21/05/2025

Պետական քաղաքականության և անվտանգության համատեքստում առանցքային բացերից մեկն է

Ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով հասարակական-քաղաքական քննարկումները հերթական անգամ վկայեցին մի իրողության մասին, որը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության և անվտանգության համատեքստում թերևս առանցքային բացերից մեկն է:

Ընդ որում՝ վերջին տարիներին այդ բացն առավել սրվել ու խորացել է՝ հաշվի առնելով ծանր պարտությունը, Արցախի կորուստը և Հայաստանի քաղաքականության տրանսֆորմացիան: Խոսքը հայ-թուրքական հարաբերության մասին է:

Ըստ էության՝ անկախ Հայաստանի ավելի քան երեք տասնամյակի պատմության ընթացքում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների համախառն բերումով, այս հարցը գերազանցապես եղել է գործող իշխանությունների դաշտում՝ այդ կարգավիճակի բերումով, չդառնալով ընդհանրապես հասարակական-քաղաքական օրակարգի առարկա, չլինելով փորձագիտական հանրույթի դիտարկման հարց, հայեցակարգերի, մտքերի, գաղափարների, սցենարների մշակման ենթակա խնդիր:

Այն դեպքում, երբ հայկական պետականության համար հարցը մի շարք օբյեկտիվ հանգամանքների բերումով դասվել է առանցքային, ֆունդամենտալ նշանակության խնդիրների շարքին, պահանջելով թե՛ օպերատիվ, տակտիկական, թե՛՛ ռազմավարական մակարդակում անընդհատ ուշադրություն ու մշակումներ:

Այսօր պարտությունից և Արցախի կորստից հետո հայ-թուրքական հարաբերության, Թուրքիայի հանդեպ Հայաստանի քաղաքականության հարցն առավել, քան երբևէ հայտնվել է էմոցիաների և քաղաքական հարաբերությունների բերումով նաև սրվող ծայրահեղությունների դաշտում:

Իսկ ծայրահեղությունների դաշտում հնարավոր չէ հանգել ռացիոնալ և արդյունավետ եզրահանգումների, հնարավոր չէ երկու ծայրահեղությունների՝ կամ-կամ-ների միջավայրում գտնել պետական քաղաքականության արդյունավետ ճանապարհ, անկախ, թե ինչ հարցի կամ թեմայի է վերաբերում խոսքը:

Եվ առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետականության համար իսկապես կարևորագույն նշանակություն ունեցող թեմաների, որոնցից մեկը, իհարկե, Թուրքիայի հետ հարաբերության հարցն է: Անկասկած է, որ Հայաստանում երկու ծայրահեղությունների այդ սրվող միջավայրն ավելացնում է Հայաստանի հանդեպ Թուրքիայի՝ առանց այդ էլ եղած առավելությունը:

Ամենացավալին այն է, որ չի նշմարվում առկա միջավայրից դուրս գալու իրատեսական և հավանական ճանապարհ: Մի կողմից գործող իշխանությունն է՝ ըստ էության գրեթե ամբողջապես թուրքական նարատիվների հանդեպ լոյալությամբ, մյուս կողմից՝ թե՛ այդ լոյալությունից, թե՛ նաև ներքաղաքական պայքարի տրամաբանությունից բխող հակառակ ծայրահեղությունը, որտեղ ավելի շատ էմոցիոնալ հակադրություն է իշխանության քաղաքականությանը, քան այդ քաղաքականության ռացիոնալ ընդդիմախոսության, հակադարձման, և հանրությանը ռացիոնալ ու համոզիչ այլընտրանքի մատուցման միջավայր:

Այդպիսով, երկու ծայրահեղությունները կամա, թե ակամա սնուցում են միմյանց, որի հետևանքով, սակայն, սնուցում չի ստանում Հայաստանի քաղաքական միտքը, հետևաբար պետական կենսունակությունը: