Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինի կարծիքով՝ ներկայումս հայ-թուրքական երկխոսության գործընթացում սուր հարցեր չկան, որ կազդեին դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի վրա:
Չեթինը հիշեցրել է, որ 90-ական թվականներին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, բայց հանդիպել է ներքին դիմադրության, հատկապես Դաշնակցության կողմից, որ այն ժամանակ «տիրապետում էր քաղաքական և ուժային զգալի ռեսուրսների»:
Թուրք նախկին բարձրաստիճան դիվանագետը համոզված է, որ եթե հայ-ադրբեջանական կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ապա հայ-թուրքական հարաբերությունները կարճ ժամանակամիջոցում կվերականգնվեն, մենք հայերի հետ արագ կպայմանավորվենք:
Հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ստորագրման «նախապայմաններ» ներկայացնելիս՝ պաշտոնական Բաքուն վերջերս ակնարկել է Հայաստանի զինանշանով «հարևան երկրին տարածքային պահանջի առկայությունը»:
Հայաստանի քաղաքական և փորձագիտական որոշակի շրջանակների կողմից Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի այդ դիտարկումը գնահատվեց որպես «թուրք-ադրբեջանական համատեղ պահանջ»:
Թուրքիայի նախկին արտգործնախարար Չեթինի հավաստիացումը, որ հայ-թուրքական երկխոսության գործընթացում սուր հարցեր չկան, հակառակն է, կարծես, վկայում. Հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում Բաքվի և Անկարայի մոտեցումներն առնվազն նույնական չեն, Ալիևը պարզապես փորձում է սեփական ապակառուցողականությանը ներգրավել նաև Էրդողանին:
Փաստացի ստացվում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ձգձգումը չի նպաստում Թուրքիայի արտաքին քաղաքական շահերի սպասարկմանը: Ներգրավված լինելով միջազգային կարևորություն ունեցող գործընթացներում՝ ինչպիսիք են մերձավորարևելյան և ռուս-ուկրաինական կարգավորումը, Թուրքիան հասնում է վստահելի միջնորդի քաղաքական կերպարի լեգիտիմացման, ինչին, անկասկած, հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հավելյալ հիմնավորում կտար:
Ուշադրություն է գրավում, որ հայ-ադրբեջանական կարգավորման մասին խոսելիս ոչ Թուրքիայի նախագահը, ոչ արտաքին գործերի նախարարը չեն կրկնում Բաքվի նախապայմանները, եթե խոսքն անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման «անհրաժեշտության» մասին է, որի անդամ է նաև Թուրքիան:
Դրանից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե այդ և Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցում Անկարան հակադրվում է Ալիևին, բայց թուրքական կողմի ենթատեքստային հղումներից կարելի է տպավորություն ստանալ, որ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ձգձգելով՝ Ադրբեջանի նախագահը «խաղում է այլ դաշտում»:
Թուրքիայի նախագահի «լաչինյան տրիումֆից», երբ նա հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի «երկրամասն է», երկու օր անց Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն, որտեղ նրան ընդունել է փոխարտգործնախարար Վերշինինը:
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության, Ադրբեջանն այդ առթիվ պաշտոնական տեղեկատվության չի տարածել, հանդիպման ընթացքում քննարկվել է «տեղեկատվական անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցը»:
Այդուհանդերձ, ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը շեշտում է, որ երկուստեք կարևորվել է 2022 թվականի փետրվարի 22-ին դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը:
«Թարգմանաբար» դա նշանակում է, որ Մոսկվան Ալիևին հորդորում է այդ ռազմավարական նշանակության պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերից ձեռնպահ մնալ:
Ըստ երևույթին՝ Թուրքիայի արտգործնախարարի մոսկովյան այցի ընթացքում Ադրբեջանի «պրոտեկտորատի» հարցում ռուս-թուրքական համաձայնություն չի կայացել: Դա ձեռնտո՞ւ է Հայաստանին, թե՞ ոչ, բարդ է միանշանակ ասել:
Բաց մի թողեք
Էրդողանը կկանգնի տարածաշրջանը «հոշոտողների» կողքի՞ն, իսկ Իրանը կկապիտուլացվի՞
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի քանի կարևոր օբյեկտների, Իրանը սպառնում է պատասխանել․ Լուսանկար
Իրանաիսրայելական առճակատման ֆոնին ակտիվացել է իրանական վերջին միապետի որդին՝ գահաժառանգ արքայազն Ռըզա Փեհլեւին