Բաքվի մերձիշխանական լրատվամիջոցը գրում է, որ մարտի 7-ին Իսրայելի խորհրդարանում քննարկվել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ապագայի հարցը:
Իսրայելում ավելի քան երկու տասնյակ հազար ծագումով Ադրբեջանից վերաբնակիչներ են ապրում, որ այդ երկրի ներքաղաքական կյանքում որոշակի ազդեցություն ունեն: Նախկինում Իսրայելի «ադրբեջանական համայնքը» համախմբված էր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի շուրջ:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը վերջերս այցելել է Իսրայել, որտեղ նրան ընդունել է վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
Հաջիևը, որքանով հասկացվում է ադրբեջանական մամուլի հրապարակումներից, բանակցություններ է վարել Իսրայելի արտգործնախարարությունում: Բացառված չէ, որ նա շփումներ է ունեցել նաև իսրայելական հատուկ ծառայությունների հետ:
Երուսաղեմ Հաջիևի ուղևորության գլխավոր նպատակը, ինչպես երևում է Իսրայելի խորհրդանում Ադրբեջանի հետ հարաբերությունների թեմայի բարձրաձայնումից, մեկն է եղել՝ պարզել, թե Բենիամին Նաթանյահուն կարո՞ղ է միջնորդել, որպեսզի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի գործընկերությունը վերականգնվի այն մակարդակով, որ եղել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում:
Ըստ Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի՝ Իսրայելի կառավարության ներկայացուցիչը խորհրդարանում ասել է, որ Նաթանյահուն քայլեր է ձեռնարկում, որպեսզի ստեղծվի «ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան քաղաքական կոոպերացիա»:
Նա առանձնահատուկ կարևորություն է տվել այդ հարցում ԱՄՆ հրեական լոբբիստական կառույցների «ջանադիր գործունեությանը»: Իսրայելի կառավարության ներկայացուցիչը բացահայտել է, որ «բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի վերացվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը»:
Այդ «ուղղումն» ընդունվել է 1992 թվականի սեպտեմբերին և ԱՄՆ նախագահին արգելում է ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ վերջինս շարունակում է Լեռնային Ղարաբաղի դեմ ագերսիան և Հայաստանի շրջափակումը:
2001թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո ԱՄՆ Կոնգրեսը նախագահին թույլատրել է համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ, բայց «ուղղումը» չի վերացրել: Այն վերստին ուժի մեջ է դրվել 2023 թվականի դեկտեմբերին:
Այսօր Ադրբեջանն, իհարկե, Միացյալ Նահանգներից տարեկան հարյուր կամ երկու հարյուր միլիոն դոլար աջակցության խիստ կարիք չունի, խնդիրը քաղաքական է: 907-րդ ուղղումը միակ իրավական փաստաթուղթն է, որ Ադրբեջանին ճանաչում է ագրեսոր և նրան դատապարտում Հայաստանը շրջափակման ենթարկելու համար:
Չափազանց կարեւոր է, որ Իսրայելի խորհրդարանում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու հարցը քննարկվել է Իլհամ Ալիևի Անկարա այցից տառացիորեն մեկ օր հետո:
Իլհամ Ալիևը, խոսելով Նախիջևանի մասին, կրկին պնդել է, որ «տեղի է ունեցել պատմական անարդարություն, բոլշեիկներն «արևմտյան Զանգեզուրը» միացրել են Հայաստանին՝ խզելով Ադրբեջանի կապն իր անբաժանելի մաս Նախիջևանի հետ»:
Բոլոր հիմքերը կան, որպեսզի եզրակացնենք, որ Ադրբեջանը մերժում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Սյունիքում «միջանցք բացելու» ռազմա-քաղաքական ծրագիր ունի:
Այս առումով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հավանական ագրեսիան ապալեգիտիմացնող իրավական ակտ է, որ պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ պետական-պաշտոնական դիրքորոշումը:
Իսրայելի վարչապետն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որքանո՞վ է ԱՄՆ հրեական լոբբին շահագրգռված, որպեսզի Դոնալդ Թրամփը դիմի Կոնգրեսին և առաջարկի «ուժը կորցրած ճանաչել» 907-րդ ուղղումը:
Չպետք է հաշվարկից դուրս թողնել, որ քառասունչորսօրյա պատերազմը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի նախագահության վերջին ամիսներին, և Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմը Բաքվի ագրեսիան կասեցնելու ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Պաշտոնական Երևանը, ԱՄՆ հայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի 907-րդ ուղղումը մնա ուժի մեջ: Հակառակը կնշանակի, որ Դոնալդ Թրամփն «արտոնում է» Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան:
Բաց մի թողեք
Ադրբեջանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում, իրենք դատում են, ՀՀ-ից պահանջում հայցերը ետ կանչել
Ռուբեն Վարդանյանի ուղերձը քաղաքական է, պետք է դիտարկվի զգացմունքներից դուրս
Սերտանում է պաշտպանական ոլորտում Հայաստան – ԵՄ գործակցությունը