Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի սոցցանցային գրառմանը, որով նա Հայաստանին հորդորում է անցումային արդարադատության հաստատման համար համագործակցել և հանձնել ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, որ ներկայումս թաքնվում են Հայաստանում:
Ռուսաստանյան լրատվամիջոցն այդ առթիվ Հայաստանից երկու տեսակետ է փոխանցում: ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն ասել է, որ ինքը դեռևս 2021 թվականին է կանխատեսել, որ Բաքուն պահանջելու է հանձնել ղարաբաղյան ղեկավարներին և չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցում կարող է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասնաբար գործել:
Շարմազանովի գնահատմամբ՝ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Նա հռետորական հարցադրում է արել: «Բացառո՞ւմ եք, որ Նիկոլը կկատարի Ադրբեջանի այդ պահանջները»,- և պատասխանել․ «Որպեսզի դա բացառվի, պետք է հեռացնել Նիկոլին»:
«Նեզավիսիմայա գազետա»-ի հայաստանցի երկրորդ վիզավին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն է: Նա չի բացառում, որ Քոչարյանի և Սարգսյանի հանձնումը կարող է դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից մեկը, թեև ավելացնում է, որ առայժմ դա դժվար է պատկերացնել, քանի որ Ադրբեջանի պահանջներից մեկը միմյանց նկատմամբ հայցերից հրաժարվելն է:
Խնդիրն այս դեպքում հայաստանյան երկու արձագանքներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին քննադատության իսպառ բացակայությունն է, ինչից կարելի է երկու եզրակացություն անել, կամ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը և քաղաքագետ Խալաթյանը ծանոթ չեն ղարաբաղյան առաջին պատերազմի պատմությանը, կամ նրանք այդ և մյուս հարցերում թիրախ են դիտում ոչ թե Ադրբեջանի իշխանություններին և կոնկրետ Իլհամ Ալիևին, այլ Նիկոլ Փաշինյանին:
Էդուարդ Շարմազանովը, ընդսմին, չի թաքցնում, որ Նիկոլը պետք է հեռացվի: ՀՀԿ գործադիր մարմնի անդամը մի՞թե չգիտի, որ իր նշած անձանց՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի այլ քաղաքական և ռազմական գործիչների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր հարուցել է ավելի քան երեսուն տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը, երևի, դեռ ավագ դպրոցական կամ ԵՊՀ առաջին կուրսի ուսանող էր:
Ստացվում է, որ Հայաստանի ընդդիմությունը չի կատարում իր ամենահիմնական դերը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դուրս է թողնում քննադատությունից: Ավելին՝ նրա օգնականի սոցցանցային գրառումը Երևանում ընկալվում է որպես «Նիկոլին հեռացնելու գործընթացի պայթյունից նյութ»:
Ըստ էության՝ Հաջիևի այդ գրառման շուրջ տեղեկատվա-քարոզչական ֆոն արդեն իսկ ստեղծվում է: Հայաստանը մտել է նախընտրական ռեժիմի մեջ, քաղաքական մրցապայքարում վերագրումների պակաս, երևում է, չի լինելու:
Բայց որքանո՞վ է արդարացված Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի դեմ պայքարում օգտագործել Իլհամ Ալիևի «ընձեռած հնարավորությունը»:
Մի՞թե ընդդիմությունը և նրա հետ աֆիլացված քաղաքագիտական շրջանակները եկել են համոզման, որ Իլհամ Ալիևի հասցեին քննադատությունը «հայ հանրության կողմից պահանջված չէ» և քաղաքական այդ պլատֆորմով ապագա խորհրդարանում տեղ ունենալու, առավել ևս՝ մեծամասնություն կազմելու և «Նիկոլին հեռացնելու» շանսերը զրոյական են:
Այդ դեպքում ինչի՞ մասին են «բանավիճում» երկրորդ և երրորդ նախագահի թիմերը: Հիքմեթ Հաջիևի սոցցանցային գրառման ենթատեքստի՞:
Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մարտի 17-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը ներկայացուցչական պատվիրակությամբ մեկնում է Իսրայել։
Մինչ այդ հայտնի է դարձել, որ Հայֆայից իննսուն կիլոմետր դեպի հյուսիս՝ Միջերկրական ծովի իսրայելական «տնտեսական գոտում» գազի պաշարների հետախուզող ամերիկյան «Շևրոնը» համաձայնություն է տվել, որպեսզի ադրբեջանական Socar ընկերությունը կոնսորցիումի մասնակից լինի:
Հայտնի չէ՝ այդ համաձայնությունն արդեն փաստաթղթավորվա՞ծ է, թե՞ իրավական տեսք կստանա Ջաբարովի Երուսաղեմ այցի ընթացքում: Փոխարենը տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ հրեական համայնքների ավելի քան քառասուն հոգևոր առաջնորդներ նամակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին և առաջարկել, որ նա պաշտոնավարման առաջին շրջանում նախաձեռնած, այսպես կոչված «Աբրահամի ուխտի» նոր մասնակիցների շարքում դիտարկի նաև հետխորհրդային իսլամադավան երկրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, Թուրքմենստանին և Ուզբեկստանին:
«Աբրահամի ուխտի» նպատակը Մերձավոր Արևելքում արաբական երկրների և Իսրայելի միջև հակասությունների հաղթահարումը, համագործակցության հաստատումն է: Թրամփի նախագահության առաջին շրջանի կարևոր ձեռքբերում է համարվում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Իսրայելը նորմալ հարաբերություններ ունի Եգիպտոսի, Կատարի, Արաբական Միացյալ էմիրությունների և Հորդանանի հետ:
Ադրբեջանը վերջին շրջանում բավական սերտ կապեր է հաստատել Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ: Անցյալ շաբաթ, սակայն, Ալիևը հարկադրված էր արտաքին գործերի նախարար Բայրամովին գործուղել Ջիդա, որտեղ Իսլամական համերաշխության կազմակերպությունը գումարել է արտգործնախարարների խորհրդաժողով:
Իր ելույթում Ջեյհուն Բայրամովը, թեև շատ զգուշավոր ձևակերպումներով, այնուամենայնիվ, դեմ է արտահայտվել Գազայի բնակչությունը տարհանելու իսրայելա-ամերիկյան ծրագրին և պաշտպանեց Պաղեստինի անկախ պետություն կառուցելու՝ Արաբական լիգայի երկրների դիրքորոշումը:
Այս ֆոնին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի Երուսաղեմ այցն առաջին հայացքից արտառոց է: Գազայի և Պաղեստինի հարցում իսրայելա-ամերիկյան ծրագրավորումներին «հակադրվող» Ադրբեջանը չի կարող Իսրայելի ռազմավարական գործընկերը լինել: Գործնականում, մինչդեռ, հակառակ պատկերն է:
«Աբրահամի ուխտին» Ադրբեջանի ներգրավման կանխածրագիրն սկզբունքորեն պետք է հանդիպի ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի դիմադրությանը, քանի որ արաբական աշխարհի հետ Իսրայելի «պատմական հաշտությունը» շոշափելիորեն կրճատում է Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Անկարայի ազդեցության սահմանները:
Մարտի 5-ին Իլհամ Ալիևը գտնվել է Անկարայում: «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի ներգրավվածության հեռանկարը Թուրքիայի նախագահի հետ նա քննարկե՞լ է: Դիտարժան է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկման մասին առաջին տեղեկատվությունը Թուրքիայի էներգետիկայի նախարարը հնչեցրել է Մոսկվայից՝ ՌԴ պաշտոնակցի և փոխվարչապետի հետ բանակցություններից հետո:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ այդ գազատարն ունի Նախիջևանի արտադրական ներուժը կիրարկելու նշանակություն, որ կարող է «գրավիչ լինել» նաև Միացյալ Նահանգների համար: Իսրայելի հետ տնտեսական նոր ծրագրերը, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը տանում է Երուսաղեմ, համաձայնեցվա՞ծ են Մոսկվայի և Անկարայի հետ:
Ալ-Աքսա մզկիթի մասին, Սիրիայում Նաթանյահուի էքսպանսիոնիստական նկրտումների մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, երևում է, զուտ «ֆոնային» են: Միջերկրական ծովի իսրայելական հատվածում հետախուզված գազի պաշարները գնահատվում են մոտ կես միլիարդ խորանարդ մետր:
Իսրայելը կարող է լինել Եվրոպայի էներգակիրների մատակարար: «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի ներգրավվածությունը, հավանաբար, ուղղված է Մոսկվայից Իլհամ Ալիևի կախվածության թուլացմանը: Բայց դա միաժամանակ հնարավորություն է, որպեսզի նա հաղթահարի Էրդողանի «կրտսեր եղբոր» բարդույթը: Թուրքիան Ադրբեջանը կհանձնի՞ «սիոնիստներին»:
Բաց մի թողեք
Ալիևի հնարած «արևելյան» և «արևմտյան Զանգեզուր» հասկացությունները միայն «քնարական» կամ «ազգային-նոստալգիկ» չեն
Ժողովուրդը տեսնում, իր մաշկի վրա զգում էր Քոչարյանի և Սարգսյանի օրոք երկրում առկա «գաղջ մթնոլորտը»
Ինչ-որ մեկը հանդես է գալիս ժողովրդի անունից, հետին մտքեր ունի, վերցրեք փայտը, մի լավ ծեծեք