21/03/2025

ԲԿ տեղափոխված 35 շաբաթական ծննդկանի պտուղը մահացած է եղել. 26-ամյա կնոջ մոտ մարմնական վնասվածք է հայտնաբերվել

Փետրվարի 26-ին Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հղիություն 35 շաբաթ, 3 օրեկան, նորմալ տեղակայված պլացենտային տոտալ շերտատում, արյունահոսություն, մահացած պտուղ» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է նաև «Աջ ազդրի մեծ հեմատոմա» ախտորոշումը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա կին է, որը նշված մարմնական վնասվածքը ստացել է մոտ 1 շաբաթ առաջ իրենց բակում լվացքի շորերը պարանին փռելու ժամանակ աթոռից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով: Հիվանդանոց տեղափոխվելու օրը որովայնի շրջանում սուր ցավեր է զգացել և «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է ծննդատուն, որտեղ բուժզննություն անցնելուց հետո ենթարկվել է կեսարյան հատման, սակայն պտուղը մահացած է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին: