03/07/2025

Ֆրանսիան շարունակում է մնալ ԼՂ-ից տեղահանվածների և Հայաստանի կողքին, Գորիսում հյուպատոսություն կբացվի. Բարո

«Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, ինչպես նաև Հայաստանի կողքին, Գորիսում հյուպատոսություն ենք բացելու»:

Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։

«Հարկ եմ համարում նաև ընդգծել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ թե՛ մասնագետների վերապատրաստումների, թե՛ սպառազինությունների տրամադրման հարցում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը»,- նշել է նա:

«Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները երբևէ այսքան ինտենսիվ և վստահելի չեն եղել»,- հավելել է նախարարը:

«Երբ ինքնաթիռով իջնում էինք, Արարատի հայացքի ներքո մտածում էի, որ ժամանակն է, սիրելի՛ Արարատ, պատասխանել Ձեր հրավերին և այցելել Երևան։

Մեծ ուրախությամբ եմ ես այստեղ գտնվում, սա իմ առաջին այցն է»:

Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքը սկսելիս ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

«Ես եկել եմ Հայաստան՝ ևս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով, ի վերջո, հասել է համաձայնության։

Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու և վավերացնելու։ Ահա թե ինչ են սպասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Եվրոպան»,- նշել է ֆրանսիացի նախարարը։