Վերջին շրջանում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բարձր մակարդակի շփումները կրկին ակտիվացել են՝ հատկապես Ուկրաինայի հակամարտության շուրջ։ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի 1.5-ժամյա հեռախոսազրույցը կարևոր քաղաքական ազդակ է, որը կարող է կանխորոշել ոչ միայն Ուկրաինայի ապագան, այլև Անդրկովկասում ուժային բալանսի վերաձևավորումը։
Ուկրաինական հարցը կդառնա գլոբալ առևտրի առարկա։ Թրամփը վաղուց է հայտարարել, որ եթե վերադառնա Սպիտակ տուն, կփորձի հնարավորինս արագ ավարտել Ուկրաինայի պատերազմը։ Այդ տեսանկյունից, նրա և Պուտինի զրույցը կարելի է դիտարկել որպես նախապատրաստական փուլ՝ փոխզիջումների հնարավոր դաշտ ստեղծելու համար։
Ռուսաստանը, սակայն, դժվար թե անվերապահ զիջումների գնա Ուկրաինայի հարցում, եթե դրա դիմաց չստանա ռազմավարական շահույթ այլ ուղղություններով։ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը կամ դրա սառեցումը կարող է լինել Մոսկվայի համար շահեկան, եթե դրա դիմաց Արևմուտքը դադարի իր հակառուսական գործունեությունը հետխորհրդային տարածքներում՝ մասնավորապես Անդրկովկասում։
Եթե Պուտինը համաձայնվի Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման, ապա Մոսկվան կարող է ակնկալել «հակակշիռ»՝ Անդրկովկասում իր կորցրած ազդեցության վերականգնման տեսքով։ Այս հարցում Բելովեժյան պայմանավորվածությունների հիշատակումը տեղին է, քանի որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձգտում է հետխորհրդային տարածքում վերականգնել իր ազդեցությունը։
Հայաստանի ներկայիս իշխանությունը վերջին տարիներին խզել է գրեթե բոլոր ռազմավարական կապերը Ռուսաստանի հետ, ինչը չի կարող անտեսվել Մոսկվայում։ Եթե Անդրկովկասում ռուսական դիրքերի վերականգնման հարցը մտնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի օրակարգ, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա ժամանակի հարց, իսկ Թուրքիան դուրս կբերվի տարածաշրջանից։
Ռուսաստանը Ուկրաինայի հարցով բանակցությունների գլխավոր հակառակորդ ճանաչեց հենց ԱՄՆ-ին , դրանով իսկ բանակցություններից դուրս թողնելով Էրդողանին և Զելենսկուն։ Սա հստակ ազդակ էր, որ Մոսկվան Թուրքիայի հետ իր հարաբերությունները չի դիտարկում որպես վճռորոշ գործոն Ուկրաինայի, ինչու չէ, նաև անդրկովկասի ճակատագրի հարցում։
Այս քայլը կարելի է դիտարկել նաև որպես Թուրքիային կարգի հրավիրելու փորձ, քանի որ վերջին շրջանում Անկարան փորձում է միաժամանակ խաղալ և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ։ Պուտինի այս քայլը կարող է նշանակել, որ Անդրկովկասում ռուս-թուրքական տարաձայնությունները կրկին կխորանան։
Եթե Թրամփ-Պուտին զրույցը իսկապես ներառում էր Անդրկովկասի հարցը, ապա առաջիկայում կարելի է ակնկալել լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր, որը կհանգեցնի Հայաստանի իշխանության փոփոխությանը, որը դարձել է Արևմուտքի և Թուրքիայի կողմնակից։
Եթե Մոսկվան ստանա Թրամփի աջակցությունը Ուկրաինայի հարցում, ապա Անդրկովկասում իր ազդեցությունը վերականգնելու քայլերը երկար սպասեցնել չեն տա և ներկայիս իշխանության գոյատևման հարցը կդառնա խիստ անկայուն։
Բաց մի թողեք
Խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ կտա Ադրբեջանին, իսկ Հայաստանի՞ն ․․․
Հայաստանի հանրությունը վերջը միայնակ է մնալու պատերազմի պայմաններում, առայժմ քնած ենք
Հայստանի մարդասիրական օգնությունը Սիրիային՝ Թուքիայով։ Պատրվակ կլինի, որ բացվի սահմանը