12/03/2025

Ինչպես է իրականացվում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը

Ինչպես հայտնել ենք, գխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալ։

Ինչպես է իրականացվում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը և ինչ է սպասվում դատախազի միջնորդագրից հետո, ներկայացնում ենք ստորև:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.
1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ: