22/03/2025

Լավրովն ընդդեմ Պուտինի․ Չէ՞ որ պատերազմն Ուկրաինայով չի ավարտվում

Թրամփ-Զելենսկի «մենամարտից» հետո Ռուսաստանի ոչ միայն պաշտոնական, այլև տեղեկատվա-քարոզչական աղբյուրները խախտեցին «լռության ուխտը»: Արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահը «գործնական է, նրա հետ հեշտ է աշխատել», իսկ պետքարտուղար Ռուբիոյին որակեց որպես «մեղսունակ» դիվանագետի:

Իրավիճակի վերաբերյալ ծավալուն վերլուծական է հրապարակել ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը: Այն կառուցված է վարկածի վրա, որ Սպիտակ տան «ներկայացումը վաղօրոք ծրագրված էր, և խեղկատակ Զելենսկին խաղացել է իրեն վերապահված դերը, որ մշակվել է Լոնդոնում»:

Հեղինակի գնահատմամբ, ամերիկյան դեմոկրատների և «ատլանտյան գլոբալիստների կամ «խորքային կառավարության» շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա»: Զելենսկուն «հանձնրարվել է դեմոնացնել Թրամփին, բացահայտել, որ նա գործարքի է գնացել Պուտինի հետ, դավաճանել է ոչ միայն Ուկրաինային, այլև հավաքական Արևմուտքին»:

Ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, նպատակ է դրված Թրամփին հեղինակազրկել առաջին հերթին ԱՄՆ-ում, ամերիկյան ընտրողին համոզել, որ «նա թույլ է, չի կարող կատարել նախընտրական խոստումները»: Դա թույլ կտա Թրամփի դեմ «Կոնգրեսում ձևավորել ուժեղ ընդդիմություն, որպեսզի հաջորդ ընտրություններում դեմոկրատները վերադառնան իշխանության»:

Հղում անելով եվրոպական «դավադիրների առնձնասենյակներից տեղեկատվական արտահոսքերին»՝ ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմեը, Գերմանիայի ապագա կանցլեր Մերցը և Եվրահնաձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «մտադիր են ստեղծել Ուկրաինայի աջակցության հիմնադրամ», բայց քանի որ ԵՄ անդամ Հունգարիան և Սլովակիան կարող են արգելափակել, նրանք մտադիր են անհրաժեշտ գումարները հավաքագրել են առանձին երկրների «նվիրատվության հաշվին»:

Ըստ հեղինակի, խնդիր է դրված ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինան ռազմաճակատում «դիմանա ևս մի որոշակի ժամանակահատված, որ կարող է տևել վեց ամսից մինչև մեկուկես տարի»: Եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների «հաշվարկներով՝ այդ ժամանակ Կիևը բանակցությունների կգնա ավելի ուժեղ դիրքերից»:

Մեկնաբանը, սակայն, «եվրոպացի դավադիրներին» հիշեցնում է Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարությունը, որ «աշխարհում իրավիճակ է փոխվել, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը ռազմաճակատում հաղթանակներ են տոնում»,- և իր կողմից հավելում, որ ռուսական ռազմական ուժը «կարող է հասնել Օդեսա և Մերձդնեստր»:

Տպավորություն է, թե Սպիտակ տան «սկանդալը» բոլոր առումներով ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև օրակարգից հանում է զորքերի ներկայիս շփման գծով հրադադար հաստատելու ամերիկյան նախաձեռնությունը, իսկ դա ռազմական գործողությունները շարունակելու «լեգիտիմ հիմք» է:

Մոսկվան այդպիսով «Չեմբեռլենին» հասկացնում է, որ նրա, այսինքն՝ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի, հետ ուկրաինական հարցով բանակցելու ոչ մի շարժառիթ չի տեսնում և պատրաստ է ևս վեց ամիս կամ մեկուկես տարի շարունակել պատերազմը: Բայց այդ դեպքում ռուսական կհայտարարվի ինչպես Օդեսան, այնպես էլ՝ Մերձդնեստրը: «Մակրոնը խոսում է Պուտինի հետ շփումները վերականգնելու մասին, բայց գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկում»,- ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարևորագույն հայտարարությունը վերջին օրերի վերլուծաբանական հոսքում ոչ միայն արժանի ուշադրության չարժանացավ, այլև, կարծես, չնկատվեց:

