Կիպրոսը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին և ընդգծում դրա կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի տեսանկյունից։
ԱԺ-ում ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։
«Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրեց այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո, խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի:
Կայունությունը և խաղաղությունը նպաստելու են Հայաստանի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու եվրոպական հեռանկարի ամրապնդմանը։
Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵՄ-ին, ինչպես նաև մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է»,- ասել է նա:
Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է, որ Կիպրոսում ևս խաղաղության խնդիրն առկա է արդեն կես դար և ինքն առավել, քան ուրիշը, հասկանում է Հայաստանին:
«Կիպրոսն արդեն 50 տարի է՝ կիսված է։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում ապրել երկարատև հակամարտության պայմաններում։ Այդ փորձառությունն էլ է պատճառը, որ Կիպրոսն աջակցում է հայ ժողովրդին՝ խաղաղություն հաստատելու ջանքերում»,- եզրափակել է Կիպրոսի խորհրդարանի նախագահը։


Բաց մի թողեք
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան
Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն
Ինչ է իրականում կատարվում Վաղարշապատում․ Ձայնագրություն