10/03/2025

ԱՄՆ փակում է ՆԱՏՕ էջը, եվրոպական անվտանգության համակարգի հրամայականը

ԱՄՆ է մեկնելու ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը կհանդիպի ամերիկացի պաշտոնյաների հետ: Նախատեսված է արդյոք հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, թե ոչ, հայտնի չէ: Ռյուտեի այցի մասին լրագրողներին հայտնել է Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայք Ուոլցը:

Նրա հայտնած առավել ուշագրավ տեղեկությունն այն է, որ Ռյուտեն Սաուդյան Արաբիայում կմասնակցի նաև Ուկրաինայի ու ԱՄՆ պատվիրակությունների բանակցությանը, որը գալիք շաբաթ սպասվում է Սաուդյան Արաբիայում: Ռյուտեն Վաշինգտոն այցի ընթացքում, ըստ ամենայնի, կփորձի հասկանալ ՆԱՏՕ ապագայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի պատկերացումները:

Օրերս ամերիկյան մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մասնակցության ձևաչափի փոփոխություն, այդ թվում՝ հայտնի 5-րդ կետի կիրառելիության առնչությամբ:

Այն, որ Եվրամիության առաջնորդները բարձրաձայն և հստակ սկսել են խոսել եվրոպական անվտանգության համակարգի, եվրոպական պաշտպանական կառույցի ձևավորման անհրաժեշտության մասին, վկայում է, որ ՆԱՏՕ տրանսֆորմացիայի վերաբերյալ սպասումները բավականին իրատեսական են:

Ընդ որում՝ հատկանշական է, որ ԵՄ անվտանգության համակարգի ստեղծումը նախատեսվում է իրականացնել ՆԱՏՕ հետ համակարգված՝ օգտագործելով ՆԱՏՕ ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնց մի մասն, իհարկե, ձևավորվում է հենց Եվրամիության միջոցներով:

Սաուդյան Արաբիայում ամերիկա-ուկրաինական բանակցությանը Ռյուտեի մասնակցության հանգամանքը ևս վկայում է, որ ՆԱՏՕ առնչությամբ պատրաստվում են որոշակի վերանայումներ, որոնց տրամաբանությունը, հավանաբար, կլինի այն, որ դաշինքը Ուկրաինայի հարցում գուցե կստանձնի որոշակի պատասխանատվություն, սակայն առանց ԱՄՆ-ի:

Համենայն դեպս, փաստացի ստացվում է, որ Ռյուտեն Սաուդյան Արաբիայում կլինի երրորդ կողմը, այսինքն՝ դե ֆակտո կլինի եռակողմ բանակցություն:

Խոշոր հաշվով, Թրամփի վարչակազմը, ըստ ամենայնի, փորձում է օպտիմալացնել միջազգային անվտանգության համակարգում ԱՄՆ մասնակցությունն ու այն այսպես ասած տարածականից դարձնել թիրախային: Դա կնշանակի՞, որ ԱՄՆ փակում է ՆԱՏՕ էջը:

Ակնհայտ է, որ Եվրոպան պատրաստվում է դրան՝ համարելով, որ միջազգային զարգացումների տրամաբանությունը խիստ հավանական է դարձնում այն, որ եվրաատլանտյան դաշինքը միջազգային նոր հարաբերություններում առնվազն չի պահպանվի իր «դասական» տեսքով ու բնույթով: