ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ:
Հրապարակ թերթը գրել է․ Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորած անձանց հարազատներին: Հատուկ նշել են, որ «հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ»։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հարազատների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին առնչվող եւ հումանիտար հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո, եւ մանդատի շրջանակներում շարունակելու է համապատասխան աշխատանքներ տանել։
Պաշտպանն ընդգծել է, որ իրավասու մարմինների կողմից շարունակական քայլեր պետք է ձեռնարկվեն՝ գտնվելու վայրը, անհայտ անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաեւ նրանց հարազատների բոլոր իրավունքների երաշխավորման ուղղությամբ:
Անհետ կորածի մայր Հռիփսիմե Հակոբյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչի՞ շուրջ է եղել ծնողների եւ Անահիտ Մանասյանի հանդիպումը: «Արդեն հոգնել ենք նույն բանը լսելուց, ոչ մի նոր բան, ոչ մի բովանդակություն, անիմաստ զրույցներ: Այսուհետ ոչ մի հանդիպման ես չեմ մասնակցելու, վերջ: Գնում ենք, որ ի՞նչ, ամեն մեկը մի սուտ է հորինում ու ճանապարհում: Պետք է ծնողներով կոշտ միջոցների դիմենք, պետք է ցույցեր կազմակերպել, սրանց հետ միայն այդ ձեւով, ուրիշ ոչ մի հանդիպում: Գնում ենք, մեզ խաբում, ճանապարհում են, ոչ մի լուրջ խոսակցություն: Ծնողները լուրջ ակնկալիքով գնում են ԱԱԾ տնօրեն Աբազյանի մոտ, նա փոխանակ լուրջ աշխատանք անելու, ծնողներին մատաղ է խոստանում՝ ինչ-որ ամսի 18-ին…. բայց ես ո՛չ մասնակցում եմ նման բաների, ո՛չ էլ, չեմ էլ ուզում դրանց տեսնեմ: Չեմ հասկանում՝ էս ինչ խաղեր են խաղում, իբր տղաների համար մատաղ են անում, որ ողջ-առողջ վերադառնան տուն: Գյումրիում է նախատեսված եղել, բայց ես մերժել եմ: Ոչ մի տեղ այլեւս չեմ գնալու, ոչ մեկը ոչ մի բան չի անում, ամեն մեկը մի բան խաբում է ու տուն ճանապարհում մեզ: Եթե վարչապետն է խաբում, գնում ենք նրա մոտ, ես անձամբ խնդրում եմ վարչապետին, ասում եմ` գնացեք, միջազգային հարթակներում Ձեր ձայնը բարձրացրեք, իսկ նա ոչ մի քայլ չի անում, մատը մատին չի տալիս, էլ ումի՞ց ինչ սպասենք: Ալեն Սիմոնյանն էլ հայտարարում է, որ Ղարաբաղը երբեք մերը չի եղել, բա որ մերը չի եղել, այ տղա ջան, իմ երեխուն ո՞ւմ համար տարաք: Բոլորն էլ խաբում են, լուրջ խոսք չկա, որ գնաս լսելու: Խաբում են` լավ կլինի, բայց տեսնում ես, որ` չէ, ժամանակ են շահում, ոչ մի բան չեն անում, այնպես են անում, որ ծնողներով սսկվենք, բայց պետք է ծնողներով լուրջ քայլերի դիմենք, դուրս գանք, կռվենք, ջարդենք, փշրենք, որ հասկանան։ Էլ չենք դիմանում: Եթե վաղը նմանատիպ ակցիա լինի, ես անպայման կգնամ, բայց այսուհետ ոչ մի պետական այրի հետ չեմ հանդիպելու, իմաստ չկա: Այսքան ժամանակ էլ մասնակցել եմ, մտածելով` գնամ, տեսնեն, որ չենք մոռանում, որ գործը չքնեցնեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Անհետ կորածի մայր Կարինե Մանավազյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց. «Ես չեմ գնացել, գնամ, ի՞նչ անեմ: Ի՞նչ լսեմ: Հինգ տարի շարունակ ի՞նչ են ասում, որ հիմա ինչ ասեն: Ոչ մի սպասելիք ես անձամբ չունեմ, եթե ՄԻՊ-ից գոնե մի չնչին սպասելիք ունենայի, անպայման կմասնակցեի այդ հանդիպմանը, բայց ես գտնում եմ, որ ամեն անգամ մեզ հրավիրելով հանդիպման, մեզ անհարգալից վերաբերմունքի են արժանացնում, իսկ ես դրան արժանի չեմ: Այստեղից այնտեղ են ուղարկում ու անվերջ սուտ խոսում: Ես հոգնել եմ սրանցից: Հավանաբար, առաջիկայում ընտրություններ են, դրա համար են նորից ակտիվացել, որ ծնողներին էլ իրենց կողմը քաշեն, բայց ես անձամբ չեմ հավատում իշխանությանը, չեմ ուզում ո՛չ տեսնեմ նրանցից որեւէ մեկին, ո՛չ էլ լսեմ, համբերությանս բաժակը լցվել է»:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար