12/03/2025

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատական նիստը:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել: «Մարտի 1»-ի գործով նիստին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը փոխել է Գևորգյանին մեղսագրված՝ հակասահմանադրական ճանաչված, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մասով վերագրված արարքի իրավական գնահատականը:

Նոր մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Գևորգյանը մեղադրվում է նաև խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման համար:

Նախորդ նիստերում մեղադրողը փոխել էր նաև այս գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

2024 թվականի նոյեմբերի 28-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք է ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: