Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը գիշերը կրակ է բացել Խոզնավար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի տներից մեկը:
Հայաստանի ՊՆ-ն հորդորել է Ադրբեջանի նախարարությանը հետաքննել միջադեպն ու տալ պարզաբանումներ: Ադրբեջանն արդեն տվել է պատասխան՝ հայտարարելով, թե կրակողների մասին Հայաստանի հայտարարությունն իբրև թե ապատեղեկատվություն է:
Ընդ որում՝ Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանն այդ ապատեղեկատվությամբ փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանն ու հող նախապատրաստել սադրանքների համար: Ադրբեջանը հերթական անգամ իր արձագանքով հուշում է, որ բացարձակապես տրամադրված չէ խաղաղության շուրջ այսպես ասած փոխադարձ «կառուցողականությամբ» խոսակցության:
Այստեղ, սակայն, առավել մտահոգիչն այն արձագանքն է, որ հնչում է Հայաստանի խորհրդարանից: Մասնավորապես, պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, մինչև 2017 թվականը ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Խաչատրյանը հայտնում է, թե ադրբեջանական կրակոցներին համարժեք պատասխանի դեպքում կարող է լինել էսկալացիա, որը հայտնի չէ, թե որտեղ կանգ կառնի:
Փաստորեն, Հայաստանի քաղաքական գլխավոր հարթակը, պետության առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական միակ կառույցի մեծամասնության ներկայացուցիչը հայտարարում է, որ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի սադրանքի և շանտաժի ներքո:
Ու նրա այս հայտարարությունը հնչում է նախօրեին Սարդարապատում վարչապետ Փաշինյանի ելույթից մեկ օր անց, որտեղ Փաշինյանը խոսում էր Հայաստանի ինքնիշխանության ու միջազգային աճող հեղինակության մասին:
Մինչդեռ ստացվում է, որ Հայաստանը մտադիր չէ «համարժեք» պատասխան տալ իր սահմանամերձ բնակավայրերի հանդեպ ոտնձգություններին, որպեսզի չլինի էսկալացիա: Չի լինում այդպիսի ինքնիշխան պետություն, և առավել ևս չի կարող այդպիսի պետությունն ունենալ հեղինակություն:
Պետության հեղինակությունը ձևավորվում է իր լայն համարժեքությամբ: Այո, Հայաստանի համար խիստ անցանկալի է որևէ նոր էսկալացիա, իրավիճակի վերահսկողության բացթողում: Բայց, եթե Հայաստանը խուսափում է համարժեքությունից, ապա դա նշանակում է, որ իրավիճակը վերահսկողը Հայաստանը չէ:
Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ արձագանք է տալու Հայաստանը, եթե Ադրբեջանը որոշի ավելացնել աստիճանը և, ըստ այդմ, մեծացնել «համարժեքության ու անհամարժեքության» միջև այսպես ասած «մարժան»:
Այստեղ բացարձակապես «ռազմա-հայրենասիրական» պաթոսի կամ ռոմանտիզմի, ու հաշվենկատության հարց չէ: Խնդիրը շատ կոնկրետ է: Եթե պետությունը գտնվում է հակառակորդի շանտաժի ու մանիպուլյացիայի ներքո, և քաղաքական բարձրագույն ինստիտուտի ներկայացուցչի շուրթերով ազդարարում այդ իրավիճակը, ապա սա առաջացնում է շատ կոնկրետ հարցեր՝ հաշվի առնելով այն, որ պետական համարժեքությունը ամենևին լոկ ատամ ընդ ատաման սկզբունքով չէ, որ արտահայտվում է ու սահմանափակվում:
Միևնույն ժամանակ, «անհամարժեքության մունետիկի» դերը ստանձնող պատգամավորները գուցե այդ դերակատարումն իրականացնեն հենց սահմանամերձ գյուղերից՝ բնակվելով այնտեղ այնքան, քանի դեռ չի հասել այն խաղաղությունը, որի հեռանկարը ազդարարում են:
Բաց մի թողեք
Ռուսաստանը քցում է Իրանին, ինչպես Հայաստանին
Ի՞նչն է խնդիրը, կամ՝ ո՞վ է խնդիրը, որ հարցը չի շարժվում տեղից, Բաքու՞ն
Ինքնորոշում. քաղաքական ազգի ֆենոմենը