Իսրայելական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ կամ Էր-Ռիադում, կամ Դոհայում:
Turkiye gazetesi-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սիրիայի նախագահները և Սաուդյան Արաբիայի արքայազնը «կհանդիպեն տեսակոնֆերանսի ձևաչափով»: Այս տեղեկություններից ո՞րն է ամենահավանականը, արդեն էական չէ:
Փաստ է, որ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշման մասին: Ընդ որում, նա բացահայտել է, որ այդ քայլին գնում է Թուրքիայի նախագահի խնդրանքով և հանուն Սաուդյան Արաբիայի արքայազնի, որի համար պատրաստ է ամեն ինչ անել:
Թուրքական աղբյուրները միաժամանակ հայտնում են, որ վերջին շաբաթներին ԱՄՆ հատուկ ծառայությունների, պենտագոնի և պետական դեպարտամենտի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել «Քրդական բանվորական կուսակցության» պատասխանատուների հետ:
Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան բանագնացները քրդական կազմակերպություններին համոզել են, որպեսզի ՔԲԿ-ի ինքնալուծարմանը զուգահեռ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններից մոտ տասը հազար զինված քրդեր հեռանան:
Թուրքական բանակի «պաշտոնաթող» գնդապետ Միթհատ Իշիկը, որ Սիրիայի հյուսիսում ավելի քան մեկ տասնամյակ գլխավորել է քրդերի դեմ ԱԹՍ-երի հարձակումները, Turkiye gazetesi-ին ասել է, որ ԱՄՆ-ի այդ որոշումը չափազանց էական նշանակություն ունի, քանի որ «Եփրատի հովիտը վերահսկելու ծրագիրն իրականում իսրայելական է»:
Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա պետք է ենթադրել, որ Վաշինգտոնը մտադրված է լուծարել Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական փաստացի ինքնավարությունը, որպեսզի տեղաշրջանն անցնի Դամասկոսի անցումային կառավարության հսկողությանը:
Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանը Միացյալ Նահանգների նախագահին ուղղակի մեղադրել է «ջիհադական ալ-Շարաայի հետ բարեկամանալու մտադրության» մեջ՝ ի հակակշիռ պաշտոնական Երուսաղեմի անհանգստության, որ Սիրիայից նոր հարձակման վտանգ է տեսնում և այդ երկրի հարավում ձեռնարկում է կանխարգելիչ քայլեր:
Թուրքական «Անադոլուն» վերլուծական հոդված է հրապարակել, որի հեղինակը կատարցի ուսումնասիրող Ալի Բակիրն է: Նա կարծում է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահ ալ-Շարաան «փակ խողովակներով Վաշինգտոնին խոստացել է միանալ «Աբրահամի ուխտին» և Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, եթե Միացյալ Նահանգները երաշխավորի Սիրիայի տարածքային, քաղաքական և ազգային ամբողջականությունը»:
Իսրայելն, ինչպես սիրիական և թուրքական աղբյուրներն են կարծում, նպատակադրված է «Սիրիայի հյուսիսում կազմավորել քրդական, իսկ հարավում՝ դրուզական ինքնավարություններ, որպեսզի նրանց միջոցով արաբական հանրապետության նկատմամբ վերահսկողություն հաստատի»:
Առկա իրավիճակում, երևում է, Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի ամբողջականության պահպանման թուրքական նախագիծը, որին, ամենայն հավանականությամբ, աջակցում են Պարսից ծոցի արաբական միապետությունները, ամենից առաջ՝ Սաուդյան Արաբիան:
Թուրք «պաշտոնաթող» գնդապետ Իշիկի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները ո՛չ Թուրքիայի օգտին է գործում, ո՛չ ընդդեմ Իսրայելի, ընդամենը փորձում է քողարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի անվան տակ Սիրիայում կուտակված սպառազինությունների հարցը»:
Նա գտնում է, որ ԱՄՆ-ն և կոալիցիոն դաշնակիցները «միջազգային հանցագործություն են կատարել», և Դոնալդ Թրամփն ընդառաջում է Թուրքիային, որպեսզի նոր իրավիճակում Անկարան այդ հարցերը չմիջազգայնացնի:
Ո՞րն է Սիրիայի հարցում ԱՄՆ նախագահի լոյալության բուն շարժառիթը՝ տեսակետները տարբեր են, ինչը միանգամայն բնական է: Բայց դրանից գործընթացների տրամաբանությունը չի փոխվում. Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում ուժերի նոր հարաբերակցություն է ձևավորվում, նոր կոնյուկտուրա, որ պայմանավորված է արաբական միապետությունների ֆինանսա-տնտեսական ահռելի ռեսուրսներով:
Կոպիտ ասած՝ ԱՄՆ համար Սաուդյան Արաբիան, Միացյալ Էմիրությունները տնտեսական դոնորներ են, իսկ Իսրայելը՝ հավերժական սպառող: Փոփոխվող իրավիճակի նկատմամբ չափազանց զգայուն է նաև Ադրբեջանը:
ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ գործնական շփումներին գումարվել է Բահրեյնի նկատմամբ սևեռուն ուշադրությունը: Վերջերս Ջեյհուն Բայրամովն այցելել է այդ երկիր: Ըստ երևույթին, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման հարցում Իլհամ Ալիևը խաղադրույք է դնում Պարսից ծոցի արաբական միապետությունների վրա:
Բաց մի թողեք
Ադրբեջանի կողմից նոր կետեր են թելադրվում, որոնք Հայաստանի իշխանությունն արագ ընդունում է
Նաթանյահուն «հոտ է առել» և որոշել է միանալ Լաչինի եռյակին
Մի՞թե Ադրբեջանը «Սարդոստայնի» մասնակից է