01/05/2025

Ի՞նչ կձեռնարկի Թրամփը, եթե Իրանը չհամաձայնի միջուկային ծրագիրը կասեցնելու լիբիական տարբերակին

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի բանակցություններն սկսվել են կես ժամ ուշացումով, իսկ համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է: Դոնալդ Թրամփը և Բենիամին Նաթանյահուն Սպիտակ տան Օվալաձև սենյակում լրագրողների հետ միայն կարճ շփում են ունեցել, որի ժամանակ էլ Միացյալ Նահանգների նախագահը բացահայտել է, որ ապրիլի 12-ին մեկնարկում են իրանա-ամերիկյան բանակցությունները:

Արևմտյան մեկնաբաններից մեկը Մերձավոր Արևելքում իրավիճակը բնութագրել է այսպես․ «Թրամփը ևս մեկ ավիակիր է մոտեցրել Իրանին, բայց և Նաթանյահուին սանձափոկ հագցրել»:

Թերևս այս երկվությունը ցրելու համար է, որ հաջորդ օրը, հայրենիք ուղևորվելուց առաջ, Իսրայելի վարչապետը որոշ մանրամասնություններ է ներկայացրել ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից:

Անդրադառնալով Իրանի շուրջ իրավիճակին՝ նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի հետ սկզբունքային համաձայնություն կա, որ Թեհրանը «երբեք միջուկային զենք չպետք է ունենա»: Ընդ որում՝ նա մասնավորեցրել է, որ իրանա-ամերիկյան բանակցություններին համաձայնություն է տվել մի նախապայմանով. Իրանի միջուկային ծրագիրը պետք է կասեցվի Լիբիայի օրինակով, երբ ամերիկյան հսկողությամբ բոլոր միջուկային օբյեկտները պայթեցվեցին:

Նաթանյահուն երկրորդ կարևոր խնդիր է դիտարկել Սիրիայում թուրքական ռազմահենակայանների ծրագրի չեղարկումը, քանի որ դրանք սպառնալիք կլինեն Իսրայելի անվտանգությանը: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ այդ հարցով Թուրքիան և Իսրայելն արդեն իսկ հատուկ ծառայությունների մակարդակով բանակցություններ են վարում: Նաթանյահուն, ընդհակառակը, լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահը համաձայնել է միջնորդ լինել:

Երրորդ խնդիրը, որի լուծման համար Իսրայելն ունի ԱՄՆ աջակցության կարիքը, վերաբերում է իսրայելցի պատանդների հայրենադարձությանը և Գազայում ՀԱՄԱՍ-ի իշխանության լուծարմանը: Երևում է՝ Գազայից պաղեստինցիների «տարհանման» հարցն այլևս օրակարգային չէ: ԱՄՆ նախագահի այդ գաղափարը բոլոր արաբական երկրները և իսլամական աշխարհը մերժել են:

Նաթանյահուի կողմից թվարկած նախապայմանները չափազանց ծանր են, գրեթե անիրականանալի: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, օրինակ, հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները մի նպատակ են հետապնդում՝ հասնել տնտեսական պատժամիջոցների լիակատար չեղարկմանը: Դա, ինչ խոսք, դիվանագիտական «հնարք» է, բայց գրեթե բացառված է, որ Իրանը համաձայնի իր միջուկային օբյեկտների պայթեցմանը, ինչպես խնդրի լուծումը տեսնում է Իսրայելի վարչապետը:

Միաժամանակ նա գրեթե անլուծելի խնդիր է առաջադրում նաև Սիրիայի հարցում: ԱՄՆ նախագահը մշտապես դրական է արտահայտվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, անգամ նրան գովել, որ շատ արագ հասել է Բաշար Ասադի տապալմանը:

Թուրքիան և Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերներ են, ԱՄՆ-ն Թուրքիայում ռազմահենակայաններ և ռադիոլոկացիոն կայան ունի, որոշ տեղեկություններով՝ նաև միջուկային մարտագլխիկներ:

Դոնալդ Թրամփի համար շատ բարդ կլինի Էրդողանին համոզել, որ հրաժարվի Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու ծրագրից: Շուրջ մեկուկես տասնամյակ Անկարան հսկայական միջոցներ, դիվանագիտական և տեղեկատվա-քարոզչական ահռելի ջանքեր է գործադրել, որպեսզի Սիրիայում իր ազդեցությունը տարածի և ամրապնդի:

Ներկա հնարավորությունը բացառիկ է, և Էրդողանն այն իրացնելու համար ոչինչ չի խնայելու: Այս փուլում, հավանաբար, լուծելի է իսրայելցի պատանդների հայրենադարձության և գերության մեջ մահացածների աճյունների վերադարձի հարցը: Բայց դրա փոխարեն Իսրայելը պետք է համաձայնի կայուն հրադադար հաստատելու առաջարկին:

Շրջասելով հայտնի թևավոր խոսքը, կարելի է ձևակերպել, որ Միացյալ Նահանգների նախագահի համար «ծանր է Թրամփի գլխարկը», այն պատասխանատվությունը, որ պաշտոնամուտի ելույթով նա ինքն է ստանձնել՝ ներկայանալով որպես հրաշագործ, որ կարող է միջազգային ամենաբարդ հարցերին գտնել հարմար լուծում: Ռուսաստանցի քաղաքագետ Պավել Կոշկինի գնահատմամբ՝ Թրամփն Իրանի հետ բանակցությունների չէր գնա, եթե ուկրաինական կարգավորման հարցում «մեծ առաջընթաց լիներ»:

Ըստ էության՝ սա արդարացի տեսակետ է, բայց չէ՞ որ Իրանի միջուկային ծրագրի քննարկումը նույնպես մեծ փորձություն է: Ի՞նչ կձեռնարկի Թրամփը, եթե Իրանը չհամաձայնի միջուկային ծրագիրը կասեցնելու լիբիական տարբերակին: