03/07/2025

Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա

Հունիսին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչներն այցելեն են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, որի ժամանակ նշել են, որ դա վերջին անգամն է, ու կազմակերպության ներկայացուցիչները զրկված են լինելու այցելություններ ունենալու հնարավորությունից։

Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հաստատակամ է իր երկրում Կարմիր խաչի գրասենյակը փակելու հարցում և կազմակերպչական բնույթի։

Աշխատանքները, ըստ էության, ավարտին են հասցվելու մինչև սեպտեմբեր, և կանխատեսվում է, որ մինչև սեպտեմբեր Կարմիր խաչի գործունեությունը ողջ ծավալով դադարեցվելու է։

«Սա լուրջ ահազանգ է այն առումով, որ հայերը գտնվում են ամբողջական մեկուսացվածության պայմաններում, արտաքին աշխարհի անկախ մասնագետների, փորձագետների հետ նրանց շփումները սահմանափակված են։ Բացառապես ադրբեջանական ծառայողներ են շփում ունենալու հայ պատանդների հետ»,- բարձրաձայնեց իր մտահոգությունը Սահակյանը։

Նա նշեց, որ օտարերկրյա փաստաբանների մուտքը ևս արգելափակված է։ Ավելին՝ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել հայ գերիների կեղծ դատավարությանը միջազգային իրավապաշտպանների ու լրագրողների մուտքը:

Հիշեցնենք, որ այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թիվը 23 է: