09/05/2025

Ամուսնու կողմից դաժան վերաբերմունքի արժանացած, ծեծված և նկուղում հրկիզված կինը նոր մանրամասներ է պատմել. Լուսանկարներ

Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է վերջինիս վրա և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Մարտի 2-ին հայտնել էինք, որ Արմավիրի մարզում ամուսինը խանդի հողի վրա անմարդկային քայլեր է կատարել կնոջ նկատմամբ, ընդհուպ՝ հրկիզել նրան։

Տուժած կինը պատմել է. «Լրատվական կայքերում դեպքի մասին տեղեկությունը տարածվում է այնպես, որ այդ ամենը խանդի հողի վրա է եղել։ Շուրջ 11 տարվա ամուսիններ ենք, ու սա առաջին դեպքը չի եղել։ Նա միշտ էլ իր համար ստեղծում էր տարբեր պատճառաբանություններ՝ վեճ սկսելու համար, ու սա էլ հերթականն էր։ Ամեն անգամ ինձ ծեծում էր, դանակ հանում ու սպառնում։ Դեկտեմբերի 15-ի առավոտյան արթնացանք, ու սկսվեց վիճաբանություն, որը հետո ավելի թեժացավ, և նա ինձ տարավ նկուղ։ Ես այդ ընթացքում մտածում էի, որ տանում է այնտեղ հաշտվելու, զրուցելու համար, բայց փաստորեն այդպես չէր։

Իջանք նկուղ, ինձ ստիպեց՝ նստեմ աթոռին, կապեց, որից հետո սկսեց ծեծի ենթարկել, սղոցը մոտեցրեց պարանոցիս, սպառնաց, որ ինձ կմորթի, կվնասի իմ եղբորը, հարազատներիս, երեխաներիս կխլի։ Հետո վերցրեց ներկով լի տարան, լցրեց իմ վրա ու կրակայրիչով այրեց։ Ամբողջ հագուստս բռնկվեց, վազեցի դուրս, սակայն ոչ մեկը չկար, որ օգներ։ Այդպես ինձ տեղափոխեց հիվանդանոց և պահանջեց, որ ոչ մեկի չասեմ, որ այդ ամենի հեղինակը ինքն է, կրկին սպառնալիքներ հնչեցրեց։

762.jpg (87 KB)

Ես հիվանդանոցում խաբեցի, թե իբր վառարանը վառելուց է եղել, չասացի անգամ իմ ծնողներին, հարազատներին։

Երբ արդեն դուրս գրվեցի հիվանդանոցից, որտեղ բազմաթիվ վիրահատություններ էի տարել, կրկին վախի մթնոլորտ ստեղծեց, սպառնաց, որ ես պետք է գնամ իր տուն։ Արդեն մեկ օր անց նա նորից խմեց, ջարդեց դռների ապակիները, հայհոյեց ինձ, և ես հաջորդ առավոտյան իմ ծնողներին զանգեցի ու ասացի՝ իրականում ինչ է եղել, ու որ գան իմ հետևից։ Ծնողներս էլ նախ գնացել էին ոստիկանություն, ապա՝ նոր եկել իմ հետևից։ Այժմ նա կալանավորված է, ու ես մինչև վերջ գնալու եմ, որ արժանի պատիժ ստանա ու օրենքի առջև պատասխան տա ինձ և իմ երեխաներին պատճառված հոգեբանական ու ֆիզիկական մեծ ցավի համար»։

Հիշեցնենք՝ փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ.-ն, խոստովանել է, որ ինքը խանդի հողի վրա իր 28-ամյա կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո՝ հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ և այրվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Հրապարակումից կարճ ժամանակ անց զանգահարել է նաև փաստաբան Կարեն Ղոնյանը և իր ու փաստաբան Խաչատուր Ղանդիլյանի անունից տեղեկացրել, որ տվյալ նյութում արծարծված ամուսինն իրենց պաշտպանյալն է, և ներկայացրել են հրապարակման վերաբերյալ իրենց տեսակետը, որը ներկայացնում ենք ստորև.

«Էջմիածնի գյուղերից մեկում  վառված կնոջ վերաբերյալ Ձեր նյութում նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, Ա.Հ.-ն մեղքը չի ընդունել և հայտել է, որ ինքը չի հրկիզել կնոջը, որևէ փաստ գործում առկա չէ, որ ամուսինն է հրկիզել կնոջը, կնոջը հիվանդանոց է տարել ամուսինը, հիվանդանոցում խնամել է նրան, բուժման ամբողջ ծախսերը ամուսինն է կատարել։ Կինը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո գնացել է ամուսնու տուն»։