Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, չցանկանալով բացահայտ սրել հարաբերությունները Բաքվի հետ, փաստացիորեն նախազգուշացնում է իր քաղաքացիներին՝ խուսափելով, սակայն, պաշտոնական ճանապարհորդական զգուշացման հրապարակումից։
Մարիա Զախարովան հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում ասաց, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պատրաստվում են մեկնել այնտեղ, պետք է «ուշադիր հաշվի առնեն ներկայիս իրավիճակը»։
Այս ձևակերպումը դիվանագիտական շրջանակներում հաճախ մեկնաբանվում է որպես փափուկ նախազգուշացում, որը ենթադրում է զգուշություն՝ առանց քաղաքական լարվածություն հրահրելու։ Զախարովան նաև նշեց, որ ռուսաստանցի քաղաքացիների մի շարք հարազատներ արդեն դիմել են Մոսկվային՝ այն բանից հետո, երբ ճանաչել են իրենց հարազատներին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած ձերբակալությունների տեսանյութերում։
ՌԴ դեսպանությունը Բաքվում արդեն ստացել է 11 նման հաղորդում, և կապի մեջ է այդ քաղաքացիների հարազատների հետ։ Զախարովան ընդգծեց, որ դեսպանությունը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ և պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։
Ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ Սաբաիլի դատարանը նախնական կալանքի որոշում է կայացրել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիների նկատմամբ։ Նրանց մեղադրում են թմրամիջոցների Իրանից տարանցման, ինտերնետային վաճառքի և կիբեռհանցագործության մեջ։
Չնայած մեղադրանքներին՝ Մոսկվան ակնհայտորեն փորձում է խուսափել իրավիճակը քաղաքական մակարդակի հասցնելուց։ Պաշտոնական նախազգուշացման բացակայությունը հստակ ուղերձ է՝ Մոսկվան չի ցանկանում նոր ճգնաժամ Բաքվի հետ հարաբերություններում, սակայն միևնույն ժամանակ փորձում է հանրությանը տեղեկացնել վտանգների մասին՝ «փափուկ լեզվով»։
Այս ամենը տեղի է ունենում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին, մասնավորապես՝ երբ ակնհայտ է դառնում, որ Բաքվում ձերբակալված ռուսաստանցիներից շատերը հնարավոր է՝ տեխնոլոգիական ոլորտի աշխատողներ են, որոնք տեղափոխվել էին տարածաշրջան՝ Ուկրաինայի պատերազմից հետո։
Բաց մի թողեք
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում
Մոսկվան Բաքվի արցունքներին ու խոսքերին չի հավատում, բայց միշտ խաբվում է տեղին