2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախն արդեն վերջնականապես հանձնված էր թշնամուն, Ստեփանակերտում մարդիկ, քաղաքը լքելուց առաջ, պոկում էին հերոսների հուշատախտակից իրենց զոհված հարազատների նկարները, որպեսզի ադրբեջանցիները չպղծեն հերոսների հիշատակը:
Բայց հիմա նույն գործով զբաղվում են ազգությամբ հայերը՝ ընդ որում, նրանք, ովքեր պաշտոնապես համարվում են Հայաստանի իշխանություն: Այլ հետեւություն ես չեմ կարող անել նիկոլական քարոզչի՝ որեւէ լուրջ, գիտական ուսումնասիրություններով, հավաստի սկզբնաղբյուրներով չհիմնավորված այն պնդումներից, որ նացիստները գալիս էին Կովկաս՝ Արեւմտյան Հայաստանը թուրքերից ազատագրելու եւ մեր պատմական տարածքները մեզ վերադարձնելու նպատակով:
Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ հարյուր հազարավոր հայեր «սխալ կողմից» են կռվել եւ իզուր են զոհվել՝ նրանք պետք է մաս կազմեին, Վերմախտի եւ Գերմանիայի զինված ուժերի հետ ազատագրեին Վանն ու Արդահանը: Եվ խոսքը ոչ միայն Խորհրդային Միության քաղաքացիների մասին է:
Դե, քանի որ նացիստներն այդքան «հայամետ» էին, Եվրոպայում հայերը (օրինակ, Միսաք Մանուշյանի խումբը) նույնպես չպիտի դիմադրեին գերմանական օկուպացիային: Իսկ գուցե այն, ինչ նացիստներն անում էին Աուշվիցում եւ Դախաուում, նույնպե՞ս «միֆ» է, որը պետք է «քողազերծվի»:
Խնդիրն, իհարկե, ակադեմիական չէ եւ մեկ «գիտնականի» կարծիք չէ: Եթե այդ քարոզչությունը հեռարձակվում է պաշտոնական թիվ մեկ խոսափողով՝ Հ1-ով եւ մայիսի 9-ին, ապա դա հստակ քաղաքական ուղերձ է, որն ուղղված է Հայաստանի ներկայիս հասարակությանը: Ուղերձը բաղկացած է երկու մասից:
Առաջինը ռուսներին մի թեթեւ «բշտելն է»՝ հաշվի առնելով այն սակրալ նշանակությունը, որը Ռուսաստանում տրվում է Մեծ Հայրենական պատերազմին:
Բայց երկրորդ մասն ավելի կարեւոր է եւ ավելի ցավալի: Մեզ փորձում են համոզել, որ հայրենիք չկա, այն պաշտպանող հերոսներ չկան՝ կային մոլորված մարդիկ, որոնք անիմաստ ձեւով զրկվեցին կյանքից: Եվ այդ քարոզն, իհարկե, վերաբերում է նաեւ Արցախյան պատերազմներին:
Բացի այդ ամենից՝ ներկա իշխանություններին, իրենց կարճ, գավառամիտ խելքով թվում է, թե նացիզմի արդարացումը (քանի որ «հակառուսական է») պետք է, որ դուր գա եվրոպացիներին եւ ամերիկացիներին: Այդպես նրանք փորձում են Արեւմուտքի աչքը մտնել:
Դա տգիտության հերթական դրսեւորումն է՝ այդ մարդիկ իսկապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում նկարիչ, արվեստագետ Կարեն Քյուփելյանի պաստառն է, որը նա պատրաստվում էր մայիսի 9-ին պարզել «Մայր Հայաստան» արձանի մոտ ցույցի ժամանակ, սակայն տնից դուրս գալով՝ ձերբակալվեց: Նույն օրը Հ1-ին տված հարցազրույցում ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Գերմանիան ուներ ծրագիր, կոչվում էր օպերացիա «Գերթրուդա»… եւ մշակված այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայի ուղղությամբ… դե գիտեք, որ Բուլղարիան այդ ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր… Բուլղարիայից պիտի որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում՝ նաեւ արդեն ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանից… նաեւ հայկական լեգեոնները՝ գիտեք, Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանն այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերու կարգավիճակ ունեցող հայերից ձեւավորեն հայկական լեգեոններ… Եթե նման բան լիներ, պիտի եւ Բուլղարիայից, եւ Հայաստանից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան: Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ միացյալ, պատմական Հայաստանի ստեղծում»:
Բաց մի թողեք
Ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում
Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Հովհաննիսյան
Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. Պետրոսյան