19/10/2025

Ընտանիքներում կռիվ է ընկնելու, իրար են ծեծելու․ Աշոտ Ավագյան

Արմավիրի Մերձավան բնակավայրի դպրոցում կատարվող դեպքերի մասին ամբողջ Հայաստանն իմացավ՝ ողջ ուսուցչական կազմը, աշակերտները, նրանց ծնողները բողոքում են պատմություն դասավանդող ուսուցչի՝ Ռոզա Դավթյանի դեմ:

Խառը իրավիճակ է, դժվար է որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ։ Այս պարագայում թերեւս պետք է ելնել նրանից, որ եթե կա նման անհանդուրժողականություն եւ թեժ վեճ, ուրեմն վեճի երկու կողմն էլ հավասար չափով մեղավոր են։

Բայց մեր ուշադրությունը հատկապես գրավեց այն, որ ծնողները, աշակերտները, ուսուցչական կազմը խոսում են այն մասին, որ ուսուցիչն արցախցիների հանդեպ ատելություն է քարոզել, վիրավորել աշակերտներին, բայց քարոզել է հօգուտ թուրքերի՝ ասելով, թե նրանց մեջ էլ լավ մարդիկ կան: Հանրությունը բաժանվել է երկու մասի՝ մի մասի քննարկման առարկան աշակերտների ու նրանց ծնողների խոսույթն է, մյուս մասինը՝ թուրքերի հանդեպ սեր քարոզող ուսուցչի հարցը:

Այս միջադեպի մասին «Հրապարակը» զրուցել է ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, գեղանկարիչ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի հետ:

– Թուրքերի հանդեպ սեր եւ հանդուրժողականություն քարոզող հայ ուսուցչուհու դեմ բողոք են կազմակերպել ծնողներն ու ուսուցչական կազմը, ԿԳՄՍՆ-ն աշխատանքից ազատել է դպրոցի տնօրենի պաշտոնակատարին: Կարծում եք՝ թրքասիրության քարոզն արդեն դպրո՞ց է թափանցել:

– Նոր չի ներթափանցել՝ էլի դեպքեր են եղել, երբ ուսուցիչները կողմ էին թրքասիրությանը, երբ դասագրքերում փոփոխություններ էին արել: Այդ ժամանակից ի հայտ եկան ուսուցիչներ, որոնք պրոթուրքական՝ սիրո դրսեւորումներ էին ունենում աշակերտների մոտ: Դա նորություն չէ, արդեն պիտի լիներ դա, դա հետք է, չէ՞, թողնում՝ մեկ, երկու, երեք, հետո՝ չորս, եւ արդեն բացեիբաց ասում են: Ես բնական եմ համարում դա, ընդամենը սպասում եմ, որ իշխանությունը փոխվի, եւ այդ պատմությունները վերանան:

– Ի՞նչ վտանգավոր տենդենց եք տեսնում:

– Իրենք իրենց գաղափարախոսությունը պիտի տարածեն, չէ՞։ Ինչպե՞ս են տարածելու՝ դպրոցով: Ես երբ ասում էի՝ 2018, 2019, 2020-ին, որ մանկապարտեզից է պետք երեխային դաստիարակել, կրթել, հենց այնպես չէի ասում: Ես երկար տարիներ ուսուցիչ եմ աշխատել ու գիտեմ, թե ինչպես կարելի է 4-5 տարվա մեջ հասարակություն ստանալ: Ես, իհարկե, դասարան էի ստանում 2-3 տարվա մեջ, դա իրենք էլ գիտեն՝ միայն ես չէ, որ դա գիտեմ, լիքը մարդ կա, որ դա գիտի, ամբողջ աշխարհը գիտի՝ եթե ուզում ես գաղափարը տարածել, ուրեմն պիտի մտնես դպրոց: Ես դա բնական եմ համարում, իրենցից էլ ուրիշ սպասելիք չունենք: Վատն այն է, որ դա ես եւ Դուք ենք հասկանում, բայց բազմաթիվ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, եւ ուր է դա տանում:

– Մարդկանց մեծամասնությունը կենտրոնացել է աշակերտների՝ պատմության ուսուցչուհու հետ խոսելու տոնայնության ու ձեւի վրա: Դուք երեխաների՞ մեղքն եք տեսնում, թե՞ ուսուցչի բացթողումն է, որ աշակերտները կարող են նման կերպ խոսել իր հետ:

– Սկզբից ուսուցչի բացթողումն է, հետո երեխան գնում է տուն, այնուհետեւ ծնողի բացթողումն է: Տանն այդ երեխան խոսում է եւ այդ մտքերն արտահայտում է, ու ծնողը պիտի ասի՝ այ երեխա, չի կարելի, այդ ո՞վ է քեզ սովորեցրել: Ապա ծնողը պիտի գնա դպրոց ու ուսուցչից պատասխան պահանջի, բայց չեն անում: Այսինքն, դպրոցը տեղափոխվում է տուն՝ երեխան ի՞նչ մեղավոր է, երեխան սափորի պես է․ գինի լցրեցիր՝ գինու սափոր կլինի, ջուր լցրեցիր՝ ջրի սափոր է լինելու:

– Շատերը բողոքում են նաեւ այն հանգամանքից, որ աշակերտն ու ծնողը չափից դուրս շատ արտոնություն ունեն ուսուցչի նկատմամբ:

– Դա լրիվ ուրիշ հարց է: Դա նաեւ այդ՝ ԿԳՄՍՆ է, ինչ է, իրենց բացթողումն է, իշխանությունները թույլ են տալիս դա: Եթե ուզում ես հասարակություն ունենալ, պիտի ուսուցչին բարձր աշխատավարձ տաս: Հայրս ուսուցիչ է եղել, 40-ականների, 50-ականների վերջերին, բարձր էին վարձատրում ուսուցչին, ու պետության կողմից հարգանք կար ուսուցչի հանդեպ: Հիմա հակառակն է գնում, ես այն ժամանակ նույնիսկ մորս հարցրել եմ՝ պապան դասատո՞ւ է, մայրս ասել է՝ այո, ասել եմ՝ բա ինչի՞ է հաց ուտում, հասկանո՞ւմ եք: Ուսուցչի նկատմամբ հարգանք կար, աստվածացնել չէ, բայց մոտավորապես նման բան կար: Եթե ուսուցիչ էր, ապա ամբողջ համայնքում ինքը հարգված էր, ես դրանք տեսել եմ: Նույնիսկ հիմա կա այդ հարգանքը, մինչեւ հիմա նույնիսկ նրանք, ում ես դաս չեմ տվել, ինձ Ավագյանով են դիմում՝ ազգանունով: Իսկ դա այդ հարգանքից է գալիս, որի նշույլները կան, իրենք նույնիսկ կարող է չեն էլ գիտակցում, թե ինչու են ինձ Ավագյանով դիմում: Պետությունն ինչպես վերաբերվի ուսուցչին, այնպես էլ սկզբից ծնողներն են վերաբերվելու, հետո էլ՝ արդեն աշակերտները: Մի զարմացեք, ավելի վատ բաներ են լինելու, համբերեք: Թրքասիրության պատճառով տներում կռիվ է ընկնելու, կարող է մեկը մեկին ծեծի, հատկապես կանայք՝ իրենց ամուսիններին, որովհետեւ կանանց մոտ ավելի հեշտ է այդ ուտելու գաղափարը, լավ հագնվելու գաղափարը ներդնել, քան՝ տղամարդու: Տղամարդիկ մի քիչ ավելի անտարբեր են այդ կենցաղային հարցերում, դա էլ սպասեք, չի ուշանալու: Եթե սրանք մնացին իշխանության, մի երկու-երեք տարում դա էլ կլինի: Բայց հուսով եմ, որ լավ է լինելու, կարեւորը՝ սրանք գնան: Լավ է լինելու՝ ես վստահ եմ:

«Հրապարակ». Թրքասիրության պատճառով ընտանիքներում կռիվ է ընկնելու, մարդիկ իրար ծեծելու են