Օրերս Իսրայելի վարչապետի որդին, որ Գազայում պատերազմի սկզբից ի վեր մշտական բնակություն է հաստատել Ֆիլադելֆիայում և փաստացի խուսափում է պարտադիր զինվորական ծառայությունից, սոցիալական X հարթակում հայհոյական գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին:
Պատճառն այն է, որ Մակրոնը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները գնահատել է միջազգային իրավունքին հակասող և պաշտպանել անկախ պետություն ունենալու պաղեստինցիների իրավունքը:
Եվրամիության և մասնավորապես Ֆրանսիայի դիրքորոշումն իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում հայտնի է, Բրյուսելը նույնիսկ աջակցություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի որոշմանը, որով Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ճանաչվել է «պատերազմական հանցագործ» և տրվել նրա ձերբակալության օրդեր:
Այդ հայցը ներկայացրել է Հարավ-աֆրիկյան հանրապետությունը: Թուրքիան իր աջակցությունն է հայտնել ՄՔԴ որոշմանը:
Ուշագրավ է, որ Իսրայելի վարչապետի որդին Մակրոնի հասցեին գռեհիկ գրառումն ավարտել է «Կեցցե՜ անկախ Նոր Կալեդոնիան, կեցցե՜ անկախ Կորսիկան, ազատություն ֆրանսիական գաղութ Պոլոնեզիային» կոչով, որ բառացիորեն համընկնում է Ֆրանսիայի դեմ ամիսներ առաջ Բաքվում կազմակերպված միջոցառման կարգախոսին:
Այդ ֆորումի մասնակիցներին, ինչպես հայտնի է, ընդունել է Իլհամ Ալիևը և հայտարարել, որ Ադրբեջանը միանում է նեոգաղութականության դեմ միջազգային շարժմանը և ստանձնում առաջամարտիկի դեր:
Կարելի էր Նաթանյահուի որդու գրառման և Բաքվի հակաֆրանսիական քարոզչության նույնականությունը պատահական զուգադիպություն կամ Ադրբեջանի նախագահի կերպարով կրտսեր Նաթանյահուի «երիտասարդական տպավորվածության հետևանք» համարել, եթե դրան չհաջորդեր արդեն Իսրայելի վարչապետի սոցցանցային գրառումը:
«Ես անչափ սիրում եմ իմ որդի Յաիրին, նա իսկական սիոնիստ է և մտահոգված է հրեական պետության ապագայով»,- գրել է Բենիամին Նաթանյահուն՝ փաստացի համերաշխություն հայտնելով ոչ միայն Մակրոնի անվանարկմանը, այլև Ֆրանսիան որպես «գաղութային երկիր» որակելուն: Իսկ դրանից ուղղակիորեն հետևում է, որ նա նույնպես պաշտպանում է Նոր Կալեդոնիայի, Կորսիկայի և Պոլոնեզիայի անկախությունը:
Փաստացի բացահայտվում է, որ հակաֆրանսիական ձեռնարկումներում Ադրբեջանի և Իսրայելի մոտեցումները նույնական են: Կարելի է եզրակացնել, որ Բաքվում Ֆրանսիայի «նեոգաղութատիրության դեմ պայքարի առաջամարտիկների» ֆորումի կազմակերպմանը մասնակցել է նաև Իսրայելը, իսկ Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրվել են նաև իսրայելական հատուկ ծառայությունների միջամտությամբ:
Ֆրանսիան և Իսրայելը լուրջ տարաձայնություններ ունեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում ազդեցության հարցում: Պաղեստինի կամ Գազայում պատերազմի հարցը միայն առիթ է, որպեսզի պաշտոնական Փարիզը բացահայտի դժգոհությունները:
Մանավանդ վերջին շրջանում նկատվում է իսրայելա-հունական և իսրայելա-կիպրական համագործակցության հեռանկար, ինչը, բնականաբար, ուղղված է ֆրանս-հունա-կիպրական դաշինքի դեմ:
Ի դեպ, իսրայելա-հունա-կիպրական էներգետիկ ծրագրերին կարող է մասնակցություն ունենալ նաև Ադրբեջանը. Socar-ը Միջերկրական ծովի իսրայելապատկան հատվածում երկրաբանա-հետախուզական գործունեության արտոնագիր է ստացել:
Առերևույթ, սակայն, ստացվում է, որ Ալիևի հակաֆրանսիական քաղաքականությունն ուղղված է Պաղեստինի անկախության ճանաչման, Գազայում պաղեստինցիների տառապանքներին վերջ տալու ջանքերի դեմ: Ալիևը, մինչդեռ, Ֆրանսիային ներկայացնում է ոչ միայն որպես «գաղութարար», այլև «իսլամաֆոբ» երկիր, իսկ իրեն հռչակում «բարեպաշտ մուսուլման» և իսլամադավան ժողովուրդների պաշտպան:
Իրական քաղաքական ռեժիմում, ինչպես պարզվում է, Ալիևը ձգտում է Մերձավոր Արևելքի «արևի տակ տեղ ունենալ». Կասպյան էներգակիրների արդյունահանումը և տարանցումը խնդրահարույց է դառնում:
Իսկ իսրայելական կոնսորցիումը դեպի Եվրոպա գազի արտահանման մեծ հեռանկարներ է բացում: Ֆրանսիային մեկուսացնելու սեփական ռեսուրս Ալիևը չունի, Իսրայելի հետ կարող է: Եթե, իհարկե, արաբական աշխարհը Դոնալդ Թրամփին ավելի շահավետ գործարք չառաջարկի, և նա «չլքի Նաթանյահուի թիկունքը»:
Բաց մի թողեք
Ալիևը կրկին նախընտրել է «հենվել Պուտինի ուսին»
Վարդան Ղուկասյանը 2026 թ.-ին կարող է գլխավորել ՀՅԴ ցուցակը. Հետո՞ ինչ, որ ժամանակին ալերգիա ուներ շիրակցի դաշնակներից
Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. Լուսանկար