Ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել այս երկու դասակարգերի միջեւ: Ժողովուրդը կասեր՝ սարերի տարբերություն կա նրանց խոսքում, մտածումներում եւ գործողություններում։
Մեկը քանդում է, մյուսը` կառուցում, մեկը ոչնչացնում է արժեքներ, մյուսը՝ պայքարում արժեքները պաշտպանելու ճակատում, մեկը խեղաթյուրում է պատմություն, մյուսը փորձում ամուր կանգնել պատմական ճշմարտության դիրքում: Անշուշտ՝ գնահատանքի խոսքն այսօր գործող իշխանության եւ հոգեւորականության մասին է: Անշուշտ՝ սխալներ, ունենում են բոլորը: Բայց սխալ էլ կա, սխալ՝ էլ:
Այդ ովքե՞ր են, որ չեն նկատել, թե այս իշխանությունները եկած օրվանից ինչպես են ջանում հետնախորշ մղել Եկեղեցին, նսեմացնել հոգեւորականներին՝ սկսած դպրոցական ծրագրում Հայ Եկեղեցու պատմության «փոշիացումից»։
Ո՞ր չարագործի ձեռքով ստորագրվեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչվելու մասին «դատավճիռը» եւ ո՞վ է հիմա միջազգային ատյաններում վերհանում Արցախի հոգեւոր-մշակութային եւ պատմական հուշարձանների ոչնչացման, ինչպես նաեւ արցախցիների ոտնահարված իրավունքների համար պայքարի հիմնախնդիրները։ Եկել է թացը չորից զատելու ժամանակը:
Ո՞ւմ զազրելի, փողոցային բառամթերքն էր, որ անակնկալի բերեց հասարակությանը եւ որից ցայսօր ցնցված հայությունը ուշքի չի գալիս: Բարձրաստիճան պետական պաշտոնյան ոտնահարեց, անցավ տարրական քաղաքակրթության բոլոր կարմիր գծերը՝ դրսեւորելով փողոցային խուժանին հատուկ վարքագիծ ու հոգեխանգարմունքի հասնող ջղաձգումներ։
Ո՞ւմ համար տեսանելի չէ, թե ովքեր են թշնամու կամքն ու պահանջները հնազանդորեն կատարողները եւ ովքեր՝ հանուն հայրենյաց արժանապատիվ գործողները, պետության հեղինակությունը բարձր պահողներն ու ժողովրդի բարօրության եւ անվտանգության համար հոգացողները:
Հարցադրումների շարքը կարելի է երկար շարունակել, բայց դրանից չեն պակասի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ գործող իշխանության եւ նրա արբանյակների քամահրանքն ու ատելության խոսքը:
Պետությունն ու Եկեղեցին միմյանցից անկախ եւ անջատ հաստատություններ են, պետությունն իրավունք չունի խառնվելու կրոնական կազմակերպությունների գործերին, առավելեւս՝ տնտղելու հոգեւորականների սպիտակեղենը:
Եթե նա սովոր է տուրք ու տուգանքի տեսքով անընդհատ քաղաքացիների գրպանները մտնելուն, պիտի ի վերջո հասկանա, որ դրանք տարբեր բաներ են:
Պետության ղեկավարը պետք է իրեն հաշիվ տա կատարած բոլոր քայլերում։ Արցախն աչքի գրողն է ՔՊ-ական առաջնորդի եւ «ուսապարկերի» համար, արցախցիները` նրանց ատելության չավարտվող թեման։ Եկեղեցին թիրախում հայտնվեց, երբ Արցախի կորուստը դեռ չէր մարսվել եւ հանրային կսկիծը չէր հանդարտվել:
Այլեւս այսպես չի կարող շարունակվել, բավ է զբաղվել ինքնախաբկանքով եւ ինքնախայտառակությամբ։ Բոլոր փակագծերն այլեւս բացված են, հիասթափությունը` մեծ, ապազգային այս իշխանության հեռացումը՝ օրախնդիր: Պետք է ճանապարհ բացել նոր, ազգային ուժերի, ազգային օրակարգերի առջեւ, եթե ուզում ենք չկորցնել մեր անկախ պետականության վերջին փշրանքները:
Նատաշա Պողոսյան
Բաց մի թողեք
Որպեսզի Աստանան չարդարացնի «թյուրքական ռազմավարության» հարցում ակտիվ աջակցության Էրդողանի ակնկալիքը
Ինչ է կատարվում հայ – վրացական հարաբերություններում՝ բացասական է
Թեհրանը բարձրաձայն դիրքորոշում կարտահայտի՞ «ակնկալիքների» մասին