Մարտի 18-ին սպասվում է ԱՄՆ ու ՌԴ նախագահների հեռախոսազրույցը, որի մասին ավելի վաղ հայտարարեց ԱՄՆ նախագահ Թրամփը և հետո հաստատեց Կրեմլի խոսնակ Պեսկովը:
Մինչ այդ, Մոսկվա էր ժամանել Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը՝ մարտի 14-ին: Նա Մոսկվայում քննարկում էր ուկրաինական ճակատում 30-օրյա հրադադարի հետ կապված հարցեր, որոնք, թերևս, պետք է լինեին Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի հիմքում:
Հատկանշական է, բայց հեռախոսազրույցից առաջ բավականին լարվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում: ԱՄՆ հարվածներ է հասցնում Եմենի հութիներին, այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին, որ վերսկսում են Կարմիր ծովում իսրայելական նավերի դեմ գործողությունները, քանի որ Իսրայելն արգելափակում է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքը:
Իսրայելը այսօր վերսկսել է Գազայի հրթիռակոծումը, քանի որ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության չեն եկել հունվարի 19-ին հայտարարված հրադադարի երկրորդ փուլի շուրջ: Ըստ տեղեկությունների՝ Իսրայելի հարվածների հետևանքով կան հարյուրավոր զոհեր:
Իրանն իր ռազմածովային ուժերը բերել է մարտական պատրաստության, այն զարգացումների ֆոնին, որ ծավալվում են ռեգիոնում, մասնավորապես հութիների դեմ ամերիկյան հարվածների տեսքով: ԱՄՆ հութիներին խրախուսելու համար մեղադրում է Իրանին և հայտարարում, որ Թեհրանը պատասխանատվություն կկրի դրա համար: Զուգահեռ լարվել է իրավիճակը Սիրիա-լիբանանյան սահմանին:
Սիրիայի կառավարական ուժերը գործողություններ են սկսել երկրի այն տարածքների հանդեպ վերահսկողություն հաստատելու համար, որոնք գտնվում են Հըզբոլլահի վերահսկողության ներքո: Դամասկոսը հայտարարել է, որ գործողությունները բացառապես իրականացվելու են Սիրիայի տարածքում, սակայն Լիբանանի բանակը բերվել է մարտական պատրաստության:
Զուգադիպությո՞ւն է Թրամփ-Պուտին նոր հեռախոսազրույցին ընդառաջ մերձավորարևելյան իրավիճակի այդպիսի «բազմաճյուղ» լարումը, թե՞ դա հետևանք է այն բանի, որ կողմերը հեռախոսազրույցից առաջ դիրքավորվում են, այդ թվում՝ օգտագործելով Ուկրաինայից «դուրս» տարբեր ուղղություններով միմյանց հանդեպ ճնշում բանեցնելու հնարավորություններ:
Մերձավոր Արևելքում իրավիճակի լարումը, իհարկե, ցավոք սրտի գրեթե «հավերժական շարժիչի» պես մի բան է և այնտեղ բացառիկ կամ անսպասելի են ավելի շուտ կայուն ժամանակահատվածները, քան հակառակը: Բայց, համենայն դեպս, ուշադրության արժանի է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին նախորդում է լարման դինամիկ նոր փուլ, ինչը, թերևս, վկայում է, որ հեռախոսազրույցը կլինի բարդ:
Միևնույն ժամանակ, իհարկե, պետք չէ նաև անտեսել հանգամանքը, որ ժամանակակից հարաբերություններում և ներկայիս աշխարհաքաղաքական շրջափուլում շատ պայմանավորվածությունների «իմպլեմենտացիայի» առավել գործուն միջոց դիտվում են հենց ռազմական գործողությունները:
Բաց մի թողեք
Անկարան կառավարվում է Բաքվից, այսպես մինչև երբ և ուր
Հայաստանը դեմ է Ռուսաստանի, Ադրբեջանը՝ Միացյալ Նահանգների «մոդերատորությանը»
Քաղաքական սակարկումների նոր շրջափուլ, որտեղ փորձում են դիրքավորվել բոլորը