24/06/2025

Հայաստանին կհաջողվի խուսափել վտանգից ու մնալ Հանրապետություն

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լատվիայի հանրությանը և քաղաքական շրջանակներին անվանել է «ռուսատյաց»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այդպես է մեկնաբանել Լատվիայի պետական անվտանգության ծառայության կողմից Սեյմի պատգամավոր, «Կայունություն» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Ռոսլիկովի դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը:

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները գրել էին, որ Ռոսլիկովին «խորհրդարանից արտաքսել են ռուսերեն ելույթ ունենալու համար»:

Պեսկովը Ռոսլիկովի դեմ քրեական գործի հարուցումն անվանել է «չափազանց վտանգավոր միտում»: Նրա գնահատմամբ՝ Լատվիայում «ռուսատյացությունը բառացիորեն մթագնում է առողջ միտքը»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, ընդ որում, ընդհանրացրել է. «Նման երկրներն ինքնին վտանգավոր են»:

Հունիսի 10-ին Պեսկովը խոսել է Ռուսաստանի հետ սահմանակից՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղաբաշխելու Ռուսաստանի իրավունքից, իսկ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Մեդինսկին շատ պարզորոշ ասել է, որ եթե Կիևը չընդունի «խաղաղության պայմանները», ապա Մոսկվան պատերազմը կշարունակի այնքան, որքան հարկ կլինի:

Պեսկովի ընդհանրացումը, որ «նման երկրներն ինքնին վտանգավոր են», ամենայն հավանականությամբ, վերաբերում է Մերձբալթիկայի երեք հանրապետություններին, Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքի պետություններին:

Այդ համատեքստում ռուս-ուկրաինական պատերազմն աշխարհաքաղաքական բոլորովին այլ իմաստ և նշանակություն է ստանում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի հավատում, որ Ռուսաստանը պատերազմը կարող է տեղափոխել Եվրոպա, բայց իր լավատեսությունը հիմնավորում է նրանով, որ Մոսկվան նման ներուժ չունի, նույնիսկ Ուկրաինային հաղթել չի կարողանում:

Օրբանի այս միտքն ուշագրավ է նրանով, որ ռուսաստանյան մամուլում խոսվում է Վլադիմիր Պուտինի Հունգարիա այցի նախապատրաստության մասին: Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր դա կլինի Եվրամիության անդամ երկիր Ռուսաստանի նախագահի առաջին այցը:

Բուդապեշտում վերջերս գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողով, որ անցել է «Հունգարիան Եվրամիության և թյուրաքական աշխարհի միջև կամուրջ է» կարգախոսի ներքո:

Ռուսաստանի «Մեծ Եվրասիա» աշխարհաքաղաքական նախագիծն իրականություն չի դառնա, եթե Կենտրոնական Ասիայի երկրները «չնվաճվեն»: Իսկ այստեղ Ռուսաստանը բախվում է լրջագույն մրցակցության ուժային կենտրոնների և տարածաշրջանային դերակատարների հետ:

Հունիսի 9-ին Չինաստանի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել են Պակիստանը և Աֆղանստանը: Նույն օրը կայացել է Թուրքիայի նախագահի և Պակիստանի վարչապետի հեռախոսազրույցը:

Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկուն խորհուրդ է տվել ուկրաինական օկուպացված տարածքները չհամեմատել «Ղարաբաղի հետ»:

Ըստ էության, դա Իլհամ Ալիևի ուղղակի պատասխանն է Վլադիմիր Պուտինին և նշանակում է մի բան՝ ղարաբաղյան երկրորդ և ռուս-ուկրաինական պատերազմի միջև զուգահեռներ չկան:

Ռուսաստանն, այսպիսով, խնդիրներ է անոնսավորում Մերձբալթիկայի, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրների, նաև՝ Ադրբեջանի հետ: Գրեթե ակնհայտ է, որ անգամ Կիևին «ծնկի բերելուց» հետո Պուտինին չի հաջողվի պոստխորհրդային տարածքի խաղաղ ինտեգրացիա իրականացնել:

Այս իրավիճակն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ներքաղաքական խմորումներին: Խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց էլ պակաս ժամանակ: Այն ուժերը և շրջանակները, որ համախմբվում են «Ընդմիշտ Ռուսաստանի հետ» ավանդական կարգախոսի շուրջ, պետք է հաշվի առնեն, որ հետխորհրդային տարածքի ռուսաստանյան «ինտեգրումը» ենթադրում է նոր հակամարտություններ և տարածաշրջանային պատերազմներ:

Հնարավո՞ր է Հայաստանը զերծ պահել կոնֆրոնտացիոն դաշտում ներգրավվելու սպառնալիքից: