30/07/2025

Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում

Փաշինյանի իշխանությունն ու նաև այդ իշխանության քաղաքական շահերի սպասարկմանը լծված իրավապահ մարմինները գնալով ավելի ու ավելի զավեշտալի վիճակներում են հայտնվում:

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրինակ՝ քրեական հետապնդում են նախաձեռնում 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցն ու «ողջույնը»… լուսաբանած լրագրողուհու դեմ:

Նմանապես նյարդային են արձագանքում, անգամ կարող են քրեական «գործ» բացել» սոցցանցային գրառումների, անգամ՝ մեկնաբանությունների, նույնիսկ՝ «լայքերի» հետ կապված:

Սա արդեն խոր հիստերիայի ախտանշան է: Մինչև այս էլ փաշինյանական իշխանությունը սոցցանցային գրառումների հետ կապված նման դրսևորումներ ունեցել է, բայց հիմա դա ավելի շատ է ընդգծված:

Խնդրեմ, այլ թարմ օրինակ. Նոր Նորքի տարածքից բերման են ենթարկել «Սրբազան պայքարի» ակտիվիստ երեք աղջնակի, որոնց «մեղքն» ընդամենը այն է, որ Փաշինյանի դիմանկարով և «Չենք վստահում» գրառումով պաստառներ էին փակցնում:

Աղջիկներին, իբր զենք-զինամթերք ունենալու կասկածով, ժամեր շարունակ պահել են ոստիկանությունում՝ նպատակ ունենալով քրեական «գործ» հարուցել: Որոշ ժամանակ անց աղջիկներին ազատ են արձակել, նրանց մոտից բռնագրավել են… սոսինձն ու պաստառները:

Չէ, Փաշինյանի իշխանությունն, ինչպես երևում է, «ցայտնոտի» ու վախերի մեջ է: Ու այդ վախերը հասել են այն աստիճանի, որ պլակատը, թռուցիկը և սոսինձը ընկալվում են որպես «զենք», իսկ պլակատ փակցնողները՝ երևի ծանր ոճրագործներ:

Պատկերացնում ենք, թե ինչ զգացողություններ են իշխանությունների մեջ, ասենք՝ հենց «Սրբազան պայքարից»…

Ի դեպ, անեկդոտային վիճակի մասին մի «մորուսակիր անեկդոտ». մի մարդ պատին սոսինձ է քսում, ոստիկանները մոտենում են, թե ի՞նչ ես անում: Մարդը՝ թռուցիկ եմ փակցնում: Ձեռքերը ոլորում են, տանում «բաժին»:

Բաժնի պետը, թե՝ ի՞նչ էիր անում: Մարդը՝ թռուցիկներ էի… Ոստիկանապետը, թե՝ «բայց այս թղթերի վրա ոչինչ գրված չի»: «Ի՞նչ գրեմ, ամեն ինչ այնպես էլ պարզ է»,- հետևում է պատասխանը…