Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած ռուս-ամերիկյան «տեխնիկական բանակցությունների» պայմանավորվածությունները, երևում է, մնում են «օդում կախված», Մոսկվան հասցրել է Կիևին մեղադրել Ռուսաստանի տարածքում և Ղրիմում էներգետիկ ենթակառուցվածքներ թիրախավորելու մեջ: Բայց դա կարելի է «չարյաց փոքրագույն» համարել:
Մարտի 25-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերբեռնման» մեկնարկից ի վեր առաջին անգամ հրապարակային կասկած է հայտնել հրադադարի հասնելու Մոսկվայի իրական ցանկության հարցում: «Ես կարծում եմ, որ Մոսկվան ժամանակ է ձգում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ո՞րն է Դոնալդ Թրամփի կասկածամտության և այն հրապարակայնացնելու պատճառը: Ըստ երևույթին՝ Մոսկվան վերջին պահին հրաժարվել է Էր-Ռիյադի բանակցությունների արդյունքների մասին համատեղ հայտարարություն տարածելու պայմանավորվածությունից:
Իսկ դա նշանակում է պատասխանատվությունից անուղղակի խուսափում: Մանավանդ որ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը նախապես ասել էր, որ բանակցությունների օրակարգը չի հրապարակայնացվի:
Որքանով հասկացվում է արևմտյան մամուլի բավական կցկտուր տեղեկատվությունից, Ռուսաստանը կայուն հրադադարի հաստատման նախապայման է ներկայացրել: Մոսկվան պահանջում է, որպեսզի գյուղատնտեսական մթերքների և հանքային պարարտանյութերի արտահանման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվեն:
Սա, ինչպես իրազեկ փորձագետներն են գտնում, ԱՄՆ-ի նկատմամբ «դիվանագիտական եղանի կիրառում է», որովհետև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեծ մասը սահմանել է Եվրամիությունը, և առաջին հերթին ԵՄ անդամ երկրներն են իրենց նավահանգիստները փակել ռուսական առևտրական նավատորմի առաջ:
Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնի է, մերժում է ուկրաինական կարգավորման բանակցություններին Եվրամիության կամ նրա ազդեցիկ անդամներ Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությունը: Մյուս կողմից Պուտինը պահանջում է, որ Ֆրանսիան և Գերմանիան իրենց նավահանգիստները բացեն ռուսական առևտրական նավերի առաջ:
Այս նախապայմանը Եվրամիության և նրա անդամ երկրների համար բացարձակապես անընդունելի է: «Եվրամիությունը համաձայն է չեղարկել կամ մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միայն այն դեպքում, երբ ռուսական զորքերն ամբողջովին կհեռանան Ուկրաինայի օկուպացված բոլոր տարածքներից»,- մարտի 26-ին Ուկրաինայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Անիտա Հիպերը:
Այս հայտարարությունը, իհարկե, քաղաքական առավելապաշտության դրսևորում է, բայց ակնհայտ է, որ Հունգարիայից բացի Եվրամիության անդամ ոչ մի երկիր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու կողմնակից չէ: Վլադիմիր Պուտինը, հավանաբար, հույս ունի, որ կամ ԱՄՆ նախագահը «մամլակ կկիրառի» Բրյուսելի նկատմամբ և կհարկադրի վերանայել Ռուսաստանի նկատմամբ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, ինչը կհանգեցնի ԱՄՆ-Եվրամիություն ավելի սուր տարաձայնությունների, կամ գործնական հետաքրքրություն չի ցուցաբերի Ուկրաինայի կարգավորմանը:
Երկու դեպքում էլ Մոսկվան ստանում է շանս՝ շարունակելու պատերազմը և «ճզմելու» Կիևին: Ըստ երևույթին՝ Կրեմլի հաշվարկն այն է, որ Թրամփը Ռուսաստանի դեմ «դժոխքի դռներ բացելու» վճռականություն չունի:
Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հաջորդ հանդիպման ժամանակը և վայրը ճշտված չեն: Կարելի է արդեն վստահաբար ասել, որ մայիսի 9-ին Դոնալդ Թրամփը Մոսկվա չի մեկնի: Էր-Ռիյադի պայմանավորվածությունները որքա՞ն կմնան «օդում կախված»:
Բաց մի թողեք
Իսկապես աննախադեպ իրավիճակ է․ Ով է Գրելանդիային կողմ, ով՝ դեմ
Պատերազմի վախը
Հրապարակային «գժտություն» և հարաբերությունների վերանայում