1944 թվականին, երբ Երկրորդ աշխարհամարտը դեռ շարունակվում էր, բայց պարզ էր, որ եկել է աշխարհը կիսելու ժամանակը, Ստալինի եւ Չերչիլի միջեւ տեղի է ունեցել մի ուշագրավ երկխոսություն: Խոսքը Լեհաստանի մասին էր, եւ, հավանաբար, արդեն պարզ էր, որ այդ երկիրն անցնելու է խորհրդային վերահսկողության տակ:
Բրիտանիայի վարչապետը հարկ էր համարել հիշեցնել, որ Լեհաստանը կաթոլիկ երկիր է, որի ներքին զարգացումները չպիտի խնդիրներ ստեղծեն Վատիկանի հետ: Դրան Ստալինը, ըստ նրա թարգմանչի, պատասխանել է՝ «Իսկ քանի՞ դիվիզիա ունի Հռոմի պապը»: Այդ դրվագն ընդունված է մեկնաբանել հետեւյալ կերպ. խորհրդային առաջնորդը «շշպռեց» Չերչիլին եւ, մյուս կողմից, «տեղը դրեց» Հռոմի պապին:
Ես, ճիշտն ասած, կասկածում եմ, որ Ստալինն այդքան պարզունակ էր պատկերացնում «ուժի» եւ «թուլության» խնդիրը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա սկսեց կարեւորել կրոնի, եկեղեցու դերը, եւ, ի վերջո, պատահական չէ, որ նույն պատերազմը խորհրդային քարոզչությունն անվանում էր «սրբազան»:
Բայց, այդ վերապահումով հանդերձ, պետք է ընդունել, որ Ստալինի հարցը միանգամայն տեղին էր: Այսօրվա իրադարձությունները դա ապացուցում են: Ուկրաինայի նախագահ Զելենսկին, Թրամփի հետ վիճելուց հետո, ստացել է եվրոպացիների աջակցությունը: Բայց այդ աջակցությունը հիմնականում «բարոյական» է:
Բրիտանացի պաշտոնական անձինք «Ֆայնեյշնլ թայմսին» հայտնեցին, որ ներկայիս վարչապետ Սթարմերը շաբաթ օրն ասել է Զելենսկուն, որ նա սկզբից պետք է կարգավորի հարաբերությունները ԱՄՆ-ի նախագահի հետ, որովհետեւ ցանկացած խաղաղություն երկարատեւ չի լինի, եթե չերաշխավորվի Միացյալ Նահանգների կողմից:
Նույն ոգով արտահայտվել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Դիվանագիտական լեզվից թարգմանած, դա նշանակում է՝ «մենք քեզ շատ ենք հարգում, բայց «դիվիզիաները» Թրամփի մոտ են, նրա հետ էլ լեզու գտիր»:
Պարզ է, որ ի տարբերություն Եվրոպայի, Հարավային Կովկասը Թրամփին առանձնապես հետաքրքիր չէ: Հետեւաբար, այստեղ «տիրություն անելու» արտոնագիրը տրվելու է ռուս-թուրքական «դուետին»՝ ԱՄՆ-ի թեթեւ վերահսկողության տակ:
Այդ պայմաններում միանգամայն բնական է մեր որոշ շրջանակների ձգտումը, որ մեզ «տիրություն անի» Եվրամիությունը: Բայց քանի՞ դիվիզիա ունի ԵՄ-ն: Դեռ նոր է մտմտում իր սեփական զինված ուժերը ստեղծելու մասին:
Որքան շուտ ստեղծի, այնքան լավ, բայց առայժմ առաջնայինը մեզ համար «դիվիզիաներ ունեցողների»՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիրն է: Որքան էլ այդ երկրների քաղաքականությունը մեզ տհաճ թվա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան