտի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավական արդյունքներն ամփոփված են հենց ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, որ սահմանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և նորմերը:
Ըստ այդմ՝ անդամ պետությունները ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, պարտավորվում են վիճելի հարցերը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, հարգում են ազատ ինքնորոշման, քաղաքական կարգավիճակն ինքնուրույն ընտրելու մեկը մյուսի իրավունքը:
Բայց կոնկրետ Ուկրաինայի դեպքում խնդիրն ավելի «նուրբ», քան եթե Ռուսաստանը պատերազմի մեջ լիներ հետխորհրդային որևէ այլ պետության հետ: Բանն այն է, որ 1945թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կազմավորման փաստաթուղթն ստորագրել է նաև Ուկրաինական ԽՍՀ-ը՝ որպես հիմնադիր և ինքնիշխան երկիր:
Դա Երկրորդ համաշխարհային պատերազմում ուկրաինացիների կրած ահռելի կորուստների և զրկանքների քաղաքական փոխհատուցում էր, ինչին ֆաշիստական Գերմանիան հաղթած մյուս պետությունները համաձայնել են խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի համառ պնդումների և առարկայական հիմնավորումների ճնշման տակ:
Այսօր ստացվում է, որ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը ոտնձգում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, իսկ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ հարգելով ՄԱԿ-ի Կանոնդրությունը, փորձում այդ երկիրը պաշտպանել կամ նույնիսկ ինչ-որ տեղ «հասկանալ Ռուսաստանի մտահոգությունները», առաջարկել փոխզիջումեր, որ, ինչպես հասկացվում է Սերգեյ Լավրովի հայտարարությունից, Մոսկվայի համար անընդունելի են:
«Ներկայիս շփման գծով հրադադարի, բուֆերային գոտու ստեղծման, այնտեղ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի զորքերի տեղաբաշխման մասին խոսք լինել չի կարող»,- նույն օրը գրել է ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության մեկնաբանը և ավելացրել, որ ռուսական զորքերը դանդաղ, բայց հետևողականորեն դուրս են գալիս օպերատիվ այնպիսի տարածություն, որ թույլ է տալիս ծրագրել ցանկացած որակի և մասշտաբի ռազմական գործողություն:
Իսկ արտգործնախարար Լավրովի ուղերձից հասկացվում է, որ Ռուսաստանը հանուն «բազմաբևեռ աշխարհի» պատրաստ է «տոկալ և զրկանքներ կրել՝ ինչպես Հայրենական մեծ պատերազմում»: Չափազանց վտանգավոր է, որ ՌԴ արտգործնախարարն արդեն իսկ սահմանում է աշխարհաքաղաքական «Գլոբալ արևելք» և «Գլոբալ հարավ» բևեռներ:
Այն դեպքում, երբ նման կոալիցիաներ իրականության մեջ չկան, չի դրսեւորվում նաև այդպիսիք կազմավորելու գործընթաց, ՌԴ արտգործնախարարի ասածը հնչում այնպես, ինչպես խորհրդային բանակում նորակոչիկին էին ասում: «Չես կարող՝ կսորովորեցնենք, չես ուզենա՝ կհարկադրենք»:
Բաց մի թողեք
Ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները
Պուտինը մաhափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Ալիևը Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը» ոչ մերժել է, ոչ՝ միանշանակորեն ընդունել