Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայացքով՝ Սպիտակ տան Օվալաձև սրահում փետրվարի 28-ին «տեղի ունեցածն, անկասկած, ցույց տվեց, թե որքան դժվար է լինելու Ուկրաինայի կարգավորման շուրջ տարածք մտնելու համար»:
Նրա գնահատմամբ՝ Զելենսկին «ոչ թե խաղաղություն, այլ Ուկրաինայում մարտական գործողությունների շարունակություն է ցանկանում»: Ստեղծված իրավիճակում, ինչպես Կրեմլի խոսնակն է կարծում, միայն «Վաշինգտոնի ձգտումը և Մոսկվայի պատրաստակամությունն ակնհայտորեն բավարար չեն լինի, որպեսզի հակամարտությունն ավարտվի»:
Պեսկովն արձանագրել է, որ «Արևմուտքը մասամբ կորցրել է հավաքականությունը, սկսվել է նրա ֆրագմենտացիան, մոտեցումների նյուանսավորությունը»: Նրա դիտարկմամբ՝ «կան «պատերազմի կուսակցություն» կազմող երկրներ, որ հայտարարում են մարտական գործողությունները շարունակելու հարցում Կիևին այսևհետ ևս աջակցելու մասին»:
Պեսկովն անդրադարձել է ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումներին և մասնավորեցրել, որ քննարկվում են երկկողմ հարաբերություններն ամբողջ ծավալով վերականգնելու հետ կապված հարցեր և «առայժմ վաղ է խոսել խաղաղության ինչ-որ համակցված և դետալացված պլանի մասին»:
Կրեմլի խոսնակը հստակ ընդգծել է, որ ԱՄՆ հետ դիվանագիտական շփումներին զուգահեռ Ռուսաստանը «շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հասնի այն բոլոր նպատակներին, որ դրվել են ի սկզբանե»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը վերջին դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ, արձագանքում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը, որ առաջարկում են Ուկրաինայում մեկամսյա հրադադար հաստատել:
Պետք է հասկանալ, որ Մոսկվան այդ գաղափարը մերժում է: Թրամփ-Զելենսկի «սկանդալն», ըստ այդմ ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ ռազմական գործողությունները շարունակելու հնարավորություն է ստեղծվում: Ինչ խոսք, Զելենսկու «ռազմատենչությունը» բավարարում է նաև ԱՄՆ նախագահին՝ նրան հնարավորություն տալով իրավիճակը ներկայացնել այնպես, որ իրեն «հաջողվում էր Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, բայց Ուկրաինայի «դիկտատորը» խառնեց բոլոր հաշիվները»:
Պնդել, որ «հատուկ ռազմական գործողությամբ ի սկբանե դրված բոլոր նպատակներին պետք է հասնել»՝ նշանակում է ոչ միայն նոր տարածքներ գրավելու, այլեւ ուկրաինական պետականության լուծարման խնդիր դնել: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը ճիշտ է ասում, որ ուկրաինական կարգավորումը չափազանց բարդ է, բայց ո՞վ է պատերազմ գուժում:
Կիևի մոտեցումն այն է, որ հրադադարի համաձայնագիրը պետք է ամրապնդված լինի անվտանգության երաշխիքներով: Մոսկվան մերժում է հրադադարը, Ուկրաինայի տարածքում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը համարում «բացարձակապես անընդունելի»: Ռուսաստանի «խաղաղության պայմանն» Ուկրաինայի անվերապահ կապիտուլյացիան է:
Պետք է արձանագրել, որ մարտի 2-ին Լոնդոնում գումարված «եվրոպական գագաթաժողովը» որևէ առարկայական արդյունք չի ունեցել, ձեռք է բերվել ընդամենը հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն: Ըստ երևույթին, դրանք կանցկացվեն ավելի ցածր մակարդակով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, մասնավորապես, ասել է, որ քննարկումներ կկազմակերպվեն երկու-երեք շաբաթը մեկ ռեժիմով, բայց գործնական միակ քայլն առայժմ Մեծ Բրիտանիան է արել՝ շուրջ երկու միլիարդ եվրոյի ռազմական աջակցության տեսքով:
Ըստ երևույթին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին կամ կհեռանա, կամ ստիպված կլինի ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից՝ ընդունելով հրադադարի հաստատման նրա առաջարկությունը: Վաշինգտոնը բացահայտ ասում է, որ Ուկրաինան պետք է «տարածքային զիջումների գնա»: Խոսքն ի՞նչ տարածքների մասին է՝ չի հստակեցվում:
Բայց Ռուսաստանը բավարարվու՞մ է Ուկրաինայի զիջումներով: Եվ եթե Պուտինը չընդունի Թրամփի «խաղաղության ծրագիրը», Վաշինգտոնն ի՞նչ քայլեր կձեռնարկի: Կձեռնարկի՞, թե՞ Զելենսկուն կպարտադրի հանձնել նաևՕդեսան:
Բաց մի թողեք
«Մենք պատրաստ ենք». Զախարովան մեկնաբանել է հայ գերիներին ազատ արձակելու ԱՄՆ-ի կոչը
Շոյոգուն տնտեսագետ է դարձել, Հայաստանին դասեր է տալիս՝ ստահակը
Թեհրանի «լիազորագիրը» Ռուսաստանին՝ Թրամփի հետ բանակցելու համար