07/05/2026

EU – Armenia

«Բաքվում Մոսկվայի աչքը և ականջը». Մեհթիևը «լիովին ունեզրկվել է»

Turkiye թերթը գրում է, որ պատմական քայլին նախապատրաստությունն ավարտված է, PKK-ի ռազմականացված խմբավորումների «զինաթափումը կավարտվի աշնանը»:

Գործընթացը տեղի կունենա իրաքյան Սուլեյմանիեում, հնարավոր «ահաբեկչությունները կանխելու բոլոր միջոցառումները ձեռնարկված են, ամեն ինչ տեղի կունենա Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընի անձնական հսկողության ներքո»:

Ընդ որում՝ Թուրքիան թույլ չի տա, որպեսզի «գեթ մեկ հրացան տեղափոխվի այլ երկիր, զենքը և զինամթերքը կոչնչացվեն տեղում»: Սա, իհարկե, պաշտոնական տեղեկություն չէ: Իրականում ի՞նչ տեղի կունենա կամ առհասարակ տեղի՞ կունենա՝ ոչ ոք վստահաբար պնդել չի կարող:

Թուրքական աղբյուրները շարունակում են պնդել, որ Իսրայելը հովանավորում է Սիրիայի հյուսիս-արեւելյան քրդական ինքնավարությանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է այդ տեղաշրջանից դուրս բերել ամերիկյան սահմանափակ զորախումբը:

Քրդական ռազմականացված խմբավորումների զինաթափման մասին տեղեկատվության ֆոնին ընդգծվում է օկուպացված Ստեփանակերտ Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին ընդառաջ Բաքվում տեղի ունեցած մի նշանակալի իրադարձություն, որի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

Ըստ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրների՝ Իլհամ Ալիևի կարգադրությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության պետ Բեյլար Էյուբովը:

Վերջինս այդ ծառայությունը գլխավորում է Հեյդար Ալիևի ժամանակներից, արժանացել է գեներալ-գնդապետի կոչման: Էյուբովը Հեյդար Ալիևի անձնական թիկնապահն է եղել, երբ վերջինս Նախիջևանի Գերագույն մաջլիսի նախագահն էր:

Ադրբեջանական աղբյուրները բազմիցս անդրադարձել են Էյուբովի էթնիկ ծագմանը և վկայել, որ նա ազգությամբ քուրդ է և Բաքվում ունի «քրդական ընդհատակ», որի ներկայացուցիչներն ազդեցիկ դիրքեր ունեն գործարար աշխարհում:

Ադրբեջանի իշխանության վերնախավում քրդերի ներկայությունը միշտ խնդիրներ է հարուցել թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Վերջին մի քանի տարիներին Իլհամ Ալիևը քրդերից մաքրել է Նախիջևանի իշխանությունը, ինչպես նաև խստորեն սահմանափակել Բաքվում նրանց ազդեցությունը:

Բեյլար Էյուբովն Ադրբեջանի իշխանության վերնախավում վերջին ազդեցիկ քուրդն էր: Նրա պաշտոնանկությունն, ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայում քրդական հարցի «վերջնական կարգավորման» հետ եթե ոչ ուղղակի, ապա առնվազն միջնորդավորված կապ ունի:

Քրդերն ավանդաբար ունեն ռուսամետ կողմնորոշման ներկայացուցիչների համարում: Այս առումով ուշագրավ է, որ, ըստ վստահելի աղբյուրների, ռուս-ադրբեջանական լարվածության համատեքստում «տնային կալանքի է ենթարկվել» Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևը, որ տասնամյակներ ի վեր համարվել է «Բաքվում Մոսկվայի աչքը և ականջը»: Մեհթիևը նաև «լիովին ունեզրկվել է»: