Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ռուս-ամերիկյան նախարարական մակարդակով բանակցություններից ավելի քան երկու շաբաթ անց, երբ միջազգային դերակատարների, փորձագետների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում Սպիտակ տան Օվալաձև սրահի «սկանդալն» ու դրանից ածանցվող իրադարձություններն են, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը բացահայտել է, որ կողմերը քննարկել են նաև իրանական թեման:
Ուշակովն ասել է, որ, ընդառաջելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի «խնդրանքին»՝ Ռուսաստանը համաձայնել է իրանա-ամերիկյան բանակցություններում միջնորդություն ստանձնել: Ուշադրություն է հայցում փաստը, որ Էր-Ռիյադում ԱՄՆ պետքարտուղարը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել են ռուս-իրանական ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից մեկ ամիս անց, իսկ Ուշակովի բացահայտումը հաջորդում է Իրանի փոխնախագահ Զարիֆի հրաժարականին:
Զարիֆի հրաժարականից մեկ օր առաջ Իրանի նախագահ Փեզեշքիանը խորհրդարանում հայտարարել է, որ մտադիր է եղել ԱՄՆ հետ բանակցություններ սկսել, բայց Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չի համաձայնել:
Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ հետ բանակցությունների պատրաստակամություն Փեզեշքիանը հայտնել է Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցությունների արդյունքում կամ, եթե ավելի պարզ ասվի՝ Վլադիմիր Պուտինն է նրան հորդորել, որ Թրամփի հետ երկխոսություն սկսի, և Իրանի նախագահը նախնական համաձայնություն է տվել:
Ըստ երևույթին, այդ տպավորությամբ էլ Լավրովն Էր-Ռիյադում Պոմպեոյին խոստացել է իրանա-ամերիկյան բանակցություններում միջնորդ լինել, բայց այաթոլլա Խամենեին «փչացրել է» Թրամփ-Պուտին տանդեմի խաղը: «Ամերիկացիներին չի կարելի վստահել:
Այսօր նրանք կասեն, որ բավարավում են 5 տոկոսը (հարստացված ուրանի) հանձնելով, վաղը կպահանջեն հանձնել 20 տոկոսը և այդպես՝ շարունակ»,- միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ հետ բանակցությունների վտանգավորությունը հիմնավորել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Եթե այս հիմնավորումը գնահատենք ավելի խորքային իմաստով, ապա Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքի հասցեատեր կարելի է համարել նաև Ռուսաստանին, որ այսօր կարող է Իրանին «թղթի վրա» անվտանգության երաշխիքներ տալ, քանի դեռ Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահի կարիքն ունի, իսկ վաղը, երբ սեփական հարցերը կարգավորած լինի՝ մոռանալ Թեհրանին տված խոստումները:
Քաղաքականության մեջ, իհարկե, նման «մոռացկոտությունը» յուրահատուկ է միջազգային բոլոր դերակատարներին, բայց Իրանն ինչու՞ պիտի սեփական խաղաքարտերը տա Մոսկվային: Ի վերջո, եթե ԱՄՆ նախագահն անկեղծ է, երբ ասում է, որ կուզենար Իրանի հետ հարաբերությունները կարգավորել «թղթի վրա», ապա ամերիկյան դիվանագիտությունը Թեհրանի հետ հաղորդակցության իր ճանապարհը կգտնի:
Իսկ եթե Վաշինգտոնն ընտրելու լինի «ուժով ծնկի բերելու» տարբերակը, ապա Մոսկվայի երաշխիքը գործնական որևէ նշանակություն չի ունենա:
Իրանի հոգևոր առաջնորդն, այսպիսով, ընտրել է առերեւույթ վտանգավոր ճանապարհ, բայց ներկա իրավիճակում, երևի, դա այն է, ինչ կարող է բարձրացնել Թեհրանի սուբյեկտությունը, կարևորել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նրա դերակատարությունը:
Մոսկվայի միջնորդության դեպքում Իրանը կվերածվեր «գործարքի օբյեկտի»՝ կարճաժամկետ հեռանկարում, գուցե, ապահովելով տնտեսական ինչ-որ պրեֆերենցիաներ, բայց Իսլամական հանրապետությունը դրանից շատ էական կորուստներ կունենար՝ փաստացի միջազգայնորեն վերածվելով Ռուսաստանի կրեատուրայի:
Ռուս-ամերիկյան հավանական «գործարքում» ի՞նչ տեղ և կարևորություն ունի, այսպես ասած՝ «իրանական դոսյեն»: ԱՄՆ նախագահը վճռականապես հայտարարել է, որ Իրանը «չպետք է միջուկային զենք ունենա»: Փորձագիտական տարածված տեսակետ կա, որ Իրանն «առանց Ռուսաստանի օգնության չի կարող միջուկային ռումբ և այն «տեղ հասցնող» հրթիռային միջոցներ ստեղծել»:
Մոսկվան Վաշինգտոնին խոստացել է դադարեցնե՞լ Իրանին աջակցությունը: Իսկ եթե Իսլամական հեղափոխության առաջնորդը «վետո« կիրառի Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրի դեմ, և խորհրդարանն այն չվավերացնի՞:
Բաց մի թողեք
Ոչ թե «քառասուն քանի», այլ՝ 209. ՀՅԴ-ական պատգամավորը ԵՄ դիտորդների կեղծ թիվ է նշել և «սիգնալ» ուղարկել Ալիևին
Պուտինը ցանկանում է ձգձգել բանակցությունները․ New York Times
Ահա այն, ինչի դեմ պայքարում են Պուտինն ու Ալիևը