Իսկ նա, անդրադառնալով պատերազմը ներկայիս շփման գծով դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահի առաջարկությանը, ասաց, որ Ռուսաստանը սահմանադրություն ունի և կարող է համաձայնել հրադադարին, եթե Ուկրաինան զորքերը հեռացնի «ռուսական բոլոր տարածքներից կամ առնվազն ստորագրի օկուպացված տարածքների ազատման ժամանակացույցը»:

Հինգերորդ տարին է, ինչ Հայաստանի ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը, նրանց հարող քաղաքագիտական և մեդիա-շրջանակները համառորեն կրկնում են, որ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմն ավելի նպաստավոր պայմաններով կանգնեցնելու հնարավորություն կար, բայց Նիկոլ Փաշինյանը չի ընդունել, որոշել է այն շարունակել:

Հայ քաղաքական գործիչները, փորձագետները և մամուլն, իհարկե, այս տեղեկությունը «մատից չեն ծծել»: Այդ մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նույնիսկ զարմանք հայտնել, թե այդպես էլ չի հասկացել, թե Փաշինյանի համար այդ առաջարկությունն «ինչու՞ անընդունելի էր»:

Քառասունչորսօրա պատերազմում հրադադարի հաստատման առաջին փորձն արվել է հոկտեմբերի 8-ին, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է Սերգեյ Լավրով-Զոհրապ Մնացականյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում, որ շարունակվել է նաև հաջորդ օրը: Արդյունքում ձեռք է բերվել «հումանիտար հրադադարի» համաձայնություն, որը, սակայն, չի պահպանվել նույնիսկ մի քանի ժամ:

Հոկտեմբերի 10-ին ՌԻԱ-Նովոստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հարցազրույց է կազմակերպել և շոշափել ոչ թե «հումանիտար», այլ համընդգրկուն հրադադար հաստատելու հավանականության հարցը:

Իլհամ Ալիևը պատասխանել է, որ պատրաստ է կրակի անհապաղ դադարեցման հրաման տալ՝ հենց որ կստանա «Հայաստանի վարչապետի ստորագրությամբ հաստատված՝ օկուպացված բոլոր տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման ժամանակացույցը»: Ալիևն, ընդսմին, ավելացրել է, որ «այս անգամ Շուշին չենք մոռանա»:

Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրման լավրովյան նախապայմանը գրեթե բառացի համընկնում է պատերազմը դադարեցնելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությանը: Ընդ որում, Լավրովը հատուկ շեշտել է, որ «Սևաստոպոլը ռուսական քաղաք է», որ շատ նման է Շուշին «չմոռանալու» մասին Ալիևի ասածին:

Ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու նախապայմանների թվարկմամբ Սերգեյ Լավրովը փաստացի հերքել է 2020թ. հոկտեմբերի 19-ին հայկական կողմի համար «ավելի նպաստավոր պայմաններով» զինադադարի հնարավորության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը և վերահաստատել, որ պատերազմը դադարեցնում է նա, ով սկսում է:

Եվ դա տեղի է ունենում երկու դեպքում. երբ նա հասնում է իր առջև դրված խնդրի լուծմանը կամ երբ պարվում է և ստիպված է լինում դադարեցնել դիմադրությունը: Ռուսաստանն այսօր ուկրաինական ռազմաճակատում հաջողություններ է գրանցում և զինադադարի հաստատման ոչ մի մոտիվացիա չունի:

2020թ. հոկտեմբերի կեսերին Ադրբեջանը ռազմաճակատում զգալի հաջողությունների էր հասել, Շուշիի ուղղությամբ վճռական ռազմագործողություն էր սկսել և, բնականաբար, արդեն ավելին էր պահանջում, քան Իլհամ Ալիևը ձևակերպել էր ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում: Ճիշտ նույն ձեւով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն Ուկրաինային առաջարկում է ընդունել «խաղաղության» նախապայմանները, որովհետև «հետո կարող է ուշ լինել»:

Ասվածից չի հետևում, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նմանակում է Ադրբեջանի նախագահին կամ վերջինիս խոսույթը ՌԻԱ-Նովոստին է «խմբագրել»: Պարզապես պետք է նկատի ունենալ, որ երբ խոսքը վերաբերում է արդեն սեփական շահերին, Լավրովի նման փորձառու դիվանագետն էլ կարող է վրիպել և հերքել այլ պատերազմի առիթով իր նախագահի հայտարարությունը:

Կամ, գուցե, միտումնավո՞ր է այդպես վարվել: Չէ՞ որ պատերազմն Ուկրաինայով չի ավարտվում, թեև Ուկրաինայում զինադադար կարող է հաստատվել:

Translate »