«Այժմ պայմանագիրը ստորագրելու և վավերացնելու ժամանակն է»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումն ու բանակցության ավարտը:
Ռուբիոն հայտարարել է, որ ողջունելի է խաղաղության առաջընթացը՝ նկատելով, որ համաշխարհային խաղաղությունը ԱՄՆ նախագահ Թրամփի այսպես ասած նշանաբանն ու նպատակադրումն է:
Եթե, իհարկե, դուրս գանք այդ զեղումից, ապա Մարկո Ռուբիոյի հայտարարության ուշագրավ հանգամանքն այն է, որ նա հայտարարում է ստորագրելու և վավերացնելու մասին՝ ասելով, որ դրա ժամանակն է: Դա հետաքրքիր է նրանով, որ Ադրբեջանը հայտարարում է լրիվ հակառակը՝ հրաժարվելով ստորագրել, քանի դեռ Հայաստանը չի կատարել Սահմանադրությունը փոխելու և Մինսկի խմբի լուծարման պահանջը:
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ինչպե՞ս է վերաբերվում դրան, եթե ստորագրելու և վավերեցնելու ժամանակի մասին նրա խոսքերը պարզապես մեխանիկական-տեխնիկական-արարողակարգային բնույթի չեն, այլ պարունակում են իսկապես քաղաքական հետաքրքրություն և նույնիսկ առաջնահերթություն:
Դրանից է կախված, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները քայլեր կանի ստորագրման ու վավերացման ուղղությամբ, թե՞ ոչ: Մարտի 14-ին Մոսկվայից Բաքու է ժամանել ԱՄՆ նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որը Մոսկվայում բանակցել է Պուտինի հետ:
Բաքվում նա անցկացրել է մի քանի ժամ և հայտնի չէ, թե ում հետ է հանդիպել և ինչ է խոսել, և այդ խոսակցությունը որքանով է վերաբերել նաև հայ-ադրբեջանական հարցին, կամ այդ հարցը որքանով է առկա եղել խոսակցության ընթացքում:
Միացյալ Նահանգների նոր վարչակազմին այդ թեման հետաքրքրո՞մ է այնպես, կամ այնքան, ինչքան նախորդ վարչակազմին, որը բավականին ակտիվ էր, որի պետքարտուղար Բլինքենը պարբերաբար հեռախոսազրույցներ էր ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
Մարկո Ռուբիոն կզանգահարի՞ Երևան և Բաքու առաջիկա օրերին, թե՞ կբավարարվի հայտարարությամբ:
Բաց մի թողեք
Էրդողանը փորձում է Սիրիայում ալ-Շարաային հեռացնել՝ կազմակերպելով թուրքմեն զինյալների խռովություն
Իրան – ԱՄՆ նամակագրությունն ու ․․․ Հայաստանը
Էրդողանը խրվելու է սիրիական ճահճում, Պուտինը հրում է, թե փրկության օղակ նետում