Լեւոն 14-րդ Սրբազան քահանայապետի կադրային առաջին նշանակումներն արժանի են ուշադրության։ Նա մեծ զգուշավորություն է ցուցաբերում։
Խոսքն այս դեպքում «ռեգիոնալ» նշանակումների մասին է, որոնք համաձայնեցված են եղել դեռ հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի օրոք, եւ որոնցով անմիջականորեն զբաղվում էր ներկայիս Պապը՝ եպիսկոպոսների հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ ղեկավարել է Սուրբ Աթոռի կադրային նշանակումների բաժինը։
Եվ այն, որ Լեւոն 14-րդը հաստատել է այդ նշանակումները, վկայում է այն մասին, որ Վատիկանի քաղաքական գիծը նախորդ Պապի կադրային քաղաքականությունից մեծ շեղում չի ունենա, ավելին՝ գուցե ամբողջությամբ մնա նույնը։
Միաժամանակ, ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մակարկինը, կան որոշ նյուանսներ։ Եպիսկոպոս Ջոզեֆ Լին Յունթուանը նշանակվել է օգնական եպիսկոպոս՝ Չինաստանի Ֆուչժոուի թեմում։ Չինաստանում, ինչպես հայտնի է, գոյություն ունի պետության կողմից պաշտոնապես ճանաչված, իրականում՝ նրա կողմից ստեղծված եւ վերահսկվող Չինական կաթոլիկ հայրենասիրական ընկերակցություն։ Դրան զուգահեռ, գործում են նաեւ կաթոլիկ համայնքներ՝ հիմնականում ընդհատակում։ Ֆրանցիսկոս պապի օրոք Վատիկանը մեղմեց իր վերաբերմունքը «հայրենասեր» կաթոլիկների հանդեպ՝ ընդառաջ գնալով Պեկինին։
Այդ փոփոխության գլխավոր հեղինակը պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինն էր, որը հիմա էլ է այդ պաշտոնը զբաղեցնում։ 2018 թվականին Չինաստանի եւ Վատիկանի միջեւ կնքվեց համաձայնագիր, որի գործողության ժամկետը երկարաձգվեց 2024 թվականին։ Այդ ընթացքում ձեւավորվեց պրակտիկա, որի համաձայն, չինական իշխանությունները փաստացի որոշում էին, թե ովքեր են լինելու Չինաստանում պաշտոնավարելիք նոր եպիսկոպոսները, իսկ Վատիկանը պաշտոնապես հաստատում էր։ Պահպանողական կաթոլիկները դեռ այն ժամանակ քննադատեցին Ֆրանցիսկոս պապին եւ կարդինալ Պարոլինին այն բանի համար, որ նման զիջման են գնում Պեկինին։
Լեւոն 14-րդն էլ նույն կուրսով է շարունակում։ Սակայն այս անգամ Պեկինն էլ իր հերթին է մի փոքր զիջման գնացել։ Բանն այն է, որ եպիսկոպոս Ջոզեֆ Լին Յունթուանն ի սկզբանե եղել է «ընդհատակյա» եպիսկոպոս, որ ձեռնադրվել է դեռ 17 թվին, սակայն այն ժամանակ պաշտոնապես չի նշանակվել։ Ավելին, Ֆուչժոուի «ընդհատակյա» արքեպիսկոպոս է դարձել Պիտեր Լին Ծյաշանը, սակայն Պեկինը նրա վավերականությունը ճանաչել է միայն 2020 թվականին, այսինքն՝ վերոնշյալ համաձայնագրի կնքումից հետո։ 2023-ին նա, արդեն գտնվելով ծեր տարիքում, մահանում է, եւ 25-ի հունվարին այդ թեմի վրա նոր արքեպիսկոպոս է դառնում Ջոզեֆ Ցայ Բինժույը, որն արդեն «հայրենասեր» կաթոլիկներից էր եւ լավ հարաբերություններ ուներ չինական իշխանությունների հետ։ Նա էլ համոզել է, որ «ընդհատակյա» եպիսկոպոսը նշանակվի պաշտոնապես ու այնպիսի պաշտոն ստանա, որ երկրի անվտանգությունը որեւէ կերպ չվնասվի։ Միայն այն բանից հետո, երբ Սուրբ Աթոռը լիովին վստահ է լինում, որ Պեկինի կողմից խնդիրներ չեն լինի, կատարում է այդ նշանակումը։ Պեկինն էլ համաձայնում է։ Կանոններից մի փոքր շեղում, իհարկե, լինում է, բայց միայն այս դեպքի համար, եւ դա նախադեպային դժվար թե հնարավոր լինի համարել։ Պետությունը շարունակում է իր ամբողջական հսկողությունը կաթոլիկ համայնքների հանդեպ։ Կա նաեւ մեկ այլ նրբություն։ Ֆուչժոուի կաթոլիկները սովոր են, որ իրենց ղեկավարում է «ընդհատակյա» արքեպիսկոպոսը։ Ու հիմա, երբ ղեկավարը «հայրենասերների» ճամբարից է, «ընդհատակյա» օգնական եպիսկոպոսի նշանակումով, ըստ էության, փորձ է արվում կոմպենսացնել պատճառվելիք դիսկոմֆորտը։
Մեկ այլ ուշագրավ նշանակում էլ կապված է Միացյալ Նահանգների հետ։ Լեւոն 14-րդը Լուիզիանա նահանգի Խումա-Թիբոդոյի թեմի վրա եպիսկոպոս է նշանակել մոնսինյոր Սայմոն Պիտեր էնտուրիանթին։ Նա ուգանդացի է, ողջ կյանքում ծառայություն է իրականացրել Միացյալ Նահանգներում։ Այս նշանակումը ցույց է տալիս, որ Թրամփին համախոհ Լուիզիանայում գործող կաթոլիկ թեմում առաջնորդ է նշանակվում ծագումով միգրանտ եպիսկոպոս, որն Աֆրիկայից է՝ թեկուզեւ ԱՄՆ-ում գտնվում է լիովին օրինական կերպով։ Ամերիկացի հանրապետականների համար սա կարող է թերեւս ազդակ լինել առ այն, որ «ամերիկացի Պապն» իրենց համար այնքան էլ «դյուրամարս» չի լինելու։ Ու ոչ միայն ամերիկացի հանրապետականների։
Մեկ այլ նշանակմամբ էլ՝ սարկավագուհիների դասի վերականգնման կողմնակից Շեյն Մաքինլեյը նշանակվել է Ավստրալիայի կարեւորագույն թեմերից մեկի՝ Բրիսբենի թեմի առաջնորդ՝ առաջացնելով ավանդապահների դժգոհությունը։
Բաց մի թողեք
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ
Սամվել Կարապետյանի դատական նիստը արագացրել են, որ ակցիան դատարանի մոտ չկայանա․ Լուսանկար