Դպրոցականների շրջանում թմրանյութերի հնարավոր շրջանառության հարցը խիստ մտահոգիչ է: Սա ավելի ընդգծվեց, երբ հայտնի դարձավ, որ Մխչյան գյուղի դպրոցներից մեկում բարձր դասարանի մի քանի աշակերտ չորս ամիս շարունակ հետապնդել է 4-րդ դասարանի երկու երեխայի, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, լցրել բերանն ու այդպիսով ըստ նախնական տեղեկությունների՝ կախվածություն առաջացրել: Հետո ստիպել են, որ գումար տան իրենց:
4 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, 2-ի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, մեկն էլ տնային կալանքում է: Քննչական կոմիտեն այդ ճերմակ փոշին փորձաքննության է ուղարկել:
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես արձանագրել էր՝ դպրոցներում թմրանյութերի տարածվածության մասով խնդիրը ահագնացող է։ Ըստ նրա՝ ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում, որի արդյունքում քննարկել են մի քանի գործիքակազմ, որոնք կարող են օգնել հաստատություններում կանխարգելիչ աշխատանքներն առավել լավարկելու հարցում։
«Մյուս կողմից պարզ է, որ սա շատ զգայուն թեմա է։ Կան բազմաթիվ աշակերտներ, որոնք որևէ կերպ նման գործընթացներում ներառված չեն, և նրանց համար կարող է շատ զգայուն լինել նման թեմաների մեջ մտնելը։ Հիմա փորձում ենք գործիքակազմ մշակել, տեսնենք՝ ինչպես կարող ենք ավագ դասարաններում, որոնք առավել ռիսկային են, կանխարգելիչ միջոցառումները խստացնել»,- ասել էր նա։
Վերջինս տեղեկացրել էր նաև, որ աշխատանքներ են իրականացնում դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման ուղղությամբ․ առաջիկայում կմեկնարկի գործընթաց, որով նախատեսվում է ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել, որպեսզի դպրոց ելքն ու մուտքն առավել կառավարելի լինի։ Հստակ տեսանելի կլինի, թե ովքեր են դպրոց մտել, ովքեր են դուրս եկել, ուշադրության կենտրոնում կլինեն նաև աշակերտների հաճախումները։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը նկատում է՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում շրջաբերական է հասցեագրվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, որով տրվել է հանձնարարական՝ թմրանյութերի վերաբերյալ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների ծնողների և մանկավարժական անձնակազմի հետ։
Պետրոսյանը նաև անդրադարձել է հարցին, թե արդյոք ոստիկանության կողմից տարվող աշխատանքների ընթացքում եղե՞լ է դեպք, երբ հայտնաբերվել է անչափահաս, որը դպրոցում թմրանյութեր է շրջանառել կամ օգտագործել․ «Եղել է մի դեպք 2024 թվականին Էրեբունու տարածքում, որի փորձաքննության արդյունքում պարզվել է՝ անչափահասի մոտ եղել է ընդամենը Վիտամին Ց։ Այլ դեպքեր դեռևս չեն գրանցվել»։
Նրա խոսքով՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման նպատակով նախատեսվում է ներդնել մուլտի թեստերի գործածության գործիքակազմ ծնողների ներգրավմամբ, որի արդյունքում կպահպանվի նաև անձնական տվյալների գաղտնիությունը, քանի որ հետագա հետազոտությունների արդյունքները պարունակում են բժշկական գաղտնիք։
«ՆԳՆ ոստիկանության և ՀՈԳՎ և ենթակա տարածքային ստորաբաժանումներն իրականացրել են կանխարգելիչ բնույթի աշխատանքներ՝ ապօրինի թմրաշրջանառության դեպքերի նվազեցման նպատակով, որի շրջանակներում բացառապես անչափահասների ծնողների, ուսումնական հաստատությունների վարչակազմի հետ իրականացվել են իրավական իրազեկման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, վաղօրոք կանխել հնարավոր բացասական հետևանքները»,- ասում է նա։
Ինչ վերաբերում է տելեգրամյան ալիքներով թմրանյութեր վաճառողների կողմից դրանք դպրոցի տարածքում թաքցնելուն, Պետրոսյանը նկատում է․ «Խնդիրն այն է, որ նպատակը ոչ թե դպրոցներն են, այլ այնպիսի վայրերը, որը տեսադաշտից հեռու է և կողմնորոշիչ բան ունի, օրինակ՝ ծառ։ Այդ նույն հաջողությամբ տեղադրումները կատարվում են այգիներում, պուրակներում»։
Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանի՝ նախարարությունը ԿԳՄՍ նախարարության հետ նաև քննարկում է ուսումնական հաստատություններում անվտանգային համակարգերի տեղադրման գործընթացը։ Նա համոզված է, որ նման համակարգի միջոցով 90 տոկոսով հնարավոր կլինի կանխել դեպքերը, ինչպես, օրինակ, կատարվել են Մխչյան գյուղի դպրոցում։
«Մենք նաև ԿԳՄՍՆ-ին ենք փոխանցել ոստիկանության մոնիթորինգի արդյունքները, թե ամբողջ Հայաստանի Հանրապետությունում որքանով են դպրոցները հագեցված տեսախցիկներով, դրանցից քանիսն են գործում տեսագրման, քանիսը՝ ուղղակի տեսադիտման կարգով, քանիսն են ձայնով, քանիսը՝ առանց ձայնի։ Այսինքն՝ այդ առումով մոնիթորինգ ենք կատարել և փոխանցել ենք նախարարության գործընկերներին, իրենք պետք է ստեղծեն անվտանգային համակարգ դպրոցներում։ Խնդիրն այն է, որ կանխարգելման համար պետք է կատարել մի քանի քայլ, օրինակ՝ տեսախցիկներ, որոնց տեղակայման վայրերը որոշվելու են ՆԳՆ ոստիկանության համաձայնությամբ, քանի որ կան առավել ռիսկային գոտիներ, որտեղ տեսախցիկների տեղադրումը շատ ավելի կարևոր է։ Պետք են նաև լուսավորություն, ցանկապատում, որ հեշտ չլինի թեկուզ երեկոյան ժամերին այդ տարածքներ թափանցելը»,- ասում է նա:
Բաց մի թողեք
Ֆիշինգային խաբեության նոր մեթոդ List.am-ում. Լուսանկարներ
Ինչ է պետք իմանալ Սոնա Մնացականյանի վրաերթի վճռի մասին․ Լուսանկար
ՀԱՀ-ից ինձ առաջարկվել էր ընդհատել դասավանդումը բուհում, ընդհատել եմ․ Ֆարմանյան