30/04/2025

«Հրթիռային քաղաքներ», որոնց ճշգրիտ վայրերը խիստ գաղտնի են. ինչու է Իրանը որոշել ցուցադրել թունելային զինանոցը. Լուսանկարներ

«Եթե մենք ամեն շաբաթ ցույց տանք մեկ հրթիռային քաղաք, մենք ամբողջական ցուցադրումը չենք ավարտի երկու տարում, քանի որ դրանք այնքան շատ են»:

Այս խոսքերով Իրանը վերջերս գաղտնազերծեց իր հրթիռներով գաղտնի ստորգետնյա բունկերներից հերթականը՝ առանց բառացի ասելու նկատի ունենալով, որ դրանք կարող են օգտագործվել հարվածների համար՝ ի պատասխան Թեհրանի կողմից Իսրայելի կամ Միացյալ Նահանգների ագրեսիայի:

Պաշտոնական Իրանը հենց իր հասցեին հնչող սպառնալիքների համատեքստում էլ կազմակերպել է «հրթիռային քաղաքների» բացահայտումը՝ որպես ուժի ցուցադրման յուրատեսակ որոշում:

Անցած շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները տեղակայել է մինչև վեց լրացուցիչ ռազմական ինքնաթիռ՝ հագեցած գաղտնի տեխնոլոգիայով, որոնք կարող են ամերիկյան ամենածանր ռումբերը տեղափոխել Իրանի և Եմենի տարածքում գտնվող ռազմաբազա: Այս մասին անանունության պայմանով Reuters-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:

106.jpg (58 KB)

Իրանը պատասխանել է՝ ասելով, որ Ամերիկայի մեծ ռազմական ներկայությունը տարածաշրջանում նշանակում է, որ նրանք գտնվում են «ապակե պատերով սենյակում» և չպետք է «քարեր նետեն»՝ չաքերից խուսափելու համար:

BBC-ն գրում է, որ Իրանը սպառնացել է ռմբակոծել Չագոս արշիպելագում գտնվող Դիեգո Գարսիա կղզում տեղակայված ռազմաբազան, որը Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածք է, որը փորձում են հանձնել Մավրիկիոս: Իրանը նախկինում չի հայտարարել, որ ունի նման հնարավորություններ։

Որո՞նք են այս, այսպես կոչված, «հրթիռային քաղաքները», ինչո՞ւ Իրանը որոշեց բացահայտել դրանք հիմա, և ի՞նչ է դա նշանակում Մերձավոր Արևելքում հնարավոր սրացման համատեքստում:

Ի՞նչ է նշանակում «հրթիռային քաղաք»

«Հրթիռային քաղաքներ»-ը տերմին է, որն օգտագործվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից՝ նկատի առնելով ստորգետնյա խոշոր հրթիռային բազաները: Այս հենակետերը երկրով մեկ սփռված խոշոր իրար միացած խոր թունելների համալիր են, որոնցից շատերը գտնվում են ռազմավարական նշանակության լեռնային շրջաններում:

107.jpg (40 KB)

Դրանք օգտագործվում են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև այլ ռազմավարական զենքեր, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը և հակաօդային պաշտպանության համակարգերը պահելու, արձակելու և փորձարկելու համար:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների խոսքով՝ հրթիռային այս քաղաքները պարզապես զենքի պահեստներ չեն։ Դրանցից մի քանիսը նաև գործարաններ են «հրթիռների արտադրության, պատրաստմանև ստուգման համար՝ նախքան մարտական հերթապահության անցնելը»։

Այս հրթիռային բազաներից ոչ մեկի ճշգրիտ վայրը հայտնի չէ և երբեք պաշտոնապես չի բացահայտվել, այն պետական գաղտնիք է:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն IRIB պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է նորագույն «հրթիռային քաղաքը»: Տեսանյութում նկարահանվել են բալիստիկ հրթիռներ և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք տեղակայված են գետնի խորքում:

108.jpg (89 KB)

Որպես հուշում, թե ինչու է դա տեղի ունենում հիմա, իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թեհրանը կօգտագործի այդ բազաներում առկա զենքերը՝ ի պատասխան «Իրանի դեմ թշնամական գործողությունների»:

«Եթե Իրանը հարձակման ենթարկվի տարածաշրջանի որևէ բազայից կամ իրանական հրթիռների տիրույթից դուրս, երկիրը որևէ տարբերություն չի դնի թիրախի ընտրության հարցում՝ բրիտանական կամ ամերիկյան», – հայտարարել է պաշտոնական Թեհրանը:

Վերջին 10 տարվա ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պարբերաբար հրապարակել է ստորգետնյա թունելների պատկերներ, որտեղ տեղակայված են մեծ թվով հրթիռներ, անօդաչու սարքեր և պաշտպանական համակարգեր՝ դրանք անվանելով «գաղտնի հրթիռային քաղաքներ»:

«Հրթիռային քաղաքների» կարևորությունը ԱՄՆ-ի և Իսրայելի համար

Ցույց տալով իր հնարավորությունները՝ Իրանը ձգտում է հետ պահել Իսրայելին և ԱՄՆ-ին հետագա էսկալացիայից:

Նոր կադրերում երևում են «Խեյբար Շեկան», «Հաջ Քասեմ», «Էմադ», «Սեջիլ», «Քադար-Ն» և «Պավե» թևավոր հրթիռները։

Իրանը պնդում է, որ իր թունելային զինանոցով կարող է խոցել թիրախներ մինչև 2000 կմ հեռավորության վրա:

109.jpg (62 KB)

«Էմադ» բալիստիկ հրթիռները օգտագործվել են 2024 թվականի ապրիլին Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ, որը վնասել է Իսրայելի կենտրոնական «Նավաթիմ» ավիաբազան։

Իրաքից, Սիրիայից և Հորդանանով Իրանից դեպի Իսրայել ամենակարճ ճանապարհը մոտ հազար կիլոմետր է: Իսրայելը հայտարարել է, որ 2024 թվականի ապրիլին հրթիռների 99%-ը որսացել է։ Հոկտեմբերին երկրորդ հարձակումը էական վնաս չի հասցրել։

Կասկածներ կան իրանական հրթիռների հեռահարության ու հզորության վերաբերյալ, ուստի վերջին հայտարարությունները, թե դրանք կարողանում են հասնել Դիեգո Գարսիա կղզում գտնվող ԱՄՆ ռազմաբազա, կարելի է կարևոր տեղեկատվական իրադարձություն համարել։

1970-ականների սկզբից Դիեգո Գարսիայի տարածքում գործում էր Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի ռազմական բազան: Այն լավ պաշտպանված է, բայց գտնվում է Իրանի տարածքից ընդամենը 3800 կմ հեռավորության վրա:

Իրանն այս շաբաթ կրկնել է այն պնդումները, որ իր Shahed-136B անօդաչու թռչող սարքերն ունեն մինչև 4000 կմ հեռահարություն, թեև դրա մասին դեռևս որևէ ապացույց չկա:

Թեև Իրանը ներկայումս չունի 2000 կմ-ից ավելի հեռահարությամբ հրթիռներ, այն տեսականորեն կարող է հարվածել կղզուն ռազմածովային միջոցներով կամ փոփոխելով իր գործող հրթիռային համակարգերը, գրում է BBC-ն:

110.jpg (74 KB)

Մերձավոր Արևելքում արդեն տեղակայված են ամերիկյան նշանակալի ուժեր, և ըստ հայտարարությունների, շուտով երկու ավիակիր կտեղակայվի տարածաշրջանում։

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Դիեգո Գարսիայի վրա կան B-2 ռմբակոծիչներ. դրանք արդեն ներգրավված են եղել Եմենում հութիների դեմ ամերիկյան վերջին գործողությանը։

«Եթե Իրանը կամ Իրանի վստահված անձինք սպառնան ԱՄՆ զինծառայողներին և ԱՄՆ շահերին տարածաշրջանում, Միացյալ Նահանգները վճռական քայլեր կձեռնարկի մեր ժողովրդին պաշտպանելու համար», – այս շաբաթ ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը:

ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը հրաժարվել է նշել, թե քանի B-2 ռմբակոծիչ կա Դիեգո Գարսիա բազայում՝ նշելով, որ չի մեկնաբանում դրանց մասնակցությամբ զորավարժությունները կամ գործողությունները։

Նշենք՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն ունեն ընդամենը 20 B-2 ռմբակոծիչ, ուստի դրանք հազվադեպ են օգտագործվում:

Ինչու՞ Իրանը համայն աշխարհին հենց հիմա պատմեց «հրթիռային քաղաքների» մասին

Իրանցի պաշտոնյաների նոր հայտարարությունները գալիս են Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև լարվածության աճի ժամանակ երեք հարցի շուրջ՝ Իրանի կողմից աջակցվող հութիների սպառնալիք, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ և Իսրայելի կողմից նոր հարձակումներ, որոնք ուղղված են Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» խմբավորման թուլացմանը:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և լրացուցիչ մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։

111.jpg (62 KB)

Բացի այդ, Իրանի և Իսրայելի միջև առճակատումը սաստկացել է անցյալ տարի, երբ երկու կողմերը փոխանակեցին հարվածներ, և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրթիռային օբյեկտի ցուցադրությունը, ըստ երևույթին, նպատակ ունի ընդգծելու Իրանի հարձակման դեպքում հզոր հրթիռային հարված հասցնելու կարողությունը:

Իրանը տարբեր պաշտոնյաների բերանով և պարբերաբար շարունակում է խոստանալ Իսրայելի դեմ նոր՝ երրորդ հարվածը։ Այնուամենայնիվ, Թեհրանը գտնվում է մշտական միջազգային ճնշման ներքո, և կասկածներ կան Թեհրանի՝ իր խոստումը կատարելու հնարավորության վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով, որ Իսրայելի հարվածները, ըստ երևույթին, թուլացրել են Իրանի հրթիռային հնարավորությունները:

Իրանի իշխանությունները նաև փորձում են քաղաքացիներին ցույց տալ, որ ի վիճակի են դիմակայել ԱՄՆ-ի ցանկացած սպառնալիքի։

Ստորգետնյա «հրթիռային քաղաքներ» կառուցելու նպատակն է բարձրացնել գոյատևումն ու դիմադրությունը օդային հարձակումներին և պահպանել զսպողությունը:

Նման «քաղաքներ» ստեղծելով Իրանը ցույց է տվել ԱՄՆ-ին և Իսրայելին, որ կարող է հակահարված տալ, եթե նույնիսկ հարձակման ենթարկվեն իր ցամաքային բազաները:

Ստորգետնյա բազաները հնարավորություն են տալիս հրթիռներ արձակել հակառակորդին անհայտ կետերից և թույլ չեն տալիս նրան ճշգրիտ գնահատել Թեհրանի ռազմական ներուժը։

«Ստորգետնյա քաղաքների» հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, որոնք Իրանը հմտորեն թողնում է չբացահայտված